Երեխան ակտի՞վ է, թե՞ հիպերակտիվ․ հոգեբանը ներկայացնում է տարբերությունները

3-6տարեկան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանի հետ։

Երեխան փոթորկի պես վազվզում է այս ու այն կողմ, անընդհատ շարժվում է և չի նստում։ Բալիկի այս վարքագիծը նկատելիս ծնողները երբեմն մտածում են՝ փոքրիկը պարզապես ակտիվ է։ Սակայն նման ակտիվությունը, որը զուգորդվում է այլ բաղադրիչների հետ, փաստացի կարող է վկայել հիպերակտիվության մասին։ Եվ այստեղ ամենից կարևորն է իմանալ՝ ի՞նչ է հիպերակտիվությունը, և ո՞վ է հիպերակտիվ երեխան։

Հիպերակտիվությունը բալիկների մոտ արտահայտվում է տարիքային զարգացման անհամապատասխանությամբ։  Փոքրիկին բնորոշ են լինում  ուշադրության պակասը, իմպուլսիվությունը և գերշարժունակությունը։ Հիպերակտիվության ծագման առաջնային պատճառներ են հանդիսանում ծննդաբերությանն առնչվող պաթոլոգիաները, պրենատալ շրջանում դիտվող տարբեր երևույթները, ինֆեկցիաները, ժառանգական գործոնը։  Հիպերակտիվ երեխան, որպես կանոն, դժվարանում է կենտրոնացնել ուշադրությունը, չի կարողանում կառավարել սեփական վարքը, հանգիստ նստել, լինում է  նորմայից զգայուն։ Փոքրիկը կարող է լինել ցրված, չլսել ծնողի հրահանգները, չենթարկվել կանոններին, չցանկանալ սկսած աշխատանքն ավարտին հասցնել, շատ արագ հոգնել ու հիասթափվել։ Բալիկն այդպիսին է լինում բոլոր սոցիալական միջավայրերում՝ ուսումնական հաստատությունում, բակում, տանը։ Ուստի ծագում են դժվարություններ հատկապես դասապրոցեսի հետ կապված։ Շատ հնարավոր է՝ ուրիշ մարդիկ, չհասկանալով իրական պատճառը, պիտակավորեն երեխային և մեկնաբանեն, որ նրա դաստիարակության հարցում կան բաղթողումներ։  Տարիքին զուգընթաց հիպերակտիվությունը կարող է նահանջել, բայց ընթացքում անհրաժեշտ է ցուցաբերել հստակ մոտեցում ու ձեռնարկել քայլեր, որոնք կօգնեն երեխային ազատվել առկա վարքային շեղումներից։  

 

Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է աջակցեն հիպերակտիվ երեխային

 

Հիպերակտիվ փոքրիկներն առավելապես կարիք ունեն ուշադրության և մասնագետների, որովհետև նրանք փորձում են ինչ-որ գործողություններ կատարել, լսել ու ենթարկվել, սակայն մարմինը և հոգեբանությունն այլ ձևով են արձագանքում։ Խնդիրը լուծելու համար պետք է հոգեբանի և  բժշկի համատեղ աշխատանք, քանի որ հաճախ ֆիզիոլոգիական մակարդակում նկատվում են խնդիրներ, օրինակ՝ վնասված է լինում նյարդային համակարգը, գլխուղեղի որոշ կենտրոններ։ Հոգեբանական աշխատանքի ժամանակ գործարկվում են մեթոդներ, որոնք կօգնեն բալիկին կենտրոնանալ, զգալ իր հույզերը և ապրումները, տեսնել ու գնահատել իրական աշխարհում յուրաքանչյուր մանրուք, որը նկատում է և որն իրեն ուրախություն է հաղորդում։ Հիպերակտիվ երեխաներին պետք է լսել, չշտապեցնել, չասել՝ « չես հասկանում», «չես կարողանում ճիշտ անել», «ընկերներիդ մոտ ստացվում է, քեզ մոտ՝ ոչ»։ Բացառում ենք ցանկացած տիպի համեմատություն, որովհետև ամեն երեխայի հոգեբանական ու ֆիզիոլոգիական զարգացումն առանձնահատուկ է։ Չենք ստիպում անել այն, ինչը չի ցանկանում, փոխարենն օգնում ենք պլանավորել առօրյան, կառավարելի դարձնել գործողությունները։ Անպայման զրուցում ենք փոքրիկի ծնողների ու հարազատների հետ, որպեսզի համբերատար գտնվեն, և մանկավարժների, որպեսզի գիտակցեն իրավիճակն ու ներգրավեն բալիկին դասապրոցեսի մեջ։ Գլխավորը՝ ընդունել երեխային այնպիսին, ինչպիսին կա, մի կողմ թողնել կարծրատիպերը։ Միայն համառ և երկարատև աշխատանքի դեպքում է հնարավոր հասնել լավ արդյունքի։