Ինչպե՞ս երեխային ասել «ոչ»․ հոգեբանի խորհուրդները՝ ծնողներին

3-6տարեկան

Երեխան խնդրում է իրեն տալ գազավորված ըմպելիք, իսկ մայրիկը մերժում է, ինչին ի պատասխան՝ փոքրիկն ըմբոստանում է, նեղանում ու լաց լինում: Ծնողները հաճախ կարող են «կոտրվել» նման պահերին և իրենց «ոչ»-ը դարձնել «այո»:

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան, անդրադառնալով վերը նկարագրված իրադրությանը, նշում է՝ պետք է հաստատակամ լինել որոշումներում, որպեսզի երեխայի համար հետագայում լսելի լինեն ծնողի արդարացի պահանջն ու ցանկությունը:

Եթե մայրիկը բարկանալով ասի նրան՝ «ամեն անգամ նույն խոսակցությունն ես բաց անում ու ինքնագլուխ մոտենում սառնարանին, այլևս չտեսնեմ», ապա, միևնույն է, երեխան շարունակելու է ցանկանալ դա և թաքուն օգտվել սառնարանի պարունակությունից: Բալիկին մերժելուց հետո ցանկալի է բացատրել պատճառներն ու այլընտրանք առաջարկել: Այսպես՝ «գազավորված ըմպելիքները վնասակար են, դու կարող ես ընտրել քո սիրելի մրգերն, ու միասին հյութ կքամենք»: Եթե ծնողներն ուզում են, որ երեխան հնարավորինս առողջ սնվի, ապա պետք է հստակ պատկերացնեն, որ իրենք էլ են փոփոխությունների գնալու` գրեթե բացառելով անառողջ սնունդն իրենց առօրյայից: Այսպիսով, սկզբում անհրաժեշտ է հասկանալ խնդրի էությունը և գնահատել իրավիճակը, չխոսել կոպիտ կամ կատակի տոնով, այլ չեզոք, ապա գտնել խելամիտ լուծում:

«Որոշ դեպքերում ծնողը ձգտում է «ոչ»-ը դարձնել դաստիարակման մեթոդ: Դրա հիմքերը երերուն են, ոչ միշտ պահպանվող, ինչն արժեզրկում է խոսքը: Խոսքն արժեզրկվում է նաև այն պարագայում, երբ մայրիկը բացասաբար է արձագանքում, իսկ ընտանիքի մյուս անդամները՝ դրական:   Հարկավոր է խոսել նրանց հետ, որպեսզի մայրիկի «ոչ»-ը նրանց մոտ չձևափոխվի «այո»-ի:  Այդպես երեխան լուրջ չի ընդունի իր առջև դրվող սահմանափակումները»,- ասում է հոգեբանը: Նա շեշտում է՝ ծնողները երբեմն էլ «ոչ»-ը փոխարինում են «ոչ հիմա» արտահայտությամբ: Բայց փոքրիկի համար կարևոր է իմանալ, թե երբ է այդ «ոչ հիմա»-ն:

Անհրաժեշտ է, որ ծնողն անձամբ գիտակցի՝ ինչու է արգելում այս կամ այն գործողությունը, հակառակ դեպքում բալիկը նույնպես կկասկածի նրա ասածներին: Եթե բալիկին բացատրում ենք, բայց նա բացասական արձագանքից հետո էլ իր մոտեցումը չի փոխում, պետք չէ շտապել և ընդունել պարտությունը:  Նա աճող, զարգացող և բնականոն պրոգրես ապրող էակ է, որը ճկուն է, հեշտ ադապտացող նոր, փոփոխվող պայմաններին ու ծնողավարման եղանակներին: Պետք է հասկանալ՝ ի՞նչ սպասելիքներ ունենք, և արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը, տալի՞ս ենք երեխային ժամանակ ու գնահատու՞մ ենք երեխայի ջանքերը: