Ինչու՞ են երեխաները ստում, և ո՞ր դեպքում ինչ պետք է անեն ծնողները

3-6տարեկան

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը

Ցավոք, բոլոր ծնողները վաղ, թե ուշ բախվում են երեխաների ստին:

Բռնելով ամենաանկեղծ և ազնիվ երեխային սուտ խոսելիս՝ մեծահասակների մեծամասնությունն անզգայանում և ապշում է: Նրանք սկսում են մտածել, որ դա կարող է դառնալ սովորություն և անգամ վտանգավոր: Սակայն պետք չէ միանգամից ընկնել նման մտորումների գիրկը:

Մոտավորապես չորս տարեկան գրեթե յուրաքանչյուր երեխա երբեմն ստուգում է որոշ մանրուքներ, քանի որ այդ տարիքում նա դեռ լիարժեք չի գիտակցում լավի և վատի տարբերությունները: Նման վարքը համարվում է երեխայի զարգացման բաղկացուցիչներից մեկը: Երեխաների հորինվածքները հանդիսանում են տրամաբանական և հասուն ձևեր մեծահասակների վրա ազդելու համար, դրանք փոխարինում են մանկահասակին հատուկ հուզական ճնշմանը, այնպիսին, ինչպիսին է լացը  կամ աղերսանքը: Տարիքի հետ երեխաներն ունենում են ավելի շատ պատճառ խաբելու համար: Ի՞նչ անել նման դեպքերում, ինչպե՞ս թույլ չտալ երեխային դառնալ ստախոս: Դրա համար, նախ, պետք է պարզել, թե ինչու են երեխաները ստում  և միայն դրանից հետո ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել:

 

Սուտ՝ վախի պատճառով

Մեծամասամբ երեխաները ստում են պատժվելու վախից: Ինչ-որ արարք թույլ տալուց հետո երեխայի առաջ գալիս է ընտրություն՝ ասել ճիշտն ու պատժվել կամ ասել սուտ և փրկվել:

Ընդ որում, երեխան կարող է հասկանալ, որ սուտ խոսելը վատ է, բայց վախի պատճառով տվյալ դիրքորոշումը նրա համար դառնում է երկրորդական: Նման դեպքերում պետք է երեխային հասցնել այն միտքը, որ պատիժը կլինի հենց ստի համար: Փորձեք բացատրել, թե ինչու է ստելը վատ և ինչ հետևանքներ այն  կարող է ունենալ, կարելի է նույնիսկ պատմել ինչ-որ ուսումնական պատմություն ստի մասին:

Հիշե՛ք՝ սուտը, որի պատճառը վախն է, խոսում է ծնողի և երեխայի միջև փոխհասկացման և վստահության կորստի մասին: Հնարավոր է՝  ձեր պահանջները երեխայի նկատմամբ շատ բարձր են, և դուք քննադատում եք նրան այն ժամանակ, երբ նրան պետք է ձեր աջակցությունը: 

 

Սուտը՝ որպես պրովոկացիա

Երբեմն երեխաների սուտը կարող է կրել պրովոկացիոն բնույթ: Երեխան ստում է ծնողներին, որպեսզի ինչ-որ կերպ իրեն ուշադրություն դարձնեն: Հիմնականում նման բան լինում է այն ընտանիքներում, որտեղ մեծերը վիճում են կամ ապրում առանձին: Ստի միջոցով երեխան արտահայտում է իր միայնակությունը, հուսահատությունը, սիրո և հոգատարության պակասը: 

 

Սուտ՝ շահի համար

Այս դեպքում սուտը կարող է ունենալ տարբեր ուղղություններ: Օրինակ՝ երեխան ասում է, որ ունի վատ ինքնազգացողություն, որպեսզի մնա տանը կամ պատմում է հորինված ձեռքբերումների մասին, որպեսզի ծնողները գովեն իրեն: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքերում երեխան ստում է իր համար ցանկալի արդյունքի հասնելու համար: Միայն թե առաջին դեպքում նա փորձում է մանիպուլիացիայի ենթարկել մեծահասակին: Երկրորդ դեպքում երեխայի ստի մեղավորները հենց ծնողներն են, ովքեր ժլատ են երեխային գովելու, հավանություն տալու հարցում: Նման ծնողներն իրենց երեխաներից սպասում են ավելին, բայց երեխաները չեն կարողանում բավարարել նրանց սպասելիքները: Այդ ժամանակ նրանք սկսում են հորինել հաջողություններ մեծահասակի բարի հայացքին կամ գովեստին արժանանալու համար:

 

Սուտը՝ որպես նմանակում

Հարկ է նշել, որ հաճախ ստում են ոչ միայն երեխաները, այլև շատ ու շատ մեծեր: Վաղ, թե ուշ ձեր փոքրիկը դա կնկատի, հատկապես եթե դուք եք խաբում իրեն և կպատասխանի ձեզ նույն կերպ: Կմտածի՝ եթե մեծահասակին կարելի է, ինչու՞ իրեն չի կարելի: 

 

Սուտ- ֆանտազիա

Հաճախ է պատահում, երբ երեխան ստում է առանց որևէ պատճառի: Առանց պատճառի սուտը ֆանտազիա է: Երեխան կարող է պատմել, որ տեսել է բարի փերի իր սենյակում կամ հակառակը՝ վախենալու մեկին: Նման ֆանտազիաները հաճախ խոսում են երեխայի մոտ ակտիվ երևակայության և արվեստի հանդեպ հակվածության մասին: Սակայն իրականության և ֆանտազիայի միջև ճիշտ հավասարակշռություն պահելն անհրաժեշտ է:

Երեխաների ստելու դեպքերի մածամասնությունը վկայում է երեխայի և ծնողների միջև վտահության կորստի մասին: Դրա համար առաջին հերթին հարկավոր է փոխել շփման ոճը և բացառել այն բոլոր պատճառները, որոնք ստիպում են երեխային խաբել: Նման դեպքերում սուտը կանհետանա կամ կհասցվի նվազագույնի: Հակառակ դեպքում այն կամրապնդվի և հետագայում շատ խնդիրներ կառաջացնի ոչ միայն երեխայի, այլև նրան շրջապատող մարդկանց համար:

 

 

Աղբյուրը՝ 2ov.am