Pop it-ը՝ երեխայի մաթեմատիկական ունակությունները զարգացնելու միջոց․ հնարավո՞ր է

3-6տարեկան

Փոքրիկը խնդրում է ծնողներին անպայման գնել իր համար Pop it խաղալիքը, քանի որ դա ունեն իր ընկերները, մյուս երեխաները և, բնականաբար, ինքն էլ է ցանկանում ձեռք բերել․ այս իրավիճակն, անխոս, շատերին ծանոթ կլինի։

Ամենուր տարածված և բալիկների շրջանում մեծ սեր վայելող խաղալիքի մասին զանազան կարծիքներ ենք լսում՝ առավելապես արձանագրելով թերությունները։ Օրինակ՝ խաղալիքը կարող է խանգարել երեխային ինքնուրույն կառավարել հույզերը։ Այս և նման այլ նկատառումների կողքին մենք կարող ենք գտնել դրականը։ Մի կողմից մյուսը դուրս եկող սիլիկոնե «պղպջակներից» բաղկացած Pop it խաղալիքը կարելի է գործածել խելացի ձևով, այն է՝ երեխայի մաթեմատիկական ունակությունները զարգացնելու նպատակով։  Կհարցնեք՝ ինչպե՞ս։ Եթե երեխան շատ է պնդում, վերցրեք 10x10 չափերով Pop it և խաղացեք նկարագրված օգտակար խաղերը։

 

Խաղ 1 Դեպի հարյուրը

Տվյալ խաղը հրաշալի կստացվի մոտավորապես 4-7 տարեկան երեխաների դեպքում։ Եթե ունեք երկու 10x10 չափսերով Pop it, ապա երեխան կարող է խաղալ դա մեկ այլ փոքրիկի հետ, ինչն ավելի հետաքրքիր կլինի։ Խաղացողներից յուրաքանչյուրը վերցնում է երկու զառ և հերթականությամբ գցում։ Ինչ թվեր ցույց տան զառերը, այդքան էլ «պղպջակ» պետք է սեղմի երեխան իր խաղալիքի վրա։ Այս եղանակով ով առաջինը հասնի հարյուրին ու պայթեցնի բոլոր «պղպջակները», նա կդառնա հաղթող։ Կարելի է նաև երկուսի փոխարեն մեկ զառ օգտագործել խաղը երկարացնելու համար։ Հաշվի ենք առնում այն, թե քանի կողմից բաղկացած զառ ենք ընտրել ի սկզբանե՝ 6, թե՞ 12։       

 

Խաղ 2 Գումարման գործողություն

Գցեք 12 կողմից բաղկացած զառ։ Տեսեք, թե ինչ թիվ է ցույց տալիս և մտածեք՝ որ թվերի գումարման միջոցով կարելի է այն ստանալ։ Օրինակ՝ եթե ցույց է տվել 9, ապա խաղալիքի առաջին շարքից պայթեցնում ենք 4 պղպջակ, իսկ երկրորդ շարքից՝ 5։ Երեխան թող ձեռքի տակ ունենա թուղթ և մատիտ՝ կատարվող մաթեմատիկական գործողությունները գրանցելու համար։       

          

Խաղ 3 Սեղմում ենք և հանում

Հաշվել սովորելու հրաշալի մեկ այլ տարբերակ էլ ենք առաջարկում։ Երեխային կարող եք ուղղորդել՝ սեղմել 15 պղպջակ, ապա դրանցից 7-ը հակառակ կողմից նորից սեղմել ու բերել նախնական դիրքին։ Տեսնենք՝ քանիսը մնացին նախկին վիճակում։ Մենք գիտենք, որ պատասխանը 8-ն է, սակայն դա պետք է ընկալի երեխան։         

 

Խաղ 4 10 ստանալու տարբերակներ

Սկզբում  խաղալիքի յուրաքանչյուր շարքից պետք է պղպջակներ պայթեցնենք։ Օրինակ՝ առաջին շարքից մեկ, երկրորդից՝ երկու, երրորդից՝ երեք և այդպես շարունակ։ Կարելի է նաև խառը հերթականությամբ։ Հաջորդիվ երեխային  խնդրում ենք նայել, թղթի վրա գրի առնել խաղալիքի միջոցով 10 ստանալու տարբերակներ։ Այսպես՝ առաջին շարքից 1 պղպջակ, իններորդ շարքից՝ 9, ստացվում է՝ 1+9=10։ 

 

Խաղ 5 Որոշում ենք կարգը՝ թվանշանի տեղը թվի դիրքային գրառման մեջ 

Քանի որ մաթեմատիկական լեզվով մի փոքր բարդ է հնչում, տվեք երեխային թիվ ու ասեք, որ Pop it-ի միջոցով ստանա այն։ Օրինակ՝ 47-ի համար կպահանջվի պղպջակների 4 շարք պայթեցնել, իսկ հինգերորդ շարքից ևս 7-ը։ Այսինքն՝ 47=4x10+7x1, 4-ը ներկայացնում է տասնյակների քանակը, 7-ը՝ միավորների։   

 

Խաղ 6 Բազմապատկում

Մեր մաթեմատիկական խնդիրը 4-ը 3-ով բազմապատկելն է։ Առանձնացնում ենք 4 շարք և յուրաքանչյուրում սեղմում երեք պղպջակ: Անչափ դյուրին է, տպավորիչ, և չպետք է մոռանալ մարկերներով գրառումներ անելու մասին։   

 

Խաղ 7 100-ին պետք է հասնել շատ արագ

Այս խաղը նման է առաջինին, բայց շեշտն ավելի շատ դրվում է արագության վրա, քան մաթեմատիկայի: Ամեն դեպքում զվարճալի է: Երեխաները պետք է վերցնեն զառեր։  Առաջին խաղացողն այնքան է գցում զառը, մինչև ցույց տա 6 թիվը, ապա սկսում է արագ-արագ սեղմել իր խաղալիքի պղպջակները։ Այդ ընթացքում երկրորդ խաղացողն է գլորում զառը՝ 6 ստանալու համար։ Ստանալուն պես սկսում է իր խաղալիքի պղպջակները սեղմել։ Առաջին խաղացողն արդեն դադարեցնում է պայթեցնելու գործողությունն ու կրկին անցում կատարում զառով 6-ը ստանալու գործողությանը։ Խաղում ենք ու հասկանում, թե ով ավելի արագ կգտնվի ու կհաղթի՝ պայթեցնելով բոլոր պղպջակները։  

 

Աղբյուրը՝  frugalfun4boys.com