Երեխան և դպրոցը․ ի՞նչ պետք է անի ու չանի ծնողը, որ երեխան սիրով գնա դպրոց՝ առաջին դասարան

3-6տարեկան

Բալիկն արդեն վեց տարեկան է դառնում, և ծնողները պատրաստվում են նրան դպրոց տանել: Սա միանշանակ ոգևորություն բերող ուրախալի պահ է, քանի որ երեխան սկսում է իր առաջին քայլերը մեծ աշխարհում:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ այն երեխաները, որոնք մինչ դպրոց գնալը հաճախել են մանկապարտեզ, նախակրթարան, նրանց համար նոր միջավայրին հարմարվելն ավելի հեշտ կարող է լինել, քան այն երեխաների, որոնց համար դպրոցն առաջին հաստատությունն է: Իհարկե, պետք է հաշվի առնել անձի առանձնահատկությունները, ընտանիքի մոտեցումները, որոնք ուղղակիորեն անդրադառնում են երեխայի՝ դպրոցին հարմարվելուն: Հոգեբանը նշում է, որ ամենակարևոր պայմանն է բացառել ընտանիքի կողմից որևէ տագնապային մոտեցումը, համեմատումներն այլ երեխաների հետ կամ ժամանակից շուտ արտահայտելը երեխայից ունեցած սպասումները:

«Փոքրիկին պետք է նախապատրաստել դպրոցին, ինչպես նաև այն ամենին, ինչն իր հետ տեղի է ունենալու: Պետք է բացառել նաև դպրոցի հետ կապված անորոշությունը, որը երեխայի տագնապի պատճառ կհանդիսանա: Հարկավոր է խոսել դպրոցի մասին հանգիստ տոնով, ներկայացնել այն որպես կյանքի մի փուլ, որում փոքրիկը կրթվում է, դառնում ավելի պատասխանատու: Երեխան սկզբնական շրջանում կարող է շուտ հոգնել, չկենտրոնացնել ուշադրությունը, քանի որ դեռ դուրս չի եկել խաղալու փուլից: Դա պետք է հաշվի առնի և՛ ծնողը, և՛ ուսուցիչը»,- ասում է հոգեբանը: Տվյալ շրջանում էականը ծնողի համբերատարությունն է, երեխային սովորեցնելը, բայց ոչ երբեք նրա փոխարեն սովորելը: Անհրաժեշտ է երեխայի մոտ ձևավորել մոտիվացիա սովորելու հանդեպ, ինքնուրույնություն և պատասխանատվություն, օրինակ՝ եթե դասը չի ավարտել, ապա ծնողը երեխայի փոխարեն չավարտի:

Հատկապես դպրոց հաճախելու սկզբնական փուլում պետք է ճիշտ կազմակերպել երեխայի օրվա ռեժիմը, չծանրաբեռնել տարաբնույթ պարապմունքներով, որի արդյունքում երեխայի մոտ կարող է առաջանալ դիմադրություն, չկենտրոնանա դասերի վրա, քանի որ նրան «զրկել» են խաղալու իրավունքից: Պետք է պահպանել չափավորության սկզբունքը թե՛ հանգստի, թե՛ ծանրաբեռնվածության առումով, ինչպես նաև չբարկանալ ու չբղավել: Բղավոցը կարող է ծնողի համար լինել դաստիարակության մեթոդ, որտեղ հենց ինքը ծնողը կհասնի իր ուզածին, սակայն երեխայի համար դա աստիճանաբար կդառնա սովորական: Ի՞նչ անել այդ դեպքում, անցնել ծեծի՞: Անշուշտ` ո՛չ: Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կարևոր է, որ ի դեմս ծնողի` երեխան տեսնի հավասարակշիռ, կայացած, լիարժեք և երջանիկ մարդու, այլ ոչ «իդեալական ծնողի», ինչին ձգտում է մայրը կամ հայրը:

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան