Երբ վիճում են հայրիկն ու մայրիկը․ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ընտանեկան վեճերը երեխայի վրա - մաս 1

3-6տարեկան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

 

Մշտապես լարված ներընտանեկան մթնոլորտն ինչպիսի՞ ազդեցություն կարող է գործել երեխայի հոգեբանության վրա։ 

Ընտանիքում պարբերաբական բնույթ կրող վեճերի պատճառները կարող են լինել բազմազան՝ սեռական հարաբերություններում առկա խնդիրներ, չարդարացված սպասումներ, խուսափումը պատասխանատվությունից, սոցիալ-տնտեսական պայմաններ, դաստիարակության գործընթացի մեջ առկա ծայրահեղ մոտեցումներ և այլն։ Երբ ծնողները տվյալ հարցերը չեն կարողանում ժամանակին լուծել, իրավիճակը վեր է ածվում կոնֆլիկտային, կրկնվող փակ շղթայի, կարող են կիրառվել հոգեբանական և ֆիզիկական բռնություն։ Այս ամենը վկայում է մեծահասակների՝ կոնֆլիկտները գրագետ լուծելու  հմտությունների պակասի մասին։ Յուրաքանչյուր անձ՝ հատկապես անչափահասը, ապրելով այս միջավայրում, կարող է գերապրումներ ունենալ, տրավմատիկ կենսափորձ ձեռք բերել, ձևավորել անվստահություն աշխարհի հանդեպ, զոհի կամ ագրեսորի հոգեբանություն։

 

Մասնավորապես հայրիկի և մայրիկի փոխհարաբերություններն ի՞նչ կերպ են ազդում երեխայի վերաբերմունքի, պահվածքի և մոտեցումների վրա։

Ցանկացած կոնֆլիկտ երեխան կարող է ընկալել որպես սիրո բացակայություն, անգամ օբյեկտիվ քննադատությունը կամ սխալ վարքագծի մատնանշումը՝ ուղղված իր հասցեին։ Հետևաբար ծնողների վեճերը սիրո բացակայության, հուսահատության, անպաշտպանության, տագնապի զգացման հիմք կարող են հանդիսանալ։ Երբեմն հայրն ու մայրն ուրիշների մոտ ձևացնում են՝ երջանիկ են և հաշտ, իսկ տանը լիովին հակառակ պատկերն է լինում։ Ծնողների կողմից հարգանքի կամ սիրո ծայրահեղ տարբերվող ցուցադրությունների դեպքում երեխան ծնողներին վերագրում է անարդարության, ստախոսության հատկանիշներ և կասկածում է ծնողների՝ իր հանդեպ սիրուն, ազնվությանը, նվիրվածությանը, առաջանում է հիասթափություն, և աշխարհի հանդեպ ձևավորում է կասկածամիտ վերաբերմունք։ Սա խաթարում է հարաբերությունների կառուցման հմտությունների ձևավորումը, կարող է առաջ բերել շեղվող վարքագիծ։

Իհարկե, հարաբերություններն առանց կոնֆլիկտի հնարավոր չեն։ Խնդիրը կոնֆիկտների լուծման տարբերակների, հուզականության դրսևորումների չափի մեջ է։ Սակայն կարող են պատահել նաև բուռն պոռթկումներ։ Մարդիկ տարբեր են, խառնվածքներն ու արձագանքները՝ նույնպես։ Կոնֆլիկտային իրադրության մեջ կարևոր է յուրաքանչյուրի դերը։ Երեխաներն իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը և որոշակի դեր խաղալ խնդրի լուծման գործում։ Դա կարող է լինել մեկ նախադասություն, օրինակ՝ «ինձ դուր չի գալիս այս իրավիճակը» կամ «ես վատ եմ զգում, երբ ձեզ տեսնում եմ այսպիսին»։ Սա կարող է տանել լիցքաթափման, իրադրությանը գիտակցաբար մոտենալուն։ Պատահում է նաև, որ երեխաների կարծիքը անտեսվում է, ընտանիքի անդամները գտնվում են սուր կոնֆլիկտային իրադրության մեջ, և երեխային սթրեսից խուսափելու համար մնում է պարզապես հեռու կանգնել իրադրությունից։ Իհարկե, այս դեպքում էլ անտարբերություն է առաջանում։ Ելքը մեծահասակների գիտակցական մոտեցումն է։ 

 

Եթե ընտանիքում խնդիրներ են ծագում և նպաստավոր պայմաններ ստեղծվում վեճերի համար, որո՞նք պետք է լինեն ծնողների գործողությունները։ Ինչպե՞ս կարելի է թեթևացնել կոնֆլիկտային իրավիճակը, որպեսզի դրանից չտուժեն երեխաները։

Ամենանպաստավոր լուծումն այն է, որ մեծահասակները կոնֆլիկտի բուն պատճառը լուծելուն ուղղված քննարկում իրականացնեն և չանցնեն անձնային դաշտ, վիրավորանքների։ Անհնարին լինելու դեպքում մեծահասակներից գոնե մեկը պետք է իրադրության կառավարումն իր ձեռքն առնի և ժամանակավորապես դադարեցնի այն` մինչ հույզերը հանդարտվեն և հնարավոր լինի քննարկում իրականացնել։

  

Իսկ պե՞տք է երեխաներից թաքցնել նմանատիպ բացասական իրավիճակները, թե՞ ճիշտ կլինի խոսել նրանց հետ և բացատրել՝ յուրաքանչյուր խնդիր հնարավոր է լուծել, եթե կա ցանկություն, դիմացինը հարգում է կարծիքդ ու պատրաստ է ընդունել։

Դա հենց լավագույն տարբերակն է, որը սովորեցնում է հարգել միմյանց, լսել կարծիքներ և գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը։ Այս դեպքում երեխան հմտանում է կոնֆլիկտը լուծելու մեջ։ 

 

Երբ ծնողները չեն գիտակցում իրենց վեճերի արդյունքում երեխային հասցվող մեծագույն վնասը, ինչպե՞ս կարելի է օգնել բալիկին հաղթահարել այդ ծանր շրջանը։

Կոնֆլիկտային միջավայրում մեծացած երեխան հիմնականում այդպիսի միջավայր էլ ստեղծում է, քանի որ այլ տարբերակ չգիտի։ Միգուցե նրա մտքում առաջանան երկու հակադիր պատկերացումներ․ «ես կարող եմ մեծանալ ու շատ ջերմ ընտանիք ստեղծել» կամ «իմ ստեղծած ընտանիքն էլ կարող է այսպես սառը դառնալ, ավելի լավ է չկազմեմ ընդհանրապես»։ Հոգեբանի հետ աշխատանքը կօգնի գտնել այլ տարբերակներ։

 

 

 

 Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան