Ինչպե՞ս պատրաստվել մանկապարտեզին․ հոգեբանի խորհուրդները՝ անհանգիստ մայրիկին

3-6տարեկան

Ե՞րբ է նպատակահարմար փոքրիկին տանել մանկապարտեզ, ո՞ր գործոնները դերակատարում ունեն նրա՝ մանկապարտեզի միջավայրին հարմարվելու հարցում, և ի՞նչ կերպ նախապատրաստել նրան․ անկասկած, այս հարցերը հուզում են շատ ծնողների: «Իմ փոքրիկ»-ը տվյալ հարցերի պատասխանները փորձել է պարզել «Ժեստ»  հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի օգնությամբ:   

Մասնագետի խոսքով՝ երեխայի արագ ադապտացման համար, նախևառաջ, անհրաժեշտ է, որ ծնողը հարմարվի: Մանկապարտեզին, դպրոցին ու տարբեր փոփոխություններին դժվար են հարմարվում հատկապես «կպչուն» ծնողների երեխաները:  Մայրիկի կամ հայրիկի կողմից արհեստական դիմադրություն և հուզականություն չպետք է դրսևորվեն: Հարկավոր է, որ նա բալիկին հանգիստ տանի մանկապարտեզ  և իրենից անջատվելու պահին երկար հրաժեշտ չտա: Չափազանց երկար հրաժեշտը միայն բարդացնում է գործը: 

Երեխաները ցանկացած երևույթի հանդեպ դրսևորում են այն վերաբերմունքն, ինչ հայրն ու մայրը:  Սա նշանակում է՝ ծնողները պետք է աշխատեն իրենց հույզերի վրա, որն էլ ուղիղ ճանապարհն է դեպի երեխայի՝ մանկապարտեզին շուտ հարմարվելուն: Օրինակ՝ բալիկի ներկայությամբ նրանց քննարկումները մանկապարտեզի սննդի, փոքրիկի հաճախակի հիվանդանալու, ապահովության վերաբերյալ տագնապի ձևավորման պատճառ են դառնում:  Ի վերջո, տագնապային ծնողները մեծացնում են տագնապային երեխաներ, որոնք կյանքի բազմազան իրադրություններն ընդունելու հարցերում խնդիրներ են ունենում:

Փոքրիկի՝ մանկապարտեզին նախապատրաստելվուն պետք է նախորդի մի շրջան, երբ մայրը սիրո հետ միասին կտա ինքնուրույնություն: Շեշտենք, որ վերջինս պարտադիր պայման է անկախ մանկապարտեզ գնալու փաստից:  Այն հարկավոր է, որպեսզի մայրիկից ունեցած հուզական կախվածությունը հետագայում չխանգարի և բալիկի մոտ անհանգիստ վիճակ չառաջացնի: Փոքրիկին մանկապարտեզ տանելու տարիքը սովորաբար համընկնում է 3 տարեկանի ճգնաժամի հետ:  Ըստ այդմ, տվյալ փուլը պետք է ճիշտ հաղթահարվի, որպեսզի բալիկի մոտ չձևավորվեն վախեր, ինչպիսին, օրինակ, ծնողին կորցնելու վախն է: Ամենը կախված է իրավիճակից և երեխայի առանձահատկություններից: 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան