Թագավորն ու չարչին․ բալլադ

Ժամանց

— Հե՜յ, լավ մանրո՜ւք,

Ասե՜ղ, հուլո՜ւնք,

Մատնի՜ք, մարջա՜ն, Ապարանջա՜ն...

Հա՜վ, ձո՜ւ բերեք,

Առե՜ք, տարե՜ք,

Խունջիկ-մունջիկ

Հարսն ու աղջի՜կ,

Էժա՜ն կտամ,

Լա՜վը կտամ...

Էսպես կանչելով՝ փողոցից փողոց,

Իբրև թե չարչի մի թափառական,

Չարչու կերպ մտած, ինչպես վիշապ օձ,

Անցնում էր ինքը՝ Շահ-Աբաս արքան։

— Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասե՜ղ,

Դուրս եկե՛ք, դո՜ւրս, ինձ մո՜տ, էստե՜ղ...

— Չարչի ախպե՛ր, չարչի ախպե՛ր,

Ասեղ ունի՞ս, էս կողմը բեր։

Կանչեց մի կին՝ հայ գաղթական,

Ու մոտ գնաց չարչին կնկան։

— Օ՜, ի՜նչ ասեղ, իսկն օձի քիստ...

Թոփը մի հաց...

— Վո՜ւյ, թանկ է խիստ...

— Է՜, մի՜ խոսիր, քուրի՛կ, էդպես,

Շահի կյանքը թե կսիրես։

— Ամա՜ն, հողեմ գլուխը Շահի,

Աստված Շահից հեռու պահի.

Արևդ ապրի, չարչի ախպեր,

Էդ անունը բերան մի՛ բեր։

— Վա՜հ, էսքան էլ չա՞ր լինի մա՜րդ.

Ի՞նչ է արել Շահը ձեզ վատ։

Գազան թուրքի սրից փրկել,

Չոր Ջուղայի քարից պոկել՝

Բերել է ձեզ առատ Փարիա,

Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վրա...

— Օ՜ֆ, հերիք է, չարչի ախպե՛ր,

Մի՜ խոսեցնիր ինձ դրանից։

Երնեկ դրա ոտը կոտրեր՝

Չգար հաներ մեզ մեր տանից։

Եկավ վարար հեղեղի պես,

Զարկեց մեր շեն, մեր լի Ջուղան,

Ոչ աստծուն նայեց, ոչ մեզ,

Սրբեց բերավ ողջ տեղահան։

Թող արինք փակ մեր տուն ու ժամ,

 Բանալիներն Արազն ածինք,

Սարի ուսից վերջին անգամ

Ետ նայեցինք ու կանչեցինք.

«Աստվածածի՜ն Վերին Կաթան,

Քեզ ամանաթ մեր սուրբ վաթան,

Ուր որ գնանք մեր վաթանից՝

Մեզ դարձրու գերությունից»։

Աղաչեցինք աղերսելով,

Ետ շուռ եկանք ու անց կացանք.

Ծեծով, կոծով, հրով, սրով՝

Ծով Արազի ափը հասանք։

Արազը ծո՜վ, Արազն ելմա՜ն,

Դուրս է եկել իր ափերից.

«Անցե՜ք», եկավ մեզ հրաման.

Շահն է հրաման տալիս վերից...

Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր,

Սո՜ւգ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ,

Բառաչում են մեծ ու պուճուր,

Իրար գըրկած՝ գետը լցվում...

Էն սև օրը, որ մենք տեսանք,

Քո թըշնամին թող չտեսնի...

Ա՜խ, ե՞րբ պիտի մին էլ տեսնենք`

Մեր անեծքը երկինք հասնի...

Ու գալիս են չարչու գլխին

Կիտվում պանդուխտ, գերի հայեր.

«Անե՜ծք Շահին, իրեն գահին»,

— Անիծում են երկինքն ի վեր։

Շուռ են գալիս իրենց բնում

Չարչու աչքերն ըսպառնալի,

Ձեռն ու ոտը դող են լինում,

Ու սևակնած հարց է տալի.

— Շահի աոջև հապա էնօր

Գոռում էիք միաբերան,

Թե ապրոււմ եք դուք բախտավոր

Ու օրհնում եք թախտն ու իրա՞ն...

— Սուտ էր, ախպե՛ր։

Դու մեզնից մեկն՝

Ի՞նչ թաքցընենք մենք քեզանից,

Բայց մեր սիրտը ո ՞նց չծածկենք

Էն մարդակեր չար գազանից։

Սուտ էր... Ու միշտ, քանի որ կա

Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,

Չի լինելու երկրի վրա

Ո՛չ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...

Մընչաց չարչին, աբեն շպրտեց,

Դուրս ելավ տակից Շահ-Աբասն ահեղ,

Նաջաղը ցոլաց, իջավ շեշտակի,

Գերի ծերունին փռվեց տեղնուտեղ։

Փռվեց...Ու միշտ, քանի որ կա

Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,

Չի լինելու երկրի վրա

Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։

 

 

Հովհաննես Թումանյան

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ