Հեքիաթ-համերգ՝ համալիրում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Զանգակ» հրատարակչության համատեղ ծրագիրը՝ հատուկ երեխաների համար

Ժամանց

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «ԶԱՆԳԱԿ» հրատարակչությունը նախաձեռնում են մի հիանալի համատեղ ծրագիր, որը վառ, շատ վառ հիշողություն կդառնա ամենափոքրիկների, մեծ փոքրիկների և փոքր մեծիկների համար։

Մի քանի բեսթսելլեր ֆիլմերի սյուժեներ դարձած գրքերի հեղինակ, ամերիկացի հանրահայտ գրող Դեն Բրաունին քչերն են ճանաչում նաև որպես երաժիշտ, իսկ որպես մանկագիր՝ նա առաջին անգամ հանդես է եկել իր «ՎԱՅՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ» հեքիաթով։ Այս հմայիչ հեքիաթում տարբեր գործիքներ նվագող գազանները փոքրիկ հանդիսատեսին տանում են իրենց անտառային երաժշտական արկածի հետքերով՝ միասին բացելու դասական երաժշտության կախարդիչ աշխարհի դռները և մտորելու շատ կարևոր բաների մասին։

«ՎԱՅՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ» գիրքը թարգմանվել, տարածվել և սիրվել է աշխարհի շատ երկրներում, իսկ «ԶԱՆԳԱԿ» հրատարակչության ջանքերով այն 2021 թվականին լույս տեսավ նաև հայերենով, որի շնորհիվ Հայաստանում ևս երեխաները կմիանան երաժշտական հեքիաթի միլիոնավոր երկրպագուներին։ 

Նկարազարդ հեքիաթն ունի նաև շքեղ էկրանավորում, որը կցուցադրվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ «ՎԱՅՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ» հեքիաթ-համերգն ու գունազարդ գիրքը մեր կրտսեր հանդիսատեսի և ընթերցողի համար անկասկած կդառնան ամենահիշարժան ու տպավորիչ մուտքը դեպի սիմֆոնիկ երաժշտության աշխարհ։ 

Դե՛, միանո՞ւմ եք երաժշտասեր գազանների համերգային արկածին։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա նույն օրը՝ ժամը 16։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մինչև հուլիսի 24-ը համերգի տոմսը ներկայացնելով «Զանգակ» գրատների ցանց՝ գիրք կգնեք 15% զեղչով։

 

Գովազդ