5 զարգացնող խաղ, որոնք կարելի է կազմակերպել երեխայի հետ տանը, զվարճանալ և սովորել

Ժամանց

Ստուգում ենք բառապաշարը

Բառապաշարն ու աշխարհընկալումը ցույց են տալիս մարդու մտավոր զարգացման մակարդակը, ուստի եկեք զարգացնենք դրանք: Հարկավոր են թղթեր և մատիտներ:

Բաժանում ենք թուղթը հինգ սյունակի և յուրաքանչյուրի վերևում հերթականությամբ գրում ՝ անուն, կենդանի, բույս, երկիր, քաղաք: Մտածեք ցանկացած տառ: Այժմ յուրաքանչյուր սյունակում գրեք հնարավորինս շատ բառեր, որոնք սկսվում են տվյալ տառով: Հաղթում է նա, ով ավելի շատ բառեր է գրել:

 

Սովորում ենք պատմություններ պատմել

Այս պարզ, բայց շատ օգտակար խաղը զարգացնում է երեխայի երևակայությունն ու խոսքը: Դրա համար ձեզ պետք կգան քարտեր՝ մարդկանց, կենդանիների, բույսերի կամ զանազան այլ առարկաների պատկերներով: Ցույց տվեք երեխային քարտը և հանձնարարեք նկարագրել այն ամենն, ինչ տեսնում է: Եթե ​​դժվարանա, հարցեր տվեք նկարում պատկերված առարկաների ու արարածների մասին: Օրինակ՝ քարտի վրա պատկերված է գլխին թագ ունեցող, ժպտացող և աչքերը մեղմորեն փակած կարապ: Այդ դեպքում փոքրիկին խնդրում եք ասել, թե ինչ է տեսնում, ինչ է անում կարապը, ինչ կա նրա գլխին, ինչու է կրում դա: Ասեք բալիկին, որ փոքրիկ պատմություն հորինի:

  

Բարձրացնում ենք տրամադրությունը

Կարող եք վերցնել թուղթ և գրիչ կամ բանավոր կազմակերպել խաղը: Խաղացողները պետք է նկարագրեն միմյանց: Թույլատրվում է նկարագրել արտաքին տեսքը, բնավորությունը, սովորությունները, ներկայացնել հոբբիները և այլն: Չի թույլատրվում հորինել այնպիսի հատկություններ, որոնք մարդը չունի: Նկարագրությունը հարկավոր է անել 1-3 րոպեի ընթացքում:

 

Հորինում ենք երգեր

Խաղավարը նախօրոք պատրաստում է առաջադրանքներով քարտեր, դրանք շրջում և խառը դնում սեղանին: Յուրաքանչյուր մասնակից իր համար քարտ է ընտրում: Հարկավոր է հորինել մի երգ և կատարել այնպես, ինչպես նշված է առաջադրանքում: Օրինակ՝ երգեք տանիքի վրա գտնվող կատվի պես: Կարելի է նաև փորձել հայտնի երգերի տարբեր կենդանիների ձայներով: Այդպես էլ զվարճալի կստացվի:

  

Փորձում ենք արագ կողմնորոշվել

Այս խաղի համար հարկավոր կլինի փոքրիկ, թեթև գնդակ: Մեծահասակը գնդակը նետում է երեխայի կողմը և մինչ այդ արագ որևէ կերակուրի կամ առարկայի անուն հնչեցնում: Եթե արտաբերված անվանումը ուտելու ենթակա բան է, երեխան պետք է բռնի գնդակը: Իսկ եթե ուտելու ենթակա չէ, ապա պետք է հրի գնդակը: Ցանկալի է, որ այս ուրախ խաղի մասնակից երեխաները շատ լինեն:

 

 

 

 

Գովազդ