Երբևէ փորձե՞լ եք նամակ գրել ձեր երեխային․ տողեր, որոնք նա անպայման պետք է լսի

Ժամանց

Տեխնոլոգիական այս դարում ծնողների մեծ մասը փոքրիկի լուսանկարները, չարաճճիանալու տեսանյութերը կամ էլ երեխային առնչվող գրառումները պահում է համակարգչում և հեռախոսում: Իսկ եթե մի օր խնդիրներ առաջանան դրանց հետ և չկարողանաք վերադարձնել ձեզ համար այդքա՜ն արժեքավորը։

Արժե մտածել ինքնատիպ և ձեռագիր հուշեր ստեղծելու մասին, որոնք երկար ժամանակ կկարողանաք պահպանել։ Նման կախարդական տարբերակներից մեկը բալիկին նամակ գրելն է։ Փորձե՛ք կատարել այդ հետաքրքիր էքսպերիմենտը: Տարին մեկ անգամ նամակ գրեք ձեր երեխային: Նա դրանք մե՜ծ սիրով կկարդա, երբ մեծանա: Կմտածեք՝ ի՞նչ գրել: Պատմեք այդ տարի նրա հետ կատարվածի, դժվարությունների և ուրախությունների, զվարճալի պատմությունների մասին: Այն մասին, թե ինչն էր կարևոր ձեր և նրա կյանքում, շարադրեք ապագայի մասին ձեր մտքերը: Գրե՛ք, թե ինչ է նա իմացել ու սովորել տվյալ տարում, ուր եք գնացել միասին: Գրի առեք ամենն, ինչ զգում եք և անհրաժեշտ եք համարում: Նամակը լրացրեք նկարներով, բացիկներով, հուշաթղթերով և հուշանվերներով: Կարող եք կցել երկու տարեկանում խզբզածները, սիրելի գրիչը կամ մատիտը: Տեղադրեք նամակը թղթապանակում և մոռացեք դրա մասին: Ու այսպես ամեն տարի: Երբ համարեք՝ ճիշտ պահը եկել է, ներկայացրեք նամակներով թղթապանակը երեխային: Դա նրա համար կդառնա ծնողների սիրո և մանկության հուշերի անգնահատելի պահոց: Եթե դուք ունեք մի քանի երեխա, ապա կարևոր է յուրաքանչյուր բալիկին առանձին այդպիսի նամակ գրելը:

Նկատենք՝ նույնիսկ եթե դուք ամեն օր երեխային ասում եք՝ «Ես քեզ սիրում եմ», թղթի վրա գրված նույն բառերը փոխանցվում են բոլորովին այլ կերպ: Օրինակ՝ կարող եք գրել՝ «Ինձ համար դժվար է արտահայտել, թե որքան եմ սիրում քեզ», «Ձեր մայրիկը լինելն իմ կյանքի ամենամեծ նվերն է», «Ոչինչ չի փոխի իմ զգացմունքները քո հանդեպ»: Նամակում մատնանշեք երեխայի վարքի և զարգացման վերաբերյալ ձեր դիտարկումները: Այն, թե ինչպես է նա մեծանում, ինչպիսի դրական հատկություններ զարգացնում: Օրինակ՝ առատաձեռնություն՝ եղբայրների ու քույրերի նկատմամբ, բարություն՝ ընկերների հանդեպ, հասունություն՝ տարաձայնությունների լուծման հարցում: Ասե՛ք՝ ինչ էիք սիրում անել միասին: Հնարավոր է՝ խոհանոցում լինել, այգում նստել, թռչուններին նայել:

Երեխաների համար շատ կարևոր է  նաև իմանալ, որ հավատում եք նրանց: Նամակում արտահայտեք սեփական վստահությունը երեխայի պայծառ ապագայի նկատմամբ, որևէ ոգեշնչող բանաստեղծություն գրեք: Եվ վերջում խոստացեք միշտ սիրել նրան անկախ ամեն ինչից, լսել և փորձել տեսնել աշխարհը նրա տեսանկյունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

Գովազդ