Ինչպե՞ս հեռու պահել երեխային օնլայն խաղերից. խորհուրդ է տալիս հոգեբանը

Ժամանց

«Իմ փոքրիկ»-ը խոսել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:

 

Վիրտուալ խաղը լավ «ընկեր» չէ

Երեխայի կյանքում օնլայն խաղերի առկայությունը հանգեցնում է վարքային փոփոխությունների, ուշադրության կենտրոնացման դժվարությունների: Երկար խաղալու դեպքում փոքրիկը կտրվում է իրականությունից, ստեղծում ուրույն աշխարհ, որն իր կանոններն է թելադրում նրան: Չի կարելի անտեսել, երբ երեխայի մոտ դրսևորվում են իրավիճակին ոչ համարժեք ագրեսիա, ինքնամփոփություն  և ցրվածություն: Ծնողի համար պետք է անհանգստացնող լինի այն փաստը, որ բալիկը ձեռքից վայր չի դնում հեռախոսը:

 

Կանխարգելման մեթոդը

Շատ հաճախ ծնողները փոքրիկին տալիս են հեռախոս, չեն վերահսկում, իսկ հետո սկսում են աշխատել հետևանքների վրա: Որևէ բան շտկելուց կամ հաղթահարելուց առաջ հարկավոր է մտածել կանխարգելման մասին: Պետք չէ արգելել ամեն ինչ կամ տալ ծայրահեղ ազատություն: Կարելի է սահմանել օրվա ընթացքում համացանցից օգտվելու թույլատրելի ժամանակահատված, որը չի  խախտվի երեխայի կողմից տարաբնույթ մանիպուլյացիաների կիրառման դեպքում: Անհրաժեշտ է ի սկզբանե սովորեցնել նրան տեխնոլոգիաներից, համացանցից օգտվելու կանոնները, յուրաքանչյուր անհանգստացնող խաղ վերլուծել նրա հետ: Նույնիսկ մեծահասակները խաղերի մասին այս կամ այն տեղեկատվությունն ընթերցելիս ու լսելիս խճճվում են, լարվում: Կարևոր է, որ նրանք կարողանան  ներկայացնել տվյալ խաղի լրջությունն առանց ավելորդ տագնապների: Դա կօգնի, որ երեխան գիտակցաբար չցանկանա խաղալ, ոչ թե ծնողից վախենալու պատճառով:

 

Դեռահասի հետ մի փոքր բարդ է, սակայն անհնարին չէ

Հատկապես դեռահասության շրջանում սեռահասունացմանն ու ֆիզիոլոգիական փոփոխություններին զուգընթաց երեխայի մոտ առաջանում է էներգիան սպառելու, պահանջմունքները բավարարելու անհրաժեշություն: Այդ տարիքում տղաներին բնորոշ են բակային կոնֆլիկտները, հակումը դեպի սպորտ, քանի որ կարիք ունեն հաղթելու և ինքնահաստատվելու: Նման միջոց է դառնում նաև խաղը: Պարզապես այդտեղ հաղթելու հավանականությունն ավելի մեծ է, քան իրական կյանքում:

Եթե բալիկը վստահի ծնողին, ապա, անկասկած, ցանկացած արգելված խաղ կամ հետաքրքրություն կփորձի կիսել նրա հետ: Զրույցի միջոցով ծնողը երեխային կարող է ասել, որ հասկանում է նրա մենակ մնալու ցանկությունը, մեկուսացումը, ագրեսիան: Դեռահասը պետք է իմանա, որ հայրիկն ու մայրիկը ցանկացած պարագայում իր կողքին են, ոչ թե քննադատ են ու պատժող: Երբ հարցն առնչվում է փոքրիկի անվտանգությանը, հարկավոր է հիշել՝ նա անվտանգ է զգում «իր հետ քայլող», հասկացող ծնողի կողքին: Ճանաչե՛ք ձեր երեխաներին, նրանց պահանջմունքները, որպեսզի նրանք չփորձեն դրանք բավարարել վիրտուալ տիրույթում:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ