Երբ վիճում են հայրիկն ու մայրիկը․ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ընտանեկան վեճերը երեխայի վրա - մաս 2

Զարգացում

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

Եթե ընտանիքում խնդիրներ են ծագում և նպաստավոր պայմաններ ստեղծվում վեճերի համար, որո՞նք պետք է լինեն ծնողների գործողությունները։ Ինչպե՞ս կարելի է թեթևացնել կոնֆլիկտային իրավիճակը, որպեսզի դրանից չտուժեն երեխաները։

Ամենանպաստավոր լուծումն այն է, որ մեծահասակները կոնֆլիկտի բուն պատճառը լուծելուն ուղղված քննարկում իրականացնեն և չանցնեն անձնային դաշտ, վիրավորանքների։ Անհնարին լինելու դեպքում մեծահասակներից գոնե մեկը պետք է իրադրության կառավարումն իր ձեռքն առնի և ժամանակավորապես դադարեցնի այն, մինչ հույզերը հանդարտվեն, և հնարավոր լինի քննարկում անել։

  

Իսկ պե՞տք է երեխաներից թաքցնել նմանատիպ բացասական իրավիճակները, թե՞ ճիշտ կլինի խոսել նրանց հետ և բացատրել, օրինակ՝ ասել, որ յուրաքանչյուր խնդիր հնարավոր է լուծել, եթե կա ցանկություն, դիմացինը հարգում է կարծիքդ ու պատրաստ է ընդունել։

Դա հենց լավագույն տարբերակն է, որը սովորեցնում է հարգել միմյանց, լսել կարծիքներ և գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը։ Այս դեպքում երեխան հմտանում է կոնֆլիկտը լուծելու մեջ։ 

 

Երբ ծնողները չեն գիտակցում իրենց վեճերի հետևանքը, ինչպե՞ս կարելի է օգնել բալիկին հաղթահարել այդ ծանր շրջանը։

Կոնֆլիկտային միջավայրում մեծացած երեխան հիմնականում այդպիսի միջավայր էլ ստեղծում է, քանի որ այլ տարբերակ չգիտի։ Միգուցե նրա մտքում առաջանան երկու հակադիր պատկերացումներ․ «ես կարող եմ մեծանալ ու շատ ջերմ ընտանիք ստեղծել» կամ «իմ ստեղծած ընտանիքն էլ կարող է այսպես սառը դառնալ, ավելի լավ է չկազմեմ ընդհանրապես»։ Հոգեբանի հետ աշխատանքը կօգնի գտնել այլ տարբերակներ։

 

 Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ