Նույնիսկ ծնողները, որոնք երբեք ոչինչ չեն հասցնում, ցանկանում են, որ իրենց երեխան լինի կազմակերպված և կարողանա ճիշտ պլանավորել իր ժամանակը:
Ինչ լավ կլիներ, եթե մենք՝ ծնողներս, ստիպված չլինեինք երեխային մի կերպ արթնացնել, ուղարկել դպրոց, հետո մի քանի ժամ խնդրել, զայրանալ, որպեսզի կատարի տնային աշխատանքները, հաց ուտի, պառկի քնելու և այդպես շարունակ:
Իրականում սա հնարավոր է: Պետք է միայն ջանք թափել՝ արդյունքի հասնելու համար: Առաջին անգամից հետո մի սպասեք շլացուցիչ արդյունքների, համբերեք ու պարբերաբար կրկնեք ներքևում մեր ներկայացրած քայլերը: Արդեն հինգ տարեկանից կարելի է երեխային ծանոթացնել «թայմ մենեջմենթ» կոչվածի հետ:
- Ցույց տվեք անձնական փորձով: Եթե ծնողների կյանքում տիրում է քաոսը, մայրիկն ու հայրիկը չեն հասցնում ոչինչ, երեխայից մի պահանջեք ինքնակազմակերպում: Հակառակն էլ դիտարկենք՝ երբ երեխան տեսնում է, որ մայրիկը ամեն ինչ հասցնում է ճիշտ ժամանակին, հայրիկը գործերը վերջացնում է աշխատանքային օրերին և ժամերին, իսկ հանգստյան օրերն անցկացնում ընտանիքի հետ, նա էլ է ցանկանում նմանվել ծնողներին: Այնպես որ, սկսեք Ձեզնից:
- Սահմանեք առաջնահերթություններ: Բացատրեք երեխային, որ կան կարևոր և ոչ այնքան կարևոր գործեր: Երբ մեզ համար առաջնահերթ են առավել կարևոր գործերը և մենք հասցնում ենք ամեն ինչ անել ժամանակին, փոխվում է նաև մեր կյանքի որակը: Հրատապ ու կարևոր գործերը մեզնից պահանջում են ուշադրություն և զգոնություն, այնպես որ դրանք պետք է ավարտել առաջինը: Երեխային կարելի է բացատրել գործողությունների հերթականությունը և դրանց կարևորությունը: Օրինակ՝ առաջին հերթին նա պետք է նախաճաշի, որպեսզի ուժ և էներգիա հավաքի, հետո պետք է դուրս գա զբոսնելու, որպեսզի առույգանա, իսկ հետո՝ արդեն թարմ ուժերով, անցնի դասերին: Երեխային թույլ տվեք ինքնուրույն դասավորել իր օրը:
- Երեխային խաղի միջոցով սովորեցրեք պլանավորել օրը: Խաղերը շատ արդյունավետ միջոց են՝ երեխային որևէ բան սովորեցնելու համար: Սակայն այստեղ կա մի նախապայման. խաղը պետք է լինի հետաքրքիր: Վերցրեք ավազե ժամացույց, թաքցրեք մի քանի իր ու ասեք երեխային, որ նա պետք է թաքցրած իրերը գտնի սահմանված ժամանակի ընթացքում, մինչև ավազը կդատարկվի: Կարող եք այլ հետաքրքիր խաղեր ևս մտածել:
- Երեխային դարձրեք Ձեր աշխատանքային օրվա մասնակիցը: Երեխային պատմեք Ձեր օրվա մասին՝ ինչու եք անում սա, հետո՝ սա, հետո՝ այն մեկը: Երեխան պետք է հստակ պատկերացնի իր անելիքը: Կարող եք ընտանեկան խորհուրդ հավաքել ու քննարկել օրը բոլորով:
- Հետևեք օրվա ռեժիմին: Երբ արդեն երեխան ունենա օրվա իր ռեժիմը, հետևեք դրա կատարմանը, հետո արդեն երեխան ինքը անհարմարություն կզգա այն խախտելիս: Բայց մի մոռացեք նաև, որ պետք է այնպես անել, որ երեխան ռեժիմի խախտման դեպքում մատնվի խուճապի: Սա էլ արդեն առանձին թեմա է, որին խոստանում ենք անդրադառնալ շուտով: