Տագնա՞պ, թե՞ անհանգստություն․ հոգեբանը վերլուծում է որդի ունեցող մայրերի հոգեվիճակը

Դաստիարակություն

Մայրիկները, տեսնելով պատերազմի աղետալի հետևանքները, հաճախ են մտածում որդիների՝ ապագայում զինվորական ծառայության մեկնելու մասին և անհանգստանում:

«Վախի զգացումը հասկանալի է պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Կանայք առանձնանում են, քանի որ  ավելի շատ են արտահայտվում ու խոսում իրենց հույզերի մասին, կարող են  ծանր ապրում ունենալու մտքից անգամ վախենալ։ Այդ մասին է վկայում նրանց կողմից կիրառվող «Ի՞նչ եմ անելու, երբ բանակ գնա կամ չեմ դիմանա» արտահայտությունը»,- ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը:   

Այն, որ ծնողը զգուշանում է ու չի ցանկանում՝ տղան հայտնվի վտանգավոր իրավիճակներում, բնական է: Հոգեբանի գնահատմամբ՝ հստակ պետք է տեսնել զգուշության և տագնապի միջև գոյություն ունեցող նուրբ սահմանը: Զգուշություն ցուցաբերում են բոլորը, երբ փողոց են անցնում, կարևոր գործողություն կատարում, որպեսզի պահպանեն իրենց կյանքը կամ արդյունք ապահովեն։ Տագնապն առաջանում է ենթադրություններից, գործողության բացասական ելքի մասին մտքերից և կարող է խաթարել ուղեղի կողմից կառավարվող գործընթացները։ Տագնապի դեպքում նույնիսկ լավ վերջնարդյունքը կարող է վատ ընկալվել։ Հետևաբար մայրիկի հետ հարկավոր է աշխատել այնպես, որ առկա վիճակը չվերածվի տագնապի։ Անհրաժեշտ է փոխել նրա մտքի ուղղությունը, որպեսզի դեպքերը սեփական անձին չվերագրի։ «Տագնապից բխում է հոգատարություն, որը գերխնամք է ու բացասաբար է ազդում տղայի վրա: Եթե մայրիկը գերուշադիր է, երեխայի փոխարեն ապրում է, շնչում, ուսում ստանում, ապա զրկում է նրան համարձակ, ինքնուրույն, պատասխանատու և կամային անձ դառնալու հնարավորությունից»,- մատնանշում է նա:  Տվյալ հատկանիշների ձևավորումն անչափ կարևոր է, քանի որ անձնային խնդրի կողքին կա ազգի ինքնապահպանման ու հզորացման հարց:

«Եթե ցանկանում ենք ունենալ ազգ և պետականություն, մեր երեխաները պայքարելու են այդ ամենի համար, ինչպես մենք ենք մարտնչել կամ մեր ծնողները»,- ընդգծում է Անի Ապիտոնյանը և շեշտում՝ մարտական պատրաստվածությունը տղային տալիս է ամրություն, ինքնավստահություն և ուժ՝ ունենալու սեփական տունը հարազատ հողի վրա: Ըստ հոգեբանի՝ տղամարդն էությամբ պետք է զինվոր լինի:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ