Ինչպես երեխային զերծ պահել համացանցի վտանգավոր ազդեցությունից

Դաստիարակություն

Մեր օրերում համացանցը, սոցիալական կայքերը դարձել են մարդկանց առօրյայի մի մասը:

Համացանցը վիրտուալ ահռելի տարածք է, որտեղ կարող ես գտնել ամեն ինչ, դրա միջոցով կարելի է շփվել աշխարհի հեռավոր ծայրերում ապրող բարեկամների և ընկերների հետ: Համացանցի ընձեռած հնարավորությունները, սակայն,  այսքանով չեն սահմանափակվում: Համացանցում ազատ ներկայացված է նաև այնպիսի ինֆորմացիա, որը կարող է վտանագավոր լինել հատկապես երեխաների համար:

Գաղտնիք չէ, որ երեխաներն ավելի լավ են տիրապետում համացանցի հնարավորություններին: Այդ իսկ պատճառով ծնողների համար դժվար է վերահսկել երեխայի քայլերը ինտերնետում, որտեղ կան ոչ միայն պոռնոգրաֆիական բնույթի, այլև հանցագործության հրահրող նյութեր:

Ամբողջովին պաշտպանել երեխային համացանցի վատ ազդեցությունից հնարավոր չէ: Վաղ թե ուշ երեխան իր տեղը կունենա էկրանի առջև, ու Դուք չեք կարող վերահսկել նրա ակտիվությունը:

«Իսկ ի՞նչ անել»,-անհանգստացած կհարցնեք Դուք, մենք Ձեզ հորդորում ենք խուճապի չմատնվել:

Համացանցում կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կատարում են «ծնողական վերահսկողության» դերը: Համացանցում կարող եք փնտրել «parental controls for windows» արտահայտությունը և գտնել տարատեսակ ծրագրեր, որոնք կպաշտպանեն երեխային վտանգավոր կայքերից: Սա գործում է նաև Android և IOS համակարգերի համար: Ի դեպ, հակավիրուսային ծրագրերը նույնպես ունեն պաշտպանական այս հնարավորությունը:

Համացանցում կան նաև հատուկ երեխաների համար նախատեսված ինտերնետ դիտարկիչներ, որոնք արգելափակում են երեխաների մուտքը վտանգավոր կայքեր: Youtube-ը նույնպես ունի հատուկ երեխաների համար նախատեսված տարբերակ, որը, սակայն, Հայաստանի տարածքից հասանելի չէ:

Այս ծրագրերը, սակայն, երեխային համաշխարհային սարդոստայնի վատ ազդեցությունից կարող են պաշտպանել ոչ լիարժեքորեն՝ 95 տոկոսով: Այնպես որ, պետք է երեխայի հետ հաճախ խոսել ու բացատրել, որ համացանցում կան այնպիսի նյութեր, որոնք վտանգավոր են և որոնք երեխաների համար չեն:

Որքան էլ Ձեր երեխան հրաշալի կարողանա օգտվել համացանցից, մշտապես եղեք իր կողքին որևէ բան փնտրելիս:

Դպրոցահասակ երեխայի համար սահմանեք նաև համացանցում անցկացնելու ժամանակացույց, ասենք՝ 2 ժամ: Այս դեպքում Դուք ևս չպետք է խախտեք օրենքներն ու շատ ժամանակ չպետք է անցկացնեք ինտերնետում, եթե, իհարկե, դա անհրաժեշտ չէ աշխատանքի համար:

 

Գովազդ