12 խորհուրդ հետծննդյան թախծի և դեպրեսիայի ժամանակ

Խնդիրներ

Հետծննդյան թախծի և դեպրեսիայի հետ բախվում են շատ մայրեր, հատկապես առաջին բալիկի դեպքում:

Ըստ էության, այն չի տարբերվում սովորական դեպրեսիայից ու թախծից, սակայն հաճախ անհիմն է թվում, քանի որ և մայրիկը, և նրան շրջապատող մարդիկ կարծում են, որ կինն այս փուլում միայն երջանկության զգացում պիտի ունենա: Սակայն լինում է նաև հակառակը: Չխորանալով դեպրեսիայի գիտական նկարագրությունների մեջ՝ առաջարկում եմ հետևել որոշ կանոնների, որոնք կօգնեն այս բարդ, շատ նուրբ ու խոցելի վիճակում գտնվող մայրիկներին․ 

1. Վստահ եղեք և մի կասկածեք, որ դուք ձեր բալիկին սիրում եք բոլորից շատ:

2. Բոլոր մայրերն ունեն սխալվելու իրավունք, դուք նունպես: Եթե վախենում եք կամ համարում եք, որ սխալը մեծ էր, նայեք առաջին կետը և ավելի լավ է մի քիչ երկար:

3. Բացառեք մեղքի զգացումը, դուք իրավունք ունեք դեպրեսիա ունենալու, դա երեխայի նկատմամբ գործած մեղք չէ: Դուք տվել եք ձեզ ամբողջությամբ, ու հիմա հոգնել եք ու մի քիչ վերականգնվելու կարիք ունեք:

4. Եթե դեռ ձեր երեխայի նկատմամբ ձեր սիրո ու հոգածության մեջ եք կասկածում, հիշեք՝ երեխաներին չսիրող ծնողները դեպրեսիա չեն ունենում: Նայեք առաջին կետը:

5. Բոլոր նրանք ովքեր ասում են, որ դուք չեք կարողանում, որ դուք չգիտեք, որ չի ստացվի, սխալվում են:

6. Դուք իրավունք ունեք չիմանալ, չկարողանալ ու կարող եք հարցնել, բայց դա ձեզ չի զրկում ձեր երեխայի նկատմամբ որևէ իրավունքից:

7. Դուք պիտի հոգատար լինեք ձեր երեխայի կյանքում ամենակարևոր մարդու՝ ձեր բալիկի մամայի նկատմամբ: Նա թանկ մարդ է և տվյալ ժամանակահատվածում առավել կարիք ունի խնամքի:

8. Դուք պարտավոր չեք լինել իդեալական, ձեր երեխան իդեալական մամայի կարիք չունի, ձեր երեխան հենց ձեր կարիքն ունի:

9. Ձեր խնդիրները չեն վնասում ձեր երեխային, դրանք նրան կյանքի փորձ են տալիս, օգնում են կյանքին պատրաստ և ուժեղ լինել: Դուք մեղավոր չեք նրա համար, որ խնդիրներ կամ վատ տրամադրություն ունեք: Երեխաները կարողանում են ներել։

10. Աշխատեք մտովի արժեզրկել այն մարդկանց ովքեր ձեզ նեղացնում են: Մարդիկ ձեզ վրա ազդեցություն ունեն միայն այնքան ժամանակ, քանի դեռ նշանակություն ունեն ձեզ համար: Հենց նշանակությունը նվազեցնեք, ազդեցութունը ևս կնվազի: Դա իսկապես հնարավոր է:

11. Եթե կարող եք, գիտեմ որ դժվար է, բայց աջակցություն մի ակնկալեք նրանցից, ովքեր դա չեն կարողանում տրամադրել: Դուք չեք ձախողի, հավատացե՛ք, դուք թիմ ունեք, իսկ մացածը՝ ոչ: Դուք ձեր բալիկի հետ թիմ եք:

12. Իհարկե հետծննդյան թախծի և դեպրեսիայի ժամանակ ամենագրագետ ճանապարհը կլինի պրոֆեսիոնալ հոգեբանի կամ հոգեթերապևտի դիմելը: 

 

Հեղինակ՝ «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյան։

Գովազդ