3-6 ամսական․ զարգացման ի՞նչ փուլ է սկսվում և ի՞նչ պետք է կարողանա անել փոքրիկը

Զարգացում

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

2-րդ եռամսյակը համեմատաբար ավելի հեշտ է ընթանում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երեխային այլևս չեն անհանգստացնում գազիկները, նա արդեն ադապտացվել է շրջապատին, մայրիկն էլ ավելի ինքնավստահ է և ավելի ճիշտ որոշումներ է կայացնում խնամքի հարցում:

Այս տարիքում երեխան  շատ ավելի հետաքրքիր զարգացում է ունենում, ինչը հաճույք է պատճառում ընտանիքին: Բացի նրանից, որ ճանաչում է մայրիկին, այս փուլում արդեն սկսում է ճանաչել նաև տան մյուս անդամներին: Հետաքրքրվում է ինքն իր պատկերով, սկսում է խաղալ։

Կյանքի 2-րդ եռամսյակում երեխան սկսում է հետաքրքվել խաղալիքներով, խաղալիք տեսնելիս աշխուժանում է։ 5-րդ ամսում ձեռքը մեկնում է առարկային կամ խաղալիքին, ուրախանում է արտաբերած ձայներից: Կյանքի 6-րդ ամսում սկսում է իրեն հարազատ մարդկանց տարբերակել օտարներից, տարբերակումը կարող է մի քանի եղանակով արտահայտվել՝ ժպիտ, խոժոռված հայացք, լաց: Սա զարգացման նորմալ փուլ է, որով երեխան անցնում է:

Ֆիզիկական ակտիվություն

Այս տարիքում բավականին մեծանում է երեխայի շարժողական ակտիվությունը․ կարողանում է իր առանցքի շուրջ պտտվել, այնուհետև փորի վրայից շրջվում է մեջքի վրա: Հետաքրքրված՝ բարձրացնում է ձեռքերը, բերանն է տանում տարբեր առարկաներ, առարկաները սկսում է բարձրացնել մեկ ձեռքով:

Հուզական ակտիվություն

Սկսում է բարձրաձայն ծիծաղել, ծղրտալ, արտաբերել «աղու», «գղու» գղգղոցները: Ձայներին արձագանքում է՝ շրջելով գլուխը դեպքի այդ կողմ:

Գովազդ