12 օգտակար խաղ մինչև մեկ տարեկան երեխաների համար

Խաղեր

Շատերը վարանում են, թե ի սկզբանե ի՞նչ կարող են խաղալ կամ ինչպիսի՞ ժամանց է հնարավոր կազմակերպել նոր ծնված երեխայի հետ: Բայց փոքրիկներն իրականում զարգանում են արագ, և որքան շատ ժամանակ տրամադրվի նրանց հետ ճիշտ ու օգտակար խաղերի կազմակերպմանը, այնքան հեշտ բալիկները կյուրացնեն անհրաժեշտ հմտությունները։

 

Մինչև 1 ամսականը․ «Որտե՞ղ է ձայնը»

Մինչև մեկ ամսական երեխայի հետ հաճախակի կարող եք խաղալ  «Որտե՞ղ է ձայնը» խաղը, որը զարգացնում է բալիկի լսողությունը և ընկալումը։ Վերցրեք որևէ երաժշտական խաղալիք, սուլիչ, թուղթ ու դրանց միջոցով ձայներ արձակեք գլխի մեկ ձախ կողմից, մեկ՝ աջ։ Սկզբում երեխան գուցե միանգամից չհասկանա, սակայն ժամանակի ընթացքում կսկսի գլուխը շրջել այն ուղղությամբ, որտեղից ձայնը գալիս է։

 

1 ամսական․ «Հետևի՛ր»

«Հետևի՛ր» խաղն ուղղված է տեսողության և ուշադրության բարելավմանը, ու այն հեշտությամբ կարելի է կազմակերպել մեկ ամսական երեխայի հետ։ Ընտրում եք վառ գունավորմամբ, գրավիչ խաղալիք և մոտեցնում երեխային (մոտ 20-30 սմ հեռավորության վրա), ապա հեռու տանում: Տանում եք առարկան մի կողմից մյուսն այնքան դանդաղ, որպեսզի երեխան ժամանակ ունենա իր հայացքը կենտրոնացնելու դրա վրա:

 

2 ամսական․ «Ձեռք տուր»

Երկու ամսական երեխայի հետ ժամանցի հիանալի տարբերակ է  «Ձեռք տուր» խաղը: Այս խաղի միջոցով կարող եք զարգացնել փոքրիկի մոտորիկան ու շոշափելիքը: Հավաքեք տարբեր մակերեսներով առարկաներ: Թող հավաքածուի մեջ լինեն թավշյա, բամբակյա գործվածքներ, պլաստմասե իր, փափուկ սպունգ և այլ առարկաներ։ Ձեր երեխայի ձեռքը հպեք այդ իրերին ու երկար շոշափեք:

 

3 ամսական․ «Կու-կու»

«Կու-կու» խաղը նպաստում է երեք ամսականի բալիկի ընկալման, տեսողության և հիշողության զարգացմանը: Պարզապես ծածկում եք ձեր դեմքը ձեռքերով կամ թաշկինակով, այնուհետ «կախարդական» կերպով հեռացնում ու կրկին բաց դեմքով հայտնվում երեխայի առջև: Այդպես նաև զվարճացնում եք փոքիկին:

 

4 ամսական․ «Պարում ենք միասին»

Հետևյալ խաղն անհրաժեշտ է շարժողական հմտությունների զարգացման համար: Միացրեք ակտիվ երգ, մանկական ինչ-որ մեղեդի և շարժվեք երեխայի հետ: Մինչ նա պառկած է անկողնու կամ տակդիրը փոխելու սեղանիկի վրա, քնքշորեն շարժեք բալիկի ձեռքերն ու ոտքերը, հուսալիորեն բարձրացրեք։ Գրկեք նրան և պտտվեք սենյակում:

 

5 ամսական․ «Պարկ-պայուսակ»

«Պայկ-պայուսակ» խաղն օգնում է հինգ ամսական երեխայի տակտիլ զգացողությունների ու լսողության բարելավմանը: Վերցրեք հաստ կտորից փոքր պարկեր և լցրեք դրանք տարբեր հատիկներով՝ ուլունքներով, ոսպով, ծալած պոլիէթիլենային տոպրակներով: Կարեք պարկի բացվող մասերը և տվեք երեխային, որպեսզի ձեռքով բռնի, շոշափի: Դա երկար ժամանակ կզբաղեցնի հետաքրքրասեր մանկիկին:

 

6 ամսական․ «Մանկական պահմտոցի»

Վեց ամսական բալիկի խոսքի և հիշողության զարգացումը կարելի է ապահովել «Մանկական պահմտոցի» խաղով: Ընտրեք ձեր երեխայի սիրելի խաղալիքը և ծածկեք այն շարֆով, կտորով: Դրեք այլ տեղում ու բալիկի հետ փնտրեք «կորած խաղալիքը»: Փնտրելիս բարձրաձայն խոսեք, թե ինչ եք անում՝ «Որտե՞ղ է արջուկը», «Ու՞ր ես գնացել», «Մենք հիմա կգտնենք քեզ»:

  

7 ամսական․ «Պատուհաններ»

Հաստ, գունավոր ստվարաթղթից բացվող պատուհաններով տուն պատրաստեք: Թող ինչ-որ առարկա կամ հերոս սպասի երեխային յուրաքանչյուր պատուհանից այն կողմ: Պատրաստեք պատուհաններն այնքան ամուր և ապահով, որ երեխան կարողանա դրանք բազմիցս բացել ու փակել: Այդ ամենն անելիս յոթ ամսական երեխան կզարգացնի իր հիշողությունն ու ուշադրությունը:

 

8 ամսական․ «Բատուտ»

Ութ ամսական փոքրիկի մոտորիկան զարգացնող «Բատուտ» խաղը կազմակերպելը դժվար չէ: Երբ նստած եք հատակին, պարզապես բռնեք երեխային և հանգիստ կերպով մի փոքր բարձրացրեք նրան ու իջեցրեք: Այնպես արեք, որ նա զգա՝ կարծես թռչում է, ցատկոտում է բատուտի վրա: Այդ ընթացքում նա կփորձի նաև հրել իր ոտքերը, շարժվել, ինչն էլ հենց կապահովի ոտքի մկանների մարզումը:

 

9 ամսական«Բաժակներ»

«Բաժակներ» խաղով զարգացնում եք երեխայի մտածողությունը և շարժողական հմտությունները: Դրա համար գնում եք կամ հավաքում տարբեր չափերի բաժակներ կամ տուփեր: Գլխավորն այն է, որ հնարավոր լինի դնել մեկը մյուսի մեջ, ինչպես մատրյոշկա տիկնիկների դեպքում է ստացվում։ Եթե գավաթները լինեն գունավոր, շատ ավելի լավ: Ցույց տվեք ձեր երեխային, թե ինչպես կարելի է փոքր առարկան դնել մեծի մեջ: Եվ հետո թող երեխան ձեր օգնությամբ փորձի դա կրկնել:

 

10 ամսական․ «Նմա՞ն են, թե՞ նման չեն»

Շարունակում ենք զարգացնել 10 ամսական երեխայի մտածողությունն ու ընկալումը: Ստվարաթղթից կտրեք զանազան չափերի և գույների երկրաչափական պատկերներ: Երեխային ցույց տվեք զույգերով՝ նույն գույնի տարբեր ձևեր (կարմիր եռանկյուն և կարմիր ուղղանկյուն), տարբեր չափերի նույն ձևեր (մեծ կոն ու փոքր կոն) և այլն: Անվանեք բոլորը՝ ձևերը, գույները, որն է խոշոր, որը՝ ոչ:

 

11 և 12 ամսական․ «Տիկնիկային թատրոն»

«Տիկնիկային թատրոն» խաղը նպաստում է երեխայի խոսքի ու ընկալման զարգացմանը: Խաղալիքների օգնությամբ՝ սովորական կամ մատների վրա դրվող, փոքրիկ ներկայացում բեմադրեք՝ հիմնված բալիկին ծանոթ բանաստեղծության կամ հեքիաթի վրա: Թող յուրաքանչյուր կերպար ունենա իր ձայնի տեմբրը և խոսքի ձևը: Եվ եթե կենդանիների կերպարներ են ներգրավված ներկայացման մեջ, ապա դրանց բնորոշ ձայները նույնպես պետք է հնչեն՝ մլավոց, հաչոց, բառաչյուն: