Փոքրիկներն աղմկում են, հրաժարվում քնել, փորձում հնարավորինս շատ հակառակվել ծնողներին և խաղալ: Տվյալ իրավիճակում երեխայի հետ վիճելու փոխարեն մայրիկն ու հայրիկը կարող են զիջումների գնալ և կազմակերպել հանգիստ խաղեր քնից առաջ, որոնք նաև լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինեն։
1․ Գրկախառնություն
Գրկեք ձեր երեխային և նրա ականջին ասեք տասը քաղցր խոսք: Օրինակ՝ սիրելի, խելացի, ուժեղ, նրբանկատ, համարձակ, տաղանդավոր, հոգատար, գեղեցիկ, անվախ, բարի: Փոխվեք դերերով ու լսեք հաճելի խոսքեր արդեն փոքրիկից ձեր մասին: Այս խաղը ձեզ կմոտեցնի և երեխային կհաղորդի ինքնավստահության զգացում։
2․ Լռություն երեքի հետ
Հայրիկը, մայրիկը և երեխան երկու-երեք րոպե լռում են, ուշադիր լսում պատուհանից այն կողմ հնչող ձայները: Երբ ժամանակն ավարտվում է, յուրաքանչյուրը նկարագրում է իր լսածը: Օրինակ՝ մայրիկն իբր լսել է, թե ինչպես են երկու թռչուններ վիճում, իսկ հայրիկը՝ ինչպես է մի մեքենա մյուսին բողոքում, որ իրեն չեն լվանում, մոռանում են լիցքավորել: Եվ այստեղ հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է լսել երեխան:
3․ Գորգ-ինքնաթիռ
Հատակին փռված է փոքրիկ գորգ: Մայրիկը երեխային ասում է, որ այդ գորգը կախարդական է և կարող է թռչել: Բալիկի հետ նա նստում է գորգի վրա և խնդրում նրան փակել աչքերը: Դրանից հետո հարցնում է՝ որտե՞ղ կուզես թռչենք այսօր: Հետո նա արտասանում է կախարդական բառեր, գորգը ենթադրաբար հանում է օդ, և նրանք երևակայության օգնությամբ մեկնում են հեքիաթային ճանապարհորդության: Մայրիկը սկսում է պատմություն հորինել, խոսել այն մասին, թե ինչ կանգառներ են անելու, ինչ են տեսնելու և «թռիչքի» ընթացքում իրականացնում:
4․ Գնացքի ռելսեր
Մատների օգնությամբ փոքրիկի մեջքին ուղիղ գծով շարժումներ ենք անում, ընթացքում դադար տալիս, մեղմ հպվում, շրջանակաձև շարժում, բարձրաձայն ասում՝ գնացքը շարժվում է, փղիկը գնացք նստեց կամ ուղևորներն իջնում են: Ստացվում է՝ մերսումն ու զվարճանքը մեկտեղվում են խաղի մեջ:
Շարունակելի