«Պե՞տք է անհանգստանալ, եթե երկու ամսական երեխան գիշերն արթնանում է միայն մեկ անգամ»․ պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է երեխաների քնի խորհրդատու, հոգեբան, հոգեթերապևտ Էմմա Արզիևան։

Անուն՝ Սեդա

Հարց՝ Բարև Ձեզ: Երկու ամսական փոքրիկս կերակրվում է կրծքով: Ցերեկն ուտում է կրծքի կաթը և քնում, բայց գիշերը քնեցնում եմ դժվարությամբ: Ինչպե՞ս կարգավորել քունը, ե՞րբ քնեցնել երեխային: 

Պատասխան՝  Երկու ամսական բալիկին արթուն են պահում 1 ժամից մինչև 1 ժամ 20 րոպե, պահպանում են 4-5 ցերեկային՝ 15 րոպեից մինչև 3 ժամ տևողությամբ, ապահովում գիշերային քունը վերջին ցերեկայինից 70-80 րոպե անց:   

 

Անուն՝ Էլիզա

Հարց՝  Փոքրիկս գրեթե չի քնում, օրվա ընթացքում 10-20 րոպե և վերջ: Ողջ գիշեր արթուն է լինում ու անհանգիստ: Ի՞նչ անեմ: Նշեմ, որ ծնվելուց հետո չորս ամիս եղել է հիվանդանոցում, արյան ինֆեկցիա ուներ: Դուրսգրումից հետո քնի հետ կապված այդ վիճակն է եղել: Դեղորայք նշանակեցին քունը կարգավորելու համար, սակայն դրական արդյունք չեղավ:

Պատասխան՝ Քնի սահուն կազմակերպման համար անհրաժեշտ է հետևել քնի հիգիենայի կանոններին ու նպաստավոր պայմաններ ստեղծել՝ անարգել քուն մտնելու ու միանվագ երկար քնելու համար: Այս ամենը հնարավոր է կազմակերպել ոչ թե դեղորայքի միջոցով, այլ քնի վարքային խանգարումների մասնագետի հետ: 

 

Անուն՝ Ջուլիետա

Հարց՝ Հարգելի՛ մասնագետ, երկու ամսական բալիկը գիշերն արթնանում է միայն մեկ անգամ: Դա նորմա՞լ է:

Պատասխան՝ Երկու ամսականում երեխաները կարող են քնել 16-18 ժամ (5-8 ժամ ցերեկը, 8-11 ժամ՝ գիշերը): Եթե երեխան տարիքին համապատասխան քաշ ավելացնում է, ապա այո՛, նորմալ է: