«Երեխայիս նեղացնում են, իսկ նա ձայն չի հանում․ ինչպե՞ս վարվեմ»․ պատասխանում է հոգեբանը

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

 

Անուն՝ Նարինե

Հարց՝ Բարև Ձեզ, փոքրիկս 4.7 տարեկան է: Արդեն մեկ տարի է` հաճախում է մանկապարտեզ, բայց դեռ չի կարողանում լիարժեք շփվել ու խաղալ։ Տանն ակտիվ է և ներկայացնում է այն ամենն, ինչ անում ու սովորում է այնտեղ: Ի՞նչ անեմ:

Պատասխան՝ Նմանատիպ խնդիրը կարող է լինել ծագել պատճառներով` տագնապայնություն, դաստիարակություն, մանկապարտեզի մթնոլորտ, դաստիարակների վերաբերմունք, շփման հմտությունների պակաս, որևէ հոգեցունց իրողության հետևանք: Դա կարող է նաև ծնողների որևէ հոգեբանական խնդրի արդյունք լինել, օրինակ` ծնողներն առանձնապես շփվող չեն կամ շարունակ անհանգստանում են երեխայի համար: Երբեմն ծնողների ներքին վախերն այդպիսի արտահայտումներ են գտնում բալիկների վարքում: Փորձեք մանկապարտեզի մեղմ և շփվող մեկ կամ երկու բալիկի հրավիրել ձեր տուն, օգնել,  որ երեխան իր համար ապահով մթնոլորտում սովորի շփվել նրանց հետ: Հետո նրա համար առավել հեշտ կլինի մանկապարտեզում: Եթե այս փորձերը չօգնեն, խորհրդակցեք մասնագետի հետ:

 

 

Անուն՝ Սոնա

Հարց՝ Աղջիկս 2.3  տարեկան է և դեռ կուրծք է ուտում: Ուզում եմ դադարեցնել, սակայն չի ստացվում: Ինչպե՞ս վարվել:

Պատասխան՝ Եթե երեխան մինչ այս կրծքով է կերակրվել ոչ միայն քաղցած  ժամանակ, այլև լաց լինելիս, քնելիս, անհանգիստ պահերին, եթե երեխան սովոր է, որ իր բոլոր ցանկությունները կատարվեն առանց առարկության, ապա դժվար կլինի: Շատ կարևոր է ձեր պատրաստակամությունը: Դուք ինքներդ պետք է  ձեր ներսում պատասխանեք հարցին՝ ցանկանու՞մ եք, որ երեխան կտրվի կրծքից: Եղեք հաստատուն, խրախուսեք երեխայի՝ մեծի նման պահվածքը՝ բացատրելով, որ այդ տարիքի  բալիկները չեն ուտում մայրիկի կաթը, նրանք խմում են բաժակից: Պետք է նրա մոտ մեծանալու մոտիվացիա առաջացնել ու չխրախուսել մանկական պահվածքը:

 

 

Անուն՝ Արգինե

Հարց՝ Իմ տղան 2.7 տարեկան է, սկզբում շատ համարձակ էր և իր իրավունքի տերը: Հիմա` ոչ: Երբ բակում խաղալիքները ձեռքից վերցնում են, չի պահանջում վերադարձնել: Ինձ կամ հայրիկին է խնդրում միջամտել: Եթե իրենից փոքր աղջիկն անգամ ճչում է, վախեցած թողնում է խաղալիքները: Ի՞նչ անել, որպեսզի երեխան կարողանա պաշտպանել իրավունքները և համարձակ գտնվի: Նշեմ, որ մենք շատ քաղաքավարի ենք մեծացրել ու դաստիարակել, վատ բառեր էլ չի օգտագործում: Օգտագործելիս ներողություն է խնդրում անպայման:

Պատասխան՝ Դուք պետք է օգնեք երեխային: Նրա առջև չափազանցված պահանջներ մի դրեք, անդադար դիտողություններ մի արեք ու մի սպասեք իդեալականություն: Գուցե շատ քաղաքավարի եք մեծացնում, բայց արդյո՞ք թույլ եք տալիս, որ մի փոքր կոպիտ լինի, իրենը պնդի: Բակում, այլ երեխաների հետ շփվելիս նման որակները պետք են: Չափազանց քաղաքավարի բալիկները հաճախ չեն կարողանում իրենց պաշտպանել: Պակասեցրեք պահանջները տանը, թույլ տվեք լինել մի քիչ  չարաճճի: Երեխայից պահանջեք մանկական քաղաքավարություն, ոչ ավելին:

 

 

Անուն՝ Աքսանա

Հարց՝ Հարգելի՛ հոգեբան, տղաս երկու տարեկան է, շատ չարաճճի է: Ինչպե՞ս դաստիարակեմ, որ այդպիսին չլինի: Երբեմն ապտակում եմ և գիտեմ, որ սխալ եմ անում: 

Պատասխան՝ Ցանկանում եք՝ ձեր տղան խելոք, լսող և ենթարկվող լինի, բայց մոռանում եք, որ, լինելով այդպիսին, նա կշարունակի տվյալ վարքն ապագայում ու կենթարկվի, կլսի գրեթե բոլորին, չի ունենա սեփական տեսակետ և մոտեցում: Տղաներին մի փոքր չարաճճի ու ակտիվ լինելը չի խանգարում: Բացի այդ, երկու տարեկան երեխան դեռ բարոյախոսություն լսելու տարիքում չէ: Ապահովեք երեխայի անվտանգությունը, իսկ մնացածը նա ձեզնից կսովորի: Եթե ինչ-որ վտանգավոր իր թողել եք դրսում, փոքրիկի համար հասանելի վայրում, ապա չպիտի զայրանաք, որ նա ձեռք է տալիս: Փորձեք տարբերել ձեր և երեխայի պատասխանատվությունը: Երեխային ապտակել առավել ևս պետք չէ: