«Աստղիկ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ, էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Աննա Տողրամաջյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։
Անուն` Նարինե
Հարց` Բարև Ձեզ: Արդյո՞ք վտանգավոր է հղիանալը, եթե ունեմ ձվարանների կիստա։ Պտղի վրա դա որևէ կերպ կազդի՞, թե՞ ոչ։ Եվ կարո՞ղ է այս վիճակը բուժվել ոչ վիրահատական, միայն դեղորայքային ճանապարհով:
Պատասխան՝ Դա հասկանալու համար պետք է հստակեցնել, թե կոնկրետ ինչ տեսակի է, ինչպիսի տեղադրություն ունի: Բուժման տարբերակը որոշովում է՝ ելնելով այդ ամենից: Առավել ճշգրիտ հնարավոր է ասել միայն հետազոտություններն ուսումնասիրելուց հետո:
Անուն` Նաիրա
Հարց` Քթի վիրահատության համար կատարված ընդհանուր անզգայացումից որքա՞ն ժամանակ անց է կարելի հղիանալ։
Պատասխան՝ Եթե չկա հակացուցում վիրահատող բժշկի կողմից, ապա հենց հաջորդ ամիս կարելի է պլանավորել հղիություն:
Անուն՝ Գոհար
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, կարո՞ղ է հոսանքահարության արդյունքում, որն ուժեղ չի եղել, գրանցվել պտղի սրտի կանգ: Հղիությունը եղել է 13-14 շաբաթական: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան՝ Այո՛, հոսանքահարումը կարող է պատճառ դառնալ, սակայն հղիության ընդհատումը կարող է պայմանավորված լինել նաև այլ գործոններով: Ուստի հաջորդ հղիության դեպքում անհրաժեշտ կլինի կատարել պլանավորում, հետազոտություններ:
Անուն` Սոֆյա
Հարց` Երեք ամիս առաջ ծնվել է բալիկս, մեկ ամիս առաջ ունեցել եմ չպաշտպանված սեռական հարաբերություն: Եթե հղիության թեստ դնեմ և հղիություն լինի, ցույց կտա՞։ Նշեմ, որ կերակրում եմ բացառապես կրծքով։ Լսել եմ՝ քանի դեռ դաշտան չի լինում, թեստն էլ ցույց չի տալիս հղիության առկայությունը: Դա ճ՞իշտ է, թե՞ ոչ:
Պատասխան՝ Հղիության առկայության դեպքում թեստն արդեն իսկ կարող է ցույց տալ, եթե կա ուշացում: Երբ դաշտանը բացակայում է, մոտենում եք գինեկոլոգի, անցնում որոշակի հետազոտություններ` հերքելու կամ հաստատելու հղիությունը: Հետազոտման միջոցներն են սոնոգրաֆիան, արյան մեջ ԽԳ-ի մակարդակի որոշումը: Խորիոնային գոնադոտրոպինի առկայության որոշումը կատարվում է չպաշտպանված սեռական ակտից երկու շաբաթ հետո, իսկ սոնոգրաֆիան՝ 3-4 շաբաթ անց:
Անուն` Անյա
Հարց` Բարև Ձեզ: Մեկ տարի է, ինչ դաշտանը բացակայում է ինձ մոտ: Մինչ դա ցավալի կորուստ էի ունեցել իմ կյանքում, ինչից հետո էլ անհետացավ: Ի՞նչը կարող է լինել դաշտանի անհետացման բուն պատճառ: Ասեմ, որ ամուսնացած եմ, ունեմ յոթ տարեկան երեխա, քաշի կորուստ եմ ունեցել, վախենում եմ բժշկի մոտ գնալ:
Պատասխան՝ Ինչպես սթրեսը, այնպես էլ քաշի կտրուկ կորուստը կարող է հանգեցնել դաշտանային ֆունկցիայի խանգարման: Անհրաժեշտ է գնալ բժշկի, հասկանալ ստույգ պատճառը, ստուգել հորմոնալ վիճակը, որից հետո ստանալ համապատասխան բուժում:
Անուն` Վարդուհի
Հարց` Հարգելի՛ բժիշկ, հնարավո՞ր է՝ մատով մի փոքր ներհրումից կուսաթաղանթը պատռվի: Սկզբում քիչ քանակությամբ արյուն եկավ, որի գույնը հետո դարձավ սև ու տևեց 4-5 օր:
Պատասխան՝ Մատով կամ գործիքներով ներհրման ժամանակ կարող է լինել կուսաթաղանթի վնասում:
Անուն` Մարինե
Հարց` Բարև Ձեզ: Կես տարի շարունակ արտադրություն ունենալուց հետո (դաշտանային ցիկլս նորմալ էր) այցելեցի բժշկի, հանձնեցի քսուքի հետազոտություն, որի պատասխանը եղավ ինֆեկցիաների առկայությունը, և մասնագետը նշանակումներ արեց։ Այստեղ ինձ համար խնդիրն այն էր, որ քսուքը վերցնելիս դժվարությամբ գտան վզիկը, ցավ զգացի ու արյուն եկավ։ Տվյալ ամսից սկսած դաշտանից 10 օր առաջ արյուն եկավ շատ քիչ, որը տևեց մինչև բուն դաշտանի սկսվելը։ Ես բուժումը չարեցի երկրից դուրս գալու պատճառով ու, իհարկե, արտադրությունը և արյան առկայության հետ կապված նոր ծագած խնդիրը պահպանվեցին։ Դրանից կես տարի անց արդեն Ռուսաստանում գտնվելու ժամանակ կրկին այցելեցի բժշկի, քսուք վերցին, կատարեցին ներհեշտոցային ՈՒՁՀ, ինչ֊որ հաբ, մոմիկ նշանակեցին հեշտոցի համար։ Դեղերն օգտագործելուց հետո կրկնեցին քսուքի հետազոտությունը, ամեն ինչ կարգին էր, նույնիսկ՝ իդեալական, սակայն ինձ մոտ ոչինչ չփոխվեց։ Այցելեցի մեկ այլ մասնագետի, անցա նույն պրոցեսների միջով, բայց ոչ մի փոփոխություն։ Նշեմ, որ ամեն անգամ քսուք վերցնելուց հետո դաշտանս ավելի շուտ է սկսվում, ցավեր չունեմ։ Խնդրում եմ ասել՝ էլ ի՞նչ անել, ի՞նչ խնդիր կարող է լինել սա։ Հավելեմ, որ այս պահին 38 տարեկան եմ, ունեմ 2 տարեկան բալիկ (կեսարյան հատումով է ծնվել), երեխայի ծնվելուց կես տարի հետո է տվյալ խնդիրն առաջացել։ Նախապես շնորհակալություն։
Պատասխան՝ Քսուքի հետազոտությունը կապ չի կարող ունենալ դաշտանային ֆունկցիայի խանգարման հետ: Միջդաշտանային արյուն կարող է դիտվել, եթե քսուքը վերցնելուց հետո կատարվել է, օրինակ, ցիտոլոգիական քննություն, լորձաթաղանթի որոշակի պատռվածք է տեղի ունեցել: Դաշտանային ֆունկցիան դրանից, այնուամենայնիվ, տուժել չի կարող: Պետք է հասկանալ դրա խաթարման իրական պատճառը, որը կարող է լինել նույնիսկ հորմոնալ: