«Նյարդային եմ դարձել և կամքիցս անկախ ծեծում եմ երեխային, ի՞նչ անել»․ պատասխանում է հոգեբանը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը։

Անուն՝ Անահիտ

Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս 1 տարեկան 3 ամսական է և լացկան է: Ամեն փոքր բանից հուզվում է ու նյարդայնանում: Ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան՝  Եթե լացկանությունը սկսվել է մեկ տարեկանում կամ այդ տարիքին մոտ, ապա դա ավելի շատ 1 տարեկանի ճգնաժամին է նման: Տվյալ շրջանում երեխաների կյանքում տեղի է ունենում երկու խոշոր փոփոխություն՝ խոսքի և քայլքի առաջացում: Բալիկների վարքը փոխվում է, ավելի կամակոր են դառնում: Պետք է  ուղղակի մի փոքր հանդուրժող լինել, համբերատար ու դիմանալ վարքային փոփոխություններին: Պետք չէ երեխային պատժել կամ վախեցնել: Դուք էլ նրա վարքից տագնապի մեջ մի՛ ընկեք:  Եթե այդ փոփոխությունները կապված չեն մեկ տարեկան դառնալու հետ և վերջերս չեն առաջացել, ապա պետք է ավելի մանրամասն խոսել ու հասկանալ պատճառը:

 

Անուն՝ Սեդա

Հարց՝  Հարգելի՛ հոգեբան, հղի եմ ու շատ նյարդային եմ դարձել: Դրան նպաստում է տան լարված մթնոլորտը: Այդ վիճակից ելնելով` կամքիցս անկախ ծեծում եմ 7 ամսական փոքրիկիս:  Ի՞նչ անեմ` տվյալ վիճակից դուրս գալու համար:

Պատասխան՝ Ձեր ներկայիս ֆիզիկական վիճակը, տան վատ մթնոլորտը, շրջապատող մեծահասակների վարքը, որոնց հանդեպ չեք կարողանում արտահայտել ձեր զայրույթը, առաջացնում են ուժեղ անկարողության զգացում: Այդ անկարողությունն է, որ ստիպում է ուժեղ զայրույթ ապրել: Միակ մարդը, որն անպաշտպան ու անկարող է, չի կարող պատասխանել ձեզ նույն ձևով, բալիկն է, ու նա ստանում է այդ ամենից ամենավատ բաժինը: Նախ` պետք է փորձեք փոխել այն մարդկանց արժեքը, ում վրա զայրանում եք, և այն մարդու, ում զայրույթից ծեծում եք: Վստահ եմ՝ ձեզ զայրացնողները քիչ կարևոր են, բայց սխալմամբ առավել կարևորել եք նրանց: Փոքրիկը ծնվում է մեզ ուրախացնելու և երջանկություն պարգևելու համար, և ոչ մի դեպքում նա չպիտի դառնա մեր զայրույթի առարկան:

 

Անուն՝ Նունե

Հարց՝ Երեխաս 1 տարեկան 4 ամսական է: Անընդհատ մազ է փնտրում և ուտում: Ինչի՞ց է դա, ի՞նչ անենք:

Պատասխան՝ Գործ ունեք տրիխոտիլոֆագիա կամ տրիխոտիլոմանիա երևույթի հետ, որը հոգեկան անկայունության, կպչուն գործողությունների հակվածության, բարձր տագնապայնության մասին է խոսում: Թողնել և սպասել պետք չէ: Անհրաժեշտ է դիմել հոգեբանի ու նյարդաբանի խորհրդատվության: