«Երեխաս չորս տարեկան է և միշտ ուզում է մեր կողքին քնել, ի՞նչ անեմ»․ պատասխանում է հոգեբանը

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

Անուն՝ Էլեն

Հարց՝ Բարև Ձեզ: Իմ բալիկը  երկու տարեկան է,  բայց դեռ չի խոսում: Վերջերս նյարդային է դարձել, բղավում է և լալիս, երբ մի բան է ուզում, կամ երբ նկատողություն եմ անում: Հասկանում եմ՝ դա միգուցե չխոսելու պատճառով է, սակայն մտավախություն ունեմ, որ կարող է կամակոր դառնալ: Ի՞նչ անեմ: 

Պատասխան՝  Այո՛, երեխայի նյարդային վիճակի պատճառը կարող է խոսքի ուշացումը լինել: Բնականաբար այս փուլում նա ավելի նյարդային կլինի, դժվար կտանի սահմանափակումները, բայց ոչ մի դեպքում պետք չէ կատարել նրա բոլոր պահանջները, դրանից կամակորություն կառաջանա: Պետք է ուղղակի լինել հաստատակամ, և մերժելու դեպքում ոչ մի պարագայում որոշումը չփոխել, չզիջել: Պետք է նաև խուսափել զայրույթ կամ վախեցնող դեմքի արտահայտությունից և գործողություններից, դրանք անօգուտ են ու բացասական հետևանքներ են ունենում: Նման դեպքերը պետք է քիչ լինեն, սահմանափակումներն էլ տրամաբանական:

 

Անուն՝ Լիլի

Հարց՝  Հարգելի՛ հոգեբան, 6-7 տարեկան երեխան պլաստիլինով աշխատելիս կամ նկարելիս անընդհատ ընտրում է սև գույնը: Ինչո՞վ կարող է պայմանավորվել նրա հակվածությունը դեպի սև գույնը:

Պատասխան՝  Գույնի ընտրությունը կարող է կապված լինել երեխայի երևակայության և ոչ ստանդարտ մտածողության հետ: Հաճախ դաստիարակությունը և սոցիալական կարծրատիպերը ստիպում են մեզ խուսափել սև գույնից` դրան ինչ-որ բացասական որակում տալով: Սակայն սև գույնը փոքրիկի համար կարող է լինել ուղղակի ամենահագեցածը, որով կարելի է եզրագծել նկարը, շեշտել մյուս գույները: Եթե բացի այդ գույնի օգտագործումից երեխան անհանգստացնող վարքային կամ հուզական դրսևորումներ չունի, ապա մտահոգվելու կարիք չկա: Իսկ եթե կան անհանգստացնող երևույթներ փոքրիկի վարքում, ապա պետք է դրանց մասին մտածել, գույների օգտագրծմանն էլ տալ երկրորդական նշանակություն:

   

Անուն՝ Սոնա

Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս չորս տարեկան է և ուզում է միշտ մեր կողքին քնել: Գիշերը նրան տանում եմ իր անկողին, նա նորից գալիս է մեզ մոտ: Ինչպե՞ս վարվել:

Պատասխան՝  Կարևոր է հասկանալ՝ ինչու է երեխան գալիս, երբ է դա սկսվել, ինչպես է նա պատճառաբանում իր գալը: Եթե բալիկին անհանգստացնում են վախերը, դա այլ իրավիճակ է: Եթե նա ուղղակի կամակորություն է անում, այդտեղ մոտեցումները լրիվ ուրիշ են: Իսկ եթե անհանգստությունը սկսել է, օրինակ, այն պահից, երբ  իմացել է՝ երկրորդ բալիկին  եք սպասում, մոտեցումները կրկին փոխվում են:  Ամեն դեպքում պետք է հետևողականորեն նրան տանել իր մահճակալ, «ստիպել», որ քնի իր անկողնում: Հաճախակի մեծերի մոտ քնելը կարող է սովորություն դառնալ, որից ազատվելն ավելի դժվար կլինի:

 

Անուն՝ Հասմիկ

Հարց՝  Իմ բալիկը 4 ամսական է ու հաճախ գիշերը բարձր  ճչում է: Հավանաբար վատ երազ է տեսնում: Ինչպե՞ս օգնեմ նրան:

Պատասխան՝ Տվյալ տարիքում երեխան գիշերը կարող է լաց լինել ատամների, որովայնի կամ մեկ ուրիշ անհանգստության պատճառով: Անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի կամ մանկական նյարդաբանի հետ: Այդ շրջանում երեխայի լացը նրա միակ միջոցն է՝ իր ֆիզիկական վիճակի մասին հայտնելու: Երբ երեխան գիշերը ճչում է ու չի հանգստանում, կարելի է գրկել նրան և գլուխը դնել մայրիկի սրտի կողմը, այնպես, որ բալիկի ականջը լինի մոր սրտին: Մոր սրտխփոցի ձայնը խաղաղեցնում է երեխաներին: Հաշվի առնենք, որ այդ ձայնն են նրանք լսում 9  ամսվա  ընթացքում: Եթե զգում եք՝ ոչ մի կերպ չի խաղաղվում, վստահ եք՝ որևէ տեղ չի ցավում, չի շոգում, չի մրսում և ֆիզիկական անհանգստություն չունի,  ապա անպայման դիմեք բժշկի: