«Անհանգստանալ պե՞տք է, եթե երեխայի կղանքն ունի կանաչ գույն»․ պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին պատասխանել է մանկաբույժ Եվա Հարությունյանը։

Անուն` Վարսեր

Հարց` Բարև Ձեզ, բալիկս 44 օրական է: Մեկ ամիս կլինի, որ շատ անհանգիստ է, բարձր ձայնով լաց է լինում, պորտի ճողվածք էլ ունի: Բժշկի նշանակմամբ տվել ենք  «Էսպումիզան» և «Իզիկոլ»,  բայց դրանց օգտագործումից հետո կարծես բալիկս ավելի անհանգիստ դարձած լինի: Միգուցե դեղ չտամ,  հանգստանա՞:  Նշեմ, որ երեխան միայն կրծքի կաթով է կերակրվում,  ծնվել է 3․7 կգ քաշով, այժմ կշռում է 5 կգ:

Պատասխան՝ Տվյալ տարիքում հաճախակի են հանդիպում աղիների հետ կապված խնդիրներ, մասնավորապես` գազիկներ: Պատճառներից մեկը կերակրվելու ժամանակ կուլ տված օդն է: Պետք է մի փոքր համբերատար լինեք: Բացառելու համար այլ խնդիրների առկայությունը՝ այցելեք մանկաբույժի:

 

Անուն՝ Արփինե

Հարց՝ Աղջիկս 7 տարեկան է, և արդեն երկար ժամանակ ինձ անհանգստացնում է նրա ներքնաշորի վրա նկատվող դեղնավուն արտադրությունը։ Միզելու հետ կապված  որևէ բողոք չունի։ Նորմա՞լ է:

Պատասխան՝ Նման արտադրությունը նորմայի տարբերակ է: Եթե արտադրության տեսքը, հոտը, գույնը փոխվի, անպայման դիմեք տեղամասային մանկաբույժին, անհրաժեշտության դեպքում նաև մանկական գինեկոլոգին:

 

Անուն` Կարինե

Հարց` Հարգելի՛ բժիշկ, ի՞նչ հաճախականությամբ պետք է գործեն յոթ ամսական երեխայի աղիները, և ի՞նչ գույն պետք է ունենա կղանքը։ Արդյո՞ք կանաչ գույնն անհանգստանալու առիթ չէ։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Այդ տարիքի երեխայի աղիները միջինում կարող են գործել օրը 1-2 անգամ: Եթե գանգատներ չունեք, կանաչ գույնի կղանքը անհանգստանալու առիթ չէ: Քանի որ 6 ամսականից սկսվում է հավելյալ սննդի ընդունումը, կղանքի կանաչ գույնը կարող է պայմանավորված լինել երկաթ պարունակող սննդամթերքի օգտագործմամբ:

 

Անուն` Տիրուհի

Հարց` Երեխաս չորս ամսական է և ուտում է շատ քիչ` 60-90 գրամ: Քաշը 5 կգ է։ Ի՞նչ  անեմ, որ մի փոքր շատ ուտի:

Պատասխան՝ Այստեղ շատ կարևոր է երեխայի ուտելու ռեժիմը: Կերակրեք 2-3 ժամը մեկ: Նաև ամիսը մեկ անգամ այցելեք տեղամասային մանկաբույժին՝ երեխայի քաշը և հասակը հսկելու նպատակով: