«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։
Անուն՝ Լուսինե
Հարց՝ Բարև Ձեզ: Տղաս երեք տարեկան է, չի սիրում ինչ-որ բանով զբաղվել, նկարել, սովորել, հանդեսներին չի արտասանում՝ չնայած նրան, որ ոտանավորները գիտի: Ի՞նչ անել, որ փոքրիկի մոտ սեր առաջանա դեպի ուսումը: Ի՞նչ խմբակներ է կարելի տանել:
Պատասխան՝ Եթե երեխան չի ուզում զբաղվել այն ամենով, ինչ իրեն առաջարկում եք, ապա դա չի նշանակում՝ նա չի սիրում ուսումը կամ չի սիրում զբաղվել որևէ բանով: Դա նշանակում է, որ նրան դուր չի գալիս այն զբաղմունքները, որոնք դուք առաջարկում եք, կամ միջավայրը, որտեղ ամենն արվում է, կամ էլ մարդիկ, որոնք զբավում են իր հետ: Այդ տարիքի երեխաները սիրում են ազատություն, անկախություն և ինքնաբուխ խաղ: Ուշադիր եղեք ձեր փոքրիկի վարքի ու հետաքրքրությունների նկատմամբ, փորձեք պարզել` հատկապես ինչն է նրան դուր գալիս: Տվյալ տարիքում բոլոր բալիկներն իրար նման չեն լինում, նրանք շատ տարբեր հետաքրքրություններ են ունենում: Փորձեք գտնել հենց ձեր երեխայի հետաքրքրությունները: Այս պահին նրան որևէ բան ստիպելը ավելի շատ բացասական վերաբերմունք կառաջացնի նրա կողմից, իսկ ուսման հանդեպ վերաբերմունք ձևւավորելու համար դեռ մի փոքր շուտ է, թողեք երեխան խաղա որքան ցանկանում է:
Անուն՝ Անի
Հարց՝ Տղաս 12 տարեկան է, բայց ամեն ինչից զայրանում է, նույնիսկ երբ խոհանոցում ճաշում ենք, նա հյուրասենյակում նստած կատաղում է ու սկսում վիրավորել բոլորին: Ինչպե՞ս վարվեմ:
Պատասխան՝ Եթե այդ վարքը սկսվել է վերջերս, ապա կարող է ուղղակի սուր դեռահասության ճգնաժամի նշան լինել: Պետք է հանգիստ վերաբերմունք ցուցաբերել երեխաներին այդ շրջանում: Նրանք շատ լուրջ ֆիզիկական, հոգեբանական և ներքին փոփոխություններ են ապրում, որոնց արդյունքում անընդհատ բարձր լարվածության մեջ են գտնվում: Տվյալ լարվածությունից, հորմոնալ փոփոխություններից դառնում են դյուրագրգիռ, անզուսպ, հաճախ կարող են կոպտել մեծահասականերին: Այս ամենը նորմալ է գրեթե բոլոր դեռահասների համար: Պետք է դիմանալ, համբերել մինչև տղան կանցնի դեռահասության դժվար ժամանակահատվածը: Եթե նկատում եք, որ երեխայի մոտ դրսևորվող վարքը ավելի լուրջ է, քան նկարագրվածը, ապա անպայման դիմեք մասնագետի:
Անուն՝ Լիլյա
Հարց՝ Իմ բալիկը երկու տարեկան է: Արդյո՞ք դա շուտ չէ նրան մանկապարտեզ տանելու համար: Ո՞րն է մանկապարտեզ հաճախելու ամենից ճիշտ տարիքը:
Պատասխան՝ Ցանկալի տարիքը երեք տարեկանն է, սակայն կան երեխաներ, որ երկու տարեկանից բուռն ցանկություն են ունենում` շփվելու հասակակիցների հետ և հաճույքով են գնում մանկապարտեզ: Ավելի ապահով կլինի հետևել երեխայի ցանկությանը: Եթե ուզում եք տանել, ապա փորձեք մի քանի օր տանել մի քանի ժամով: Հակացուցում չկա այդ տարիքում մանկապարտեզ տանելու վերաբերյալ, դուք ինքներդ կարող եք որոշել` բալիկի վարքին հետևելուվ:
Անուն՝ Սուսաննա
Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս չորս տարեկան է, բնավորությամբ շատ հանգիստ է, չի սիրում և վախենում է, երբ իրենից փոքրերը մոտենում են, իսկ դա ինձ հունից հանում է: Ի՞նչ անեմ:
Պատասխան՝ Սկզբում պետք է պարզել, թե կոնկրետ ինչից է երեխան վախենում: Երեխաները մեծանում են, և այդ ընթացքում յուրաքանչյուրն էլ ունենում է այս կամ այն տիպի խնդիր, ոչ ոք առանց խնդրի չի մեծանում: Դրանցից խիստ զայրանալ և հունից դուրս գալ պետք չէ: Ավելի լավ է` նաև մտածեք ձեր վարքի ու բալիկի հանդեպ կիրառվող դաստիարակչական մեթոդների մասին, որովհետև փոքրիկները վախեր են ունենում հիմնականում տանը ծնողների վերաբերմունքի և իր հետ փոխհարաբերությունների պատճառով: Լավ կլինի` բալիկլը շատ շփվի իր հասակի, փոքր ու մեծ երեխաների հետ: Դրական ազդեցություն կունենա մանկապարտեզ հաճախելը: Եթե մանկապարտեզ չի գնում, ապա օգնեք, որ երեխան շփվի իրեն ծանոթ բալիկների հետ, բարեկամների կամ ընկերների: Այդպես կամաց-կամաց կսկսի շփվել այլ բալիկների հետ: Զայրանալ կամ պատժել երեխային վախերի համար հարկավոր չէ, դա առավել կխորացնի նրա վախերը: Ամենակարևորը պետք է հասկանալ` երբ են սկսել վախերը, ինչից հետո, և ինչու է դա ձեզ հունից հանում:
Անուն՝ Նառա
Հարց՝ Հարգելի՛ հոգեբան, երեխաս 1․5 տարեկան է ու իր սերը, ուրախությունը կամ բարկությունն արտահայտում է կծելով: Կարծում եմ, որ դա կապված չէ ատամների հետ, քանի որ այլ առարկաներ չի կծում: Խնդրում եմ ասել, թե ինչի նշան է դա: Անհանգստանալ հարկավո՞ր է, թե՞ ոչ, և կարելի՞ է արդյոք կտրականապես արգելել:
Պատասխան՝ Արգելել կամ զայրանալ պետք չէ, ուղղակի ցույց տվեք, որ գործողությունը տհաճ է: Այդ տարիքի երեխաներն անկաշկանդ են և նոր են սովորում արտահայտել իրենց զգացմունքները: Վախենալու բան, կարծում եմ, դեռևս չկա, դեռ փոքրիկ է: Հետևեք, թե ինչ փոփոխություններ են լինում: Եթե նկատեք, որ գնալով ավելանում է, բացի կծելուց նաև հարվածում է, նյարդային է դառնում, իրեր է շպրտում, այդ դեպքում նոր կարող եք անհանգստանալ ու դիմել մասնագետի: Այժմ մի՛ լարվեք, սիրեք բալիկին ու ցույց տվեք` դա ինչպես են անում: Մենք` մեծահասկաներս էլ, սիրելիս հաճախ ատամներն ամուր սեղմում ենք, կարծես իսկապես ուզում ենք կծել փոքրիկին:
Անուն՝ Տաթևիկ
Հարց՝ Ի՞նչ անեմ, որ տղաս ամեն օր արտասվելով չգնա մանկապարտեզ: Ամեն առավոտ արթնանում է և ասում, որ չի ուզում գնալ: Գիտեմ, որ նրան այնտեղ ոչ ոք չի նեղացնում:
Պատասխան՝ Եթե երեխան դժվար է բաժանվում ծնողից, նշանակում է` մեծ է մոր գործոնը: Երբեմն ծնողները վախենում են երեխային կամ նրա սերը կորցնելուց, մյուսների համեմատ քիչ կարևոր լինելուց: Դրա հետևանքով նրանք սկսում են անգիտակցաբար փոքրիկին ավելի շատ կապել իրենց ու որոշակի կախվածության մեջ գցել երեխային: Հաճախ մայրիկները հիվանդագին վախ են ունենում բալիկի համար, վախենում են, որ նա կվնասվի կամ որևէ վատ բան կպատահի իրենց բացակայության ընթացքում: Այս դեպքերում Երեխաներն իրենց վարքով պարզապես արտահայտում են ծնողի վախը: Նման վախեր ավելի շատ առաջանում են երիտասարդ, չափազանց անինքնավստահ կամ հղիության ընթացքում փոքրիկին կորցնելու վախ ունեցած մայրիկների մոտ: Պետք է ներքուստ բաց թողնել բալիկին, թույլ տալ ինքնուրույն լինել: