«Պե՞տք է անհանգստանալ, երբ հղիության ժամանակ նկատվում է շագանակագույն արտադրություն»․ պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը:

Անուն՝ Սուսաննա

Հարց՝ Բարև Ձեզ: 19 տարեկան եմ, ունեմ մեկ ամսական երեխա, կերակրում եմ նրան միայն կրծքի կաթով: Ի՞նչ հակաբեղմնավորիչ կարող եմ օգտագործել: Արդյո՞ք հաբերի գործածումը չի ազդի երեխայի վրա:

Պատասխան՝ Կերակրման ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ հաբերի ձևով: Փորձեք հղիությունից պաշտպանվել մեխանիկական միջոցներով:


Անուն՝ Լիանա

Հարց՝ Ամուսնանալուց մեկ տարի առաջ դիմել եմ բժշկի, կատարել սոնոգրաֆիա,  որևէ խնդիր չի եղել: Հիմա 10 ամիս է՝ ամուսնացած եմ, և դեռ երեխա չունենք: Ասեմ, որ դաշտանի ժամանակ ունենում եմ գլխացավ, սրտխառնոց, ցավեր մեջքի և սեռական օրգանների հատվածում: Դաշտանս սովորաբար տևում է չորս օր, իսկ վերջին երկուսից մեկը տևել է մեկ օր, մյուսը` երեք օր: Նկատել եմ փոփոխություններ․ դաշտանից մեկ շաբաթ առաջ զգում եմ կրծքերի կոշտացում և ցավ: Սա վտանգավո՞ր է:

Պատասխան՝ Գնացեք բժշկի մոտ, նախնական ստուգեք հորմոնալ համակարգը: Մնացած բոլոր հետազոտությունների անհրաժեշտությունն արդեն պարզ կդառնա մասնագետի խորհրդատվությունից հետո:

 

Անուն՝  Հասմիկ

Հարց՝ Ինձ  մոտ հայտնաբերվել է փողերի լայնացում և կիստոզ վիճակ: Բժիշկն առաջարկել է լապորասկոպիկ վիրահատություն (եթե լինի չհղիանալու խնդիր): Արդյո՞ք այն խիստ անհրաժեշտ է, հնարավոր չէ՞ դեղորայքային բուժում կատարել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան՝ Դուք հավանաբար նկատի ունեք ձվարանների պոլիկիստոզ հիվանդությունը: Եթե խոսքը տվյալ հիվանդության մասին է, ապա այո՛, հնարավոր է դեղորայքային բուժում կատարել: Սակայն վերջնական և ավելի արդյունավետ բուժման մեթոդ համարվում է լապարասկոպիան: Բացի դրանից, դուք ունեք արգանդի փողերի հետ կապված խնդիր: Ճիշտ կլինի հետևել բուժող բժշկի ցուցումներին:

 

Անուն՝  Սոֆի

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, հղիությանս 15-րդ շաբաթն է: Հնարավո՞ր է, որ տաքությունից կամ գրիպից երեխային վնաս պատճառվի, վիժեմ:

Պատասխան՝ Բարձր ջերմության ու գրիպի ժամանակ կարող են հղիության տարբեր բարդություններ լինել, բայց դրանք պարտադիր պայմաններ չեն: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ժամանակին դիմել բժշկի և հնարավորինս շուտ իջեցնել ջերմությունը:

 

Անուն՝  Վարդիկ

Հարց՝ Բարև Ձեզ, 19 տարեկան եմ: Ինձ մոտ հայտնաբերվել էր ձվարանի կիստա, կատարեցի վիրահատություն, բայց անհանգստանում եմ, որ հետագայում կարող են հղիության հետ կապված խնդիրներ առաջանալ: Շուտով ամուսնանալու եմ: Հնարավո՞ր է՝ խնդիրներ ծագեն: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան՝ Եթե ամեն ինչ հարթ է անցել, գանգատներ չեք նշում, բարդություններ չեն դիտվել և կատարվում է ձվազատում, ապա անհանգստանալու կարիք չկա: Կկարողանաք հղիանալ:

 

Անուն՝  Անի

Հարց՝ Արդեն մեկ ամիս է, ինչ ամուսնացած եմ և դեռ կույս եմ: Մի անգամ ամուսինս ինձ թեթևակի հպվել է, և սերմնահեղուկ է թափվել: Հնարավո՞ր է հղիանամ, եթե կույս եմ:

Պատասխան՝ Հղիանալու հավանականություն կա, սակայն չնչին է:

 

Անուն՝  Մարիա

Հարց՝ Հղիությունս 29  շաբաթական է: Առաջին հղիությունն է, նախկինում աբորտներ կամ վիժումներ չեմ ունեցել: Իմ արյան խումբը չորրորդն (RH-) է, ամուսնունս՝ առաջին (RH+): Այս շաբաթ հանձնած համապատասխան անալիզը ցույց տվեց, որ օրգանիզմումս հակամարմիններ կան` T=1:2: Արդյո՞ք դա նշանակում է, որ երեխայիս ռեզուս գործոնը դրական է, և արդեն իսկ առաջին հղիության ժամանակ ես կարող եմ ունենալ ռեզուս կոնֆլիկտ: Ընդհանրապես ի՞նչ պետք է արվի տվյալ իրավիճակում:  Իմունոգլոբուլինի ներարկումը, երբ արդեն կան հակամարմիններ, իմաստ ունի՞, թե՞ ոչ: Նաև կարդացել եմ, որ երեխայի ռեզուս գործոնն արդեն հնարավոր է պարզել մոր երակից վերցրած արյան միջոցով: Արդյո՞ք Հայաստանում արվում է նման անալիզ: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան՝ Ռեզուս կոնֆլիկտն առաջանում է, երբ մոր արյունը ռեզուս բացասական է, իսկ պտղինը՝ ռեզուս դրական: Դա հիմնականում լինում է երկրորդ հղիության ընթացքում, եթե նախորդ հղիության ժամանակ երեխայի արյունը դրական է եղել, մայրն էլ ծննդաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում հակառեզուս իմունոգլոբին չի ստացել: Ռեզուս կոնֆլիկտ կարող է առաջանալ նաև աբորտից հետո (միայն ռեզուս բացասական արյուն ունեցող կանայք), եթե պրոֆիլակտիկ չի ներարկվել հակառեզուս իմունոգլոբին: Դա արվում է, քանի որ այդպիսի վաղ հասակում հնարավոր չէ որոշել՝ պտղի արյան խումբը դրակա՞ն է, թե՞ բացասական: Առաջին հղիության ընթացքում, եթե դրանից առաջ չեն եղել աբորտներ, չի կարող լինել ռեզուս կոնֆլիկտ: Երեխայի արյան խումբը ներարգանդային կյանքի ընթացքում հնարավոր է իմանալ միայն պունկցիայի միջոցով (պորտալարից արյուն վերցնելով): Այն բնույթով բարդ միջամտություն է և մեծ վտանգ է պարունակում, որի պատճառով էլ քիչ է կիրառվում:

 

Անուն՝ Անի

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, մի քանի ամիս է՝ փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈՒՁՀ-ն հեղուկ է ցույց տալիս: Բորբոքման դեմ հակաբիոտիկներով բուժում ստացել եմ: Հեղուկը կրկին երևում է: Երբեմն ֆոլիկուլյար կիստաներ էլ եմ ունենում: Վերջերս հաստատվեց, որ ունեմ պարբերական հիվանդություն: Արդյո՞ք հնարավոր է, որ հեղուկը դրա հետևանքով լինի և ոչ թե բորբոքման նշան: Փորձում եմ հղիանալ: Այն կարո՞ղ է խանգարել: Բոլոր տիպի վարակների անալիզներ հանձնել եմ և ոչ մի խնդիր կամ բորբոքման պատճառ չկա:

Պատասխան՝ Այո՛, հեղուկը կապված է պարբերական հիվանդության հետ: Վերջինս կարող է խանգարել հղիությանը: Այցելե՛ք մասնագետի՝ համապատասխան նշանակումներ ստանալու նպատակով:

 

Անուն՝ Լիանա

Հարց՝  17 տարեկան եմ, ունեմ դաշտանային ցիկլի խանգարում, ընդհատումները բավականին կարճ են տևում: Մի քանի ամիս առաջ բուժում նշանակվեց, բայց փոփոխություններ գրեթե չկան: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան՝  Եթե դաշտանային ցիկլի խանգարումները պայմանավորված են հորմոնալ շեղումներով և կա բուժման ազդեցության բացակայություն, ապա խորհուրդ եմ տալիս այցելել բուժող բժշկին` բուժումը վերանայելու ու գուցե նոր նշանակումենր ստանալու համար:

 

Անուն՝ Անի

Հարց՝ Հղիությունս 9-10 շաբաթական է, շագանակագույն արտադրություն եմ նկատել: Դիմել եմ բժշկի, նշանակել են «Դյուֆաստոն» և «Մագն․ B6»: Անալիզներ եմ հանձնել ու սոնոգրաֆիա արել, ամեն ինչ նորմալ է: Խնդրում եմ ասել` դա ի՞նչ արտադրություն է և շա՞տ վտանգավոր է պտղի համար:

Պատասխան՝ Ըստ երևույթին, բարձրացել է արգանդի տոնուսը, և առաջացել է վիժման վտանգ, այդ իսկ պատճառով էլ նշանակվել են նշված դեղերը: Ներկա պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում, ամեն ինչ նշանակված է տեղին: Մնացեք ձեր հղիությունը վարող բժշկի հսկողության ներքո:

 

Անուն՝  Շուշանիկ

Հարց՝  Բարև Ձեզ, 33 տարեկան եմ և ամուսնացած չեմ: Բժիշկս ասել է, որ էպիլեպսիայով ունեցող կինը կարող է առողջ երեխա լույս աշխարհ բերել՝ չնայած նրան, որ դեղն օգտագործվելու է հղիության ընթացքում: Ուզում եմ իմանալ` արդյո՞ք դեղ օգտագործող հղի կինը կարող է առողջ երեխա ունենալ:

Պատասխան՝ Այո՛, կարող է առողջ երեխա ունենալ, սակայն Էպիլեպսիայի ժամանակ կիրառվող դեղերը տերատոգեն ազդեցություն ունեն: Եթե կինը հղիության ընթացքում չընդունի այդ դեղորայքը, նոպաների հաճախականությունը կմեծանա, և կինը կհայտնվի էպիլեպտիկ ստատուսում, որն էլ վտանգավոր է կնոջ կյանքի համար: Հաշվի առնելով դա՝  մինչև հղիանալը և հղիության ընթացքում էպիլեպսիայի ժամանակ կիրառվող դեղերի չափաբաժինն իջեցնում են, փոքր չափաբաժինը պահպանում են հղիության ամբողջ ընթացքում: Պետք է մշտապես լինել բժիշկների հսկողության տակ: