«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը պատասխանում է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին։
Անուն՝ Անուշ
Հարց՝ Բարև Ձեզ։ Մեծ տղաս 5 տարեկան է, իսկ փոքր տղաս՝ նորածին։ Ավագ որդիս խանդում է, երբ մեզնից որևէ մեկը գրկում է եղբորը կամ փաղաքշական խոսք ասում։ Ագրեսիվ պահվածք է ցուցաբերում և՛ փոքրիկի, և՛ տան մյուս անդամների հանդեպ։ Ինչպե՞ս վարվենք։ Կանխավ շնորհակալություն։
Պատասխան՝ Նախևառաջ փորձեք չֆիքսվել երեխայի վարքի վրա ու ասել՝ «մի՛ արա», «հեռու մնա», «քեզ լավ չես պահում»: Բալիկն իր վարքով ցանկանում է գրավել ընտանիքի անդամների ուշադրությունը։ Այստեղ խանդի հիմքում դիտարկեք նաև այն տագնապը, որը ձեր ավագ որդին կարող է ունենալ՝ կարծելով, թե կորցնում է իր երբեմնի առաջնային դերը: Ներգրավեք նրան բալիկին գրկելու, բալիկի հետ ժամանակ անցկացնելու մեջ։ Անգամ եթե շատ զբաղված եք, կտրուկ մի կրճատեք մեծ տղային հատկացվող ժամանակը: Թույլ տվեք, որ նա զգա՝ որքան կարևոր պատասխանատվություն ունի իր եղբոր հանդեպ: Հաճախ նշեք, որ կրտսեր եղբայրն իրենից դրական առումով սովորելու շատ բաներ ունի: Նախատելն ու մեղադրանքն անձի հանդեպ կարող է ավելացնել ագրեսիան: Ձեր երեխան պետք է զգա, որ փոքրիկի ծնունդով ընտանիքի անդամների վերաբերմունքն իր հանդեպ չի փոխվել: