«Փոքրիկս 2.5 տարեկան է, բայց չի խոսում․ կա՞ անհանգստանալու առիթ»․ պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Մարգարյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։

 Անուն` Աննա

Հարց` Բարև Ձեզ: Երեխաս յոթ ամսական է: Արդյո՞ք կարելի է մերսել նրան։

Պատասխան՝ Այո՛, պարզապես մերսումները պետք է լինեն թույլ, առանց ուժի գործադրման, ավելի շատ նման լինեն շոյանքների։ 

 

Անուն` Արմինե

Հարց` Փոքրիկս 2.5 տարեկան է և դեռ չի խոսում, ընդամենը մեկ բառ է ասում: Երբ դիմում ենք, ամեն ինչ հասկանում է: Կխնդրեի ասել՝ կա՞ անհանգստանալու առիթ, թե՞ ոչ։

Պատասխան՝ Երբ տվյալ տարիքի բալիկը միայն մեկ բառ է ասում, դա համարվում է բավականին քիչ։ Խորհուրդ կտամ ստուգել երեխայի լսողությունը և անհրաժեշտության դեպքում դիմել լոգոպետի խորհրդատվության։ 

 

Անուն` Սոնա

Հարց` Բարև Ձեզ։ Բալիկս 40 օրական է, ողջ օրն ուտել է ուզում, կրծքի կաթից չի կշտանում, անընդհատ լաց է լինում ուտելու համար: Նաև սովորել է գրկի մեջ,  կրծքի վրա քնելուն, օրորոցի մեջ ընդհանրապես չի քնում։ Ի՞նչ խորհուրդ կտաք անել։ Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան՝ Այս պարագայում հարկավոր է հետևել փոքրիկի քաշի ավելացմանը, քաշի կորագծերին, հաճախակի կերակրել կրծքով։ Եթե նա հրաժարվի կրծքից, չբռնի պտուկը, կարող եք օգտագործել կթիչ։ Իսկ եթե բալիկի քաշն այդպես էլ չի ավելանում, ցանկալի է՝ դիմեք մանկաբույժի, որպեսզի ստանաք խորհուրդներ հետագա խնամքի վերաբերյալ։

 

Անուն` Անի

Հարց` Հարգելի՛ բժիշկ, երեխաս 1 տարեկան 2 ամսական է: Լաց լինելիս հաճախակի շունչը պահում է և կապտում (ամսվա մեջ մոտավորապես 4 անգամ), ինչն ուղեկցվում է ուշագնացությամբ։ Շատ եմ անհանգստանում: Ի՞նչ խնդիր կարող է լինել, ի՞նչ հետազոտություններ է պետք կատարել` պատճառը պարզելու համար։

Պատասխան՝ Միանշանակ կարիք կա, որ երեխան զննվի մանկաբույժի ու նյարդաբանի կողմից, կատարվեն հետազոտություններ, որոնք կօգնեն պարզել ուշագնացության բուն պատճառը։ 

 

Անուն` Լիլիթ

Հարց` Ինչպե՞ս պայքարել ոջիլների դեմ: Արդեն երկու շաբաթ է, ինչ երեխայի գլուխը քոր է գալիս:

Պատասխան՝ Գլխի քորը դեռ ոջիլի առկայության մասին չի փաստում։ Սակայն եթե դուք զննում եք բալիկի գլուխն ու մազարմատներում տեսնում եք կենդանի ոջիլ կամ դրա ձուն՝ անիծը, ապա պետք կլինի հետևել հիգիենայի կանոններին, օգտագործել հատուկ դեղորայք՝ նախատեսված ոջիլների դեմ, կարիքի դեպքում կարճացնել մազերը։ 

 

Անուն` Վարդուհի

Հարց` Բարև Ձեզ։ Տղաս 7 տարեկան է և որովայնի շրջանում հաճախ ունենում է ցավեր: Ի՞նչ կարելի է անել: Տեղեկացնեմ, որ 9 ամսականում ունեցել է թոքաբորբ, 1-2 տարեկանում՝ աղիքային ինֆեկցիա, 3 տարեկանում` անգինա, հետո նաև լեղապարկի խնդիր:

Պատասխան՝ Որովայնի շրջանի ցավերը կարող են տարբեր պատճառներ ունենալ։ Լավ կլինի կատարել մի շարք գործիքային հետազոտություններ, որոնցից մեկը որովայնի ուլտրաձայնային հետազոտությունն է։ Խորհուրդ կտամ ստանալ նաև վիրաբույժի խորհրդատվություն՝ որովայնի ցավի իրական պատճառը վեր հանելու նպատակով։