«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Մարգարյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։
Անուն՝ Սվետա
Հարց՝ Բարև Ձեզ: ԿԿ մայրիկ եմ, բալիկս հրաժարվում է թե՛ կրծքի կաթից, թե՛ արհեստականից: Արդեն 3 օր է՝ նորմալ չի ուտում: Ինչպե՞ս վարվեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան՝ Ընդամենը պետք է լինեք համբերատար և բալիկին հաճախ մոտեցնեք կրծքին:
Անուն՝ Գոհար
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, երեխաս 6 ամսական է: Երբ լաց է լինում, արցունք չի հոսում։ Արդյո՞ք դա նորմալ է:
Պատասխան՝ Անհանգստանալ պետք չէ, քանի որ տարբեր երեխաների մոտ արցունքը տարբեր ժամանակ է լինում: Շատերի մոտ կարող է արցունքագեղձը գործել վեց ամսականից հետո:
Անուն՝ Լիլյա
Հարց՝ Բարև Ձեզ։ Երեխաս 8 ամսական է, ինքնուրույն չի նստում, փորիկի վրա պառկել չի սիրում և դժվարությամբ է մեջքից փորիկի վրա պտտվում։ Սա վտանգավո՞ր է։ Նախապես շնորհակալ եմ։
Պատասխան՝ Ութ ամսականում փոքրիկներն արդեն պետք է ինքնուրույն նստեն, մեջքից պտտվեն փորիկի վրա և հակառակը: Սակայն շատ անհանգստանալու կարիք չկա, հարկավոր է դիմել նյարդաբանի:
Անուն՝ Վարդուհի
Հարց՝ Տղաս վեց տարեկան է, հաճախակի ունենում է փորացավ: Ամեն փորացավի ժամանակ կղանքի մեջ նկատում եմ արյուն: Երկու ամիս առաջ ստացել է բուժում՝ լյարդի բորբոքվածության և թեքվածության համար։ Մեկ ամսվա բուժումից հետո սոնոգրաֆիան և արյան ընդհանուր անալիզը ցույց են տվել, որ բուժումն արդյունավետ է եղել: Խնդրում եմ ասել՝ ինչի՞ հետևանք կարող են լինել փորացավն ու արյունը:
Պատասխան՝ Հարկավոր է դիմել մանկաբույժի, պարզել կղանքում արյան առկայության բուն պատճառը: Տվյալ դեպքում միայն լյարդի բորբոքվածությունը և թեքվածությունը չեն, որ արյան պատճառ կարող են հանդիսանալ:
Անուն՝ Լիանա
Հարց՝ Բարև Ձեզ: Կարելի՞ է կրծքով կերակրելուց հետո անմիջապես պառկեցնել երեխային: Վտանգավոր չէ՞: Նշեմ, որ գիշերային ժամերին փոքրիկը քնում է հենց կերակրման ընթացքում:
Պատասխան՝ Ցանկալի է կերակրելուց հետո որոշ ժամանակ պահել երեխային ուղղահայաց դիրքով: Սակայն եթե կերակրման ժամանակ բալիկը քնում է, անհրաժեշտ է քնեցնել գլուխը բարձր, կիսաթեքված դիրքով:
Անուն՝ Ցողիկ
Հարց՝ Բարև Ձեզ: Աղջիկս 13 տարեկան է, ձեռքերի ափերն առատորեն քրտնում են։ Որո՞նք են պատճառները և ինչպե՞ս բուժել։
Պատասխան՝ 13 տարեկանում ափերի առատ քրտնարտադրությունը կարող է լինել վեգետատիվ ակտիվության հետևանք: Կարող է նաև ընտանեկան նախատրամադրվածություն ունենալ: Ցանկալի կլինի արյան մեջ որոշել վիտամին D-ի քանակը, որովհետև երբեմն դրա ցածր քանակն է գերքրտնարտադրության պատճառ դառնում:
Անուն՝ Անահիտ
Հարց՝ Երեխաս 24 օրական է, մանկաբույժը վիտամին D չի նշանակել։ Արդյո՞ք պետք է տալ հիմա։ Եթե այո, ապա ի՞նչ չափաբաժնով։ Կանխավ շնորհակալություն։
Պատասխան՝ Վիտամին D տալը լավ կլինի սկսել կյանքի առաջին օրերից, պրոֆիլակտիկ կարգով տրվում է 500 միավոր, այսինքն՝ մեկ կաթիլ:
Անուն՝ Լուսինե
Հարց՝ Բարև Ձեզ: Ծնողներիս մոտ առկա է մտավոր հետամնացություն, սակայն ինձ մոտ ամեն բան կարգին է։ Այժմ ցանկանում եմ ամուսնանալ: Ուզում եմ իմանալ՝ հնարավո՞ր է, որ ապագա երեխաներս լինեն մտավոր հետամնաց: Կանխավ շնորհակալ եմ։
Պատասխան՝ Պետք է հաշվի առնեք՝ ինչ ծագում ունի դա: Եթե կրում է գենետիկ բնույթ, ուրեմն հավանական է՝ ապագա սերնդում էլ ի հայտ գա մտավոր հետամնացություն: Բայց եթե ձեռքբերովի է, մտածելու առիթ չկա: