«Աստղիկ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ, էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Աննա Տողրամաջյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։
Անուն՝ Վանուհի
Հարց՝ Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ «Էսկապել» դեղամիջոցն արդյունավե՞տ է։
Պատասխան՝ «Էսկապել»-ն արդյունավետ է, բայց ոչ հարյուր տոկոսով: Միայն տեղյակ եղեք՝ տվյալ պրեպարատը և անհետաձգելի բեղմնականխման այլ դեղամիջոցներն այդքան էլ խորհուրդ չեն տրվում, քանի որ կարող են հորմոնալ համակարգում կտրուկ փոփոխությունների, խնդիրների պատճառ դառնալ:
Անուն՝ Աննա
Հարց՝ Ամուսնացած եմ 9 ամիս։ Ամուսնության հենց սկզբից պլանավորել ենք երեխա ունենալ, բայց չի ստացվում։ Հաճախ ցավ եմ զգացել ձախ ձվարանի հատվածում, այժմ նաև աջ։ Նշեմ՝ միզելիս ցավ չեմ զգում, սեքսի ընթացքում խոր ներթափանցման ժամանակ եմ սուր ցավ զգում գոտկային շրջանում։ Ավելացնեմ, որ աղիների հետ խնդիր ունեմ։ Ինչու՞ են առաջանում ցավերը, կարո՞ղ են նշածս խնդիրները չհղիանալու պատճառ դառնալ։ Կանխավ շնորհակալ եմ։
Պատասխան՝ 9 ամսվա պարագայում անպտղություն ախտորոշումը դրվել չի կարող: 1 տարի կանոնավոր, անպաշտպան սեռական կյանքով ապրելու դեպքում է, որ հղիության բացակայությունը կարելի է դիտարկել որպես անպտղություն: Բայց եթե կան գանգատներ, առավել ևս ցավեր, անհրաժեշտ է դիմել բժշկի ու զննվել, կատարել սոնոգրաֆիա, հարկ եղած դեպքում՝ հանձնել քսուքներ, անցնել բակտերիոլոգիական հետազոտություն։
Անուն՝ Հերմինե
Հարց՝ Աղջկաս մոտ առաջացել է մանկական վուլվիտ։ Ինչպե՞ս օգնել նրան, ի՞նչ անել, որ անցնի։
Պատասխան՝ Առաջին հերթին պետք է հասկանանք, թե քանի տարեկան է երեխան և որն է վուլվիտի առաջացման պատճառը: Եթե փոքրիկ է, ապա դա կարող է լինել կուսաթաղանթի ատրեզիայի, բակտերիոլոգիական խնդրի հետևանք: Ներլվացումներ անել պետք չէ, դիմում եք բժշկի և ստանում անհրաժեշտ գրագետ բուժումը:
Անուն՝ Լուսինե
Հարց՝ Բարև Ձեզ։ 20 տարեկան եմ, գրեթե 11 ամիս է՝ ամուսնացած եմ։ Ամուսնության սկզբնական հատվածում 1 շաբաթ հարաբերություն եմ ունեցել, որից հետո 9 ամիս դադար է եղել։ Հիմա արդեն 2 ամիս է, ինչ նորմալ սեռական հարաբերություններ ունեմ, բայց երեխա ունենալ չեմ կարողանում։ Կարո՞ղ է երկարատև ընդմիջումը լինել դրա պատճառը։
Պատասխան՝ Սեռական հարաբերության դադարը չի կարող լինել անպտղության պատճառ, իսկ երկու ամիսը դեռևս անհանգստանալու առիթ չէ: Ամեն դեպքում, կարող եք դիմել մասնագետի և զննվել:
Անուն՝ Անահիտ
Հարց՝ Բարև Ձեզ։ Սեռական հարաբերությունից հետո ամուսնուս սեռական օրգանի վրա այտուցներ են նկատվում, իսկ հեշտոցում զգացվում են ցավ և ձգվածություն, պարբերաբար հոսում է սպիտակ արտադրություն։ Ի՞նչ խնդիր կարող է լինել, ի՞նչ անել։
Պատասխան՝ Եթե գանգատներ են առաջանում սեռական ակտից հետո, ապա հարկավոր է հետազոտվել, անցնել սեռավարակների և բակտերիոլոգիական քննություն, երկուսով բուժում ստանալ:
Անուն՝ Լուսինե
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ինչպե՞ս պլանավորել տղա երեխա։
Պատասխան՝ Պտղի սեռը որոշվում է բեղմնավորման պահին, որևէ ճշգրիտ հաշվարկ ու պլանավորման եղանակ չկա: Որոշակի բժշկական հիմնավորում ունի միայն օվուլյացիոն մեթոդը: Գիտենք, որ Y քրոմոսոմ պարունակող սպերմատոզոիդները (արական սեռ պայմանավորողներ) ակտիվ են, սակայն նրանց ապրելիության ցուցանիշը ցածր է: X քրոմոսոմ պարունակողներն առավել պասիվ են, բայց երկարակյաց: Հետևաբար, եթե հենց օվուլյացիայի օրը սեռական հարաբերություն ունենաք, տղա երեխա ունենալու հավանականությունը բարձր է: