Կնոջ օրգանիզմում ամեն ամիս ձվազատում լինո՞ւմ է, թե՞ ամիսներ լինում են, որ օրգանիզմը հանգստանում է

Հարց/Պատասխան

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները՝ «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Արփինե

Հարց: Բարև  ձեզ,  4 տարի  է՝ ամուսնացած եմ,  երեխաներ չունեմ: 3 տարի պաշտպանվել եմ, 1տարի է չեմ պաշտպանվում,  2 ամսական հղիության ժամանակ վիժեցի,  արդեն 6 ամիս է անցել, չեմ հղիանում: Դաշտանային ցիկլս խանգարված է: Այցելել եմ բժշկի, ասել են` ամեն ինչ նորմալ է, բուժում չեն նշանակել: Կարելի՞ է անհանգստանալ չհղիանալու համար, և արդյո՞ք երկար տարիներ պաշտպանվելուց են առաջացել խախտւմներս, վիժումս և  նորից չհղիանալս:

Պատասխան: Ամենայն հավանականությամբ Դուք կարող եք նորից ինքնուրույն հղիանալ նույնիսկ խանգարված ցիկլի պարագայում: Սակայն դա դեռ հարցի լուծում չէ, քանի որ մեկ անգամ եղել է վիժում, և շատ հնարավոր է՝ նորից կրկնվի: Ցանկալի է նախապես լիարժեք հետազոտվեք և նոր միայն պլանավորեք  հղիությունը: Ընդ որում, ցանկալի է հետազոտվել հենց ռեպրոդուկտոլոգի մոտ, որը կնշանակի համապատասխան հետազոտություններ և բուժում:    

 

Անահիտ

Հարց: Բարև Ձեզ, մոտավորապես 1,5 տարի է՝ երեխայիս չեմ կերեկրում կրծքով: Բայց մինչև հիմա սպիտակ արտադրություն ունեմ կրծքիցս /վերջերս դարձել է դեղին և ծորուն/: Կրծքումս զգում եմ ծանրություն և սուր ցավեր: Սոնոգրաֆիան և պրոլակտին հորմոնս մաքուր է։ Ի՞նչ խորհուրդ կտաք: Ասեմ նաև` երեխայից հետո խպիպ են հայտնաբերել ինձ մոտ: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Երևույթը  կարող է  բորբոքային բնույթ ունենալ: Պետք է կատարել հեղուկի ցիտոլոգիական  հետազոտություն, որից հետո որոշել բուժման տակտիկան:

 

Վարդուհի

Հարց: Ամուսնացած եմ արդեն 2 տարի և 4 ամիս: Ունեցել եմ 2 հղիություն: Առաջին անգամ վիժում տեղի ունեցավ: Դրանից հետո որևէ դեղ կամ բուժում չեմ ստացել: Վիժումից 8 ամիս անց դիմեցի բժշկի, հանձնել եմ վիրուսի անալիզներ, ամեն ինչ նորմալ էր: 2 ամիս անց դիմեցի այլ բժշկի, և ինձ մոտ հայտնաբերեց բորբոքում, բուժումից հետո անմիջապես հղիացա: Մինչ այդ միշտ պաշտմանվել եմ: Երկրորդ հղիության ժամանակ երեխայի սրտի բաբախը չէր լսվում և հետաճ էր եղել: Պտուղը հեռացրին, պարզվեց որ արյունս բացասական է, իսկ ամուսնունս` դրական: Հարցս հետևյալն է `հնարավո՞ր է,  որ իմ և ամուսնուս արյունները համատեղելի չեն և դրանից եմ վիժում: Ի՞նչ անեմ հետագա հղիությունը պահպանելու համար: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Պետք է հանձնել հատուկ անալիզ՝ պարզելու համար` կա՞ն արդյոք Ձեր արյան մեջ հակառեզուս  հակամարմիններ:

 

Լուսինե

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ՝ օգնեք ինձ. ամուսնացած եմ 2 տարի,  բայց չեմ հղիանում, ունեի ցիկլի խանգարում, որից աջ ձվարանս մեծացավ, բժիշկը Դյուֆաստոն նշանակեց 6 ամսվա համար, ամսվա ամեն 28-րդ օրը դաշտան էի տեսնում 4 ամիս շարունակ, երբ  դեղ էի ընդունում, 5-րդ  ամսում ցիկլս 4 օր ուշացավ,  թեստ դրեցի, 2 գիծ էր, բայց գծերից 1-ը շատ թույլ էր արտահայտված: Մյուս  օրն էլ փորձեցի, բայց 1 գիծ ցույց տվեց, 5-րդ օրը դաշտան տեսա։ Ասեմ նաև,  որ դաշտանս միշտ առատ է եղել և ցավոտ, բայց այս անգամ շատ քիչ էր և պինդ՝  համեմատած մյուս օրերի: Հիմա 6-րդ ամիսն է,  բայց ես հրաժարվել եմ դեղերից: Ասացեք խնդրեմ,  ելնելով անցած ամսվա տեսածս խառը երևույթներից՝  հնարավո՞ր է, որ այս ամիս հղիանամ, և հնարավոր է, որ դեղն էր խոչնդոտում,  քանի որ նշանակված էր 14-25-րդ օրերին և խմելուց 3 օր հետո դաշտան էի տեսնում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Դյուֆաստոնը չէր կարող Ձեզ վնասել, բայց եթե թեստը դրական է ցույց տվել, ապա հնարավոր է, որ հղիություն եղել է, որը չի զարգացել: Դա պարզելու համար անպայման խորհուրդ կտամ հետազոտվել, ընդ որում ռեպրոկտուլոգի մոտ և հետագա հղիությունը խիստ ցանկալի է լինի բժշկի հսկողության տակ:

 

Լուսինե

Հարց: Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք, կնոջ օրգանիզմում ամեն ամիս ձվազատում լինո՞ւմ է, թե՞ ամիսներ լինում են,  որ օրգանիզմը հանգստանում է:

Պատասխան: Նույնիսկ ամենաառողջ կնոջ մոտ տարվա մեջ կարող են լինել անօվուլյար ամիսներ, այսինքն՝ ֆոլիկուլը չմեծանա։

 

Լուսինե

Հարց: Ես ամեն ամիս դաշտանի սկսվելուց մի շաբաթ առաջ շատ ուժեղ ցավեր եմ ունենում աջ  ձվարանիս հատվածում, ցավում է աջ ոտքս ամբողջովին, նաև փորս և մեջքս աջ կողմից: Ցավերս միշտ աջ կողմից են լինում: Ասեմ, որ հետազոտվել եմ, սակայն բժիշկներն ասում են, որ ձվարանս առողջ է, չկա ոչ մի բորբոքում, իսկ դուք ի՞նչ կասեք: Հնարավո՞ր է, որ դաշտանի ցավեր են, բայց ինչու՞ է այդքան շուտ ցավերս սկսվում ու միշտ աջ կողմից: Ասեմ նաև,  որ դաշտանս ահավոր ցավոտ է լինում: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Ցավերը կարող են աղիքների հետ կապված լինել, կամ որպես պարբերական հիվանդության (երևանյան հիվանդություն)  հետևանք: Խորհուրդ եմ տալիս հանձնել անալիզ՝ հերքելու համար երևանյան հիվանդությունը:

 

Լուսինե

Հարց: Հարգելի՛ բժիշկ, կասե՞՝ք պոլիկիստոզի առկայությունը սոնոգրաֆիան կարո՞ղ է ցույց տալ, թե՞ դա ուրիշ անալիզներով պետք է իմանամ: Եվ պոլիկիստոզի ժամանակ ձվազատում լինու՞մ է: Շնորհակալություն:

Պատասխան: Պոլիկիստոզային ձվարանները շատ հստակ կարելի է տեսնել սոնոգրաֆիկ հետազոտման ժամանակ, բայց պոլիկիստոզը լինում է տարբեր աստիճանի, և դրանից կախված՝ կարող է լինեն անօվուլյատոր ցիկլեր: Այսինքն՝ այդ դեպքերում ձվազատումը բացակայում է:

 

Վարդուհի

Հարց: Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ այսօր դաշտանային  ցիկլի 13-րդ օրն էր, գնացել էի ֆոլեկուլոմետրիայի և տեսանք , որ ֆոլեկուլս 2.6 մմ է և դեռ չի պայթել։ Խնդրում եմ՝ ասացեք․ այդ ձվաբջիջը 2.6 մմ վիճակում ունա՞կ է բեղմնավորվելու և եթե այո, ապա կարելի՞ է այդ չափի ֆոլեկուլով հղիանալ, չափերի մեծությունը կարո՞ղ է հետագայում խնդիրներ առաջացնել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Ֆոլուկոլի չափսը շատ անգամ կարևոր չի լինում այդ օրերին, որովհետև կարող է էկսոսկոպիկ թվա, թե ֆուլիկոլը չի պայթել, բայց իրականում ձվաբջիջը դուրս է գալիս և ընկնում արգանդափողի մեջ, սակայն կարող է զարգանալ ֆոլիկուլյար կիստա, կամ դեղին մարմնի կիստա, որոնք սովորաբար մինչև մյուս ցիկլը կարող են անհետանալ, կամ եթե մնում են, ապա մեկ կամ երկու ցիկլներում վերանում են, եթե նշանակվում են համապատասխան դեղեր:

 

Վիկա

Հարց: Բարև Ձեզ, ես վիրահատություն եմ ունեցել 15 տարեկանում, աղիների անանցանելիություն և կիստա ձվարանի վրա:  21տարեկանում ամուսնացել եմ, երեխա չեմ կարողանում ունենալ, գնացել եմ վիրահատղ բժշկի մոտ իմանալու պատճառը: Նա ասաց, որ  երկու ձվարաներս հեռացրել են: Ես մեկնել եմ Մոսկվա,  ստուգվել եմ,  ասում են `չեն հեռացրել. դրանից հետո չգիտեմ ի՞նչ անեմ: Նախապես շնորհակալությու ն պատասխանելու համար :

Պատասխան: Պետք է նախ և առաջ հեշտոցի ԷԽՈ հետազոտություն անցնել  և հանձնել հորմոնալ անալիզներ պարզելու համար ինչքանով են գործում ձվարանները:    

 

Եվա

Հարց: Բարև, հարգելի՛ բժիշկ,  ես մի հարց ունեմ. 7 ամիս է, ինչ ամուսնացած եմ,  սակայն կուսաթաղանթի պատռվածք տեղի է ունեցել 4-րդ ամսում: Հնարավո՞ր է, որ դա պատճառ լինի, որ չեմ հղիանում:

Պատասխան: Կուսաթաղանթի ուշ պատրվելը չհղիանալու պատճառ չի կարող լինել:

 

Սոնա

Հարց: Հարգելի՛ բժիշկ, ինձ մոտ 16 շաբաթական հղիություն է, ունեմ կալցիումի պակաս, ոտքս քաշվում է, նաև արյան ցածր ճնշում, ի՞նչ խորհուրդ կտաք ... Շնորհակալություն

Պատասխան: Միայն ոտքի քաշվելը չի կարող խոսել կալցիումի  պակասի մասին: Պետք է անալիզ հանձնել: Ճնշման իջեցումը հղիության ժամանակ նորմալ է համարվում, կարևորը չբարձրանա:    

 

Սոնա

Հարց: Հարգելի՛ բժիշկ,  ինձ մոտ 4 ամսական հղիություն է, բնավորությամբ զգայուն մարդ եմ, ու ամեն մի փոքրիկ պատահար ինձ նյարդայնացնում, անհանգստացնում է: Ուզում եմ հանգիստ երեխա լույս աշխարհ բերել, ինչպե՞ս ինձ դրսևորեմ: Շնորհակալություն

Պատասխան: Կարելի է վալերիանայի կաթիլներ օգտագործել նյարդայնացած պահերին:

 

Հասմիկ

Հարց: Հարգելի՛ բժիշկ, ինձ մոտ, երբ պետք է սկսվի դաշտանային ցիկլը, մի քանի օր առաջ ունենում եմ ահավոր քոր և արտադրություն։ Հենց սկսվում է, դադարում է քորը: Ինչպե՞ս վարվեմ: Նախապես շնորակալություն

Պատասխան: Պետք է այդ օրերին հեշտոցից քսուկ հանձնել:    

 

Աննա

Հարց: Բարև ձեզ: Հարգելի՛ բժիշկ, օգնեք, խնդրում եմ: Ինձ  մոտ դաշտան եղել է սովորականից կարճ`երեք օր: Վերջանալուց երկու օր անց սկսվել է  շատ քիչ մուգ արտադրություն, մոտավորապես երկու օր հետո սկսել են կրծքերս ցավել, ու շատացել է միզարձակման պրոցեսը: Ասեք, խնդրում եմ, կարո՞ղ եմ ես հղի լինել, եթե թեստը ցույց է տվել բացասական արդյունք:

Պատասխան: Եթե դաշտանը ուշանում է, և թեստը բացասական է, կարելի է խորիոնային գոնոդոտրոպինի անալիզ հանձնել, որը հաստատ  ցույց կտա` հղիություն կա, թե ոչ:

 

Սեդա

Հարց: Ես ունեմ մի փոքր մազակալում դեմքիս և կրծքերիս շրջանում: Հանձնել եմ մի քանի հորմոնի անալիզ, որոնցից մեկը՝ DHEA-ն, եղել է նորմայից բարձր: Դաշտանիս հինգերորդ օրն անցել եմ ուլտրաձայնային հետազոտություն,  ոչ մի խնդիր չկար, սակայն հորմոնի համար ոչ մի բուժում չեմ արել: Դաշտանս կանոնավոր է: 1ամիս է՝ ամուսնացել եմ, կցանկանայի իմանալ` կխանգարի՞  այս հորմոնը հղիանալուս: Նախապես շնորհակալություն.

Պատասխան: Ցանկալի է հանձնել 17 հիդրոկսիպրոգեստերոն հորմոնի անալիզ: Եթե այն բարձր եղավ, հարկավոր է հաբեր ընդունել: DHEA-ը շատ կարևոր չէ:

 

Տանյա

Հարց: Բարև Ձեզ: Ես զբաղվում եմ ընդհատված սեռական հարաբերությամբ, խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է հղիանալ, եթե սեռական հարաբերությունը տեղի է ունեցել դաշտանային ցիկլից մեկ օր առաջ: Իմ մոտ նորմալ դաշտանային ցիկլ է` 28 օր, սակայն արդեն ուշացել է 8 օր: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Եթե ազատ հարաբերություն է եղել դաշտանի սկսվելուց մեկ օր առաջ, ապա համարյա հնարավոր չէ հղիություն լինի, բայց կարող է մինչև այդ ընդհատված սեռական հարաբերությունների ժամանակ սերմի շատ քիչ քանկություն ընկած լինի հեշտոց, և հղիանաք: Ամեն դեպքում հղիության թեստ արեք:

 

Անգելինա

Հարց: Ունեմ վահանաձև գեղձի խնդիր, հղիությունը թույլատրելի՞ է:

Պատասխան: Կախված է խնդրից, բայց սովորաբար պետք է սկզբից վերացնել այդ խնդիրը, ապա պլանավորել հղիությունը:

 

Աննա

Հարց: Բարև Ձեզ,  հարցս հետևյալն է`քույրս 4 շաբաթական հղի է,  նա ունի սրտխառնուք օրվա մեծ մասում գրեթե ոչինչ չի ուտում և թուլություն ունի:  Խնդրում եմ, խորհուրդ տվեք` ի՞նչ կարելի է անել, որ սրտխառնուք չառաջանա,  ի՞նչ սնունդ կարելի է ընդունել: Արդյո՞ք անհանգստանալու կարիք կա, թե՞ ոչ:

Պատասխան: Սրտխառնոցի դեմ, ցավոք, ոչ մի բան հնարավոր չէ անել, բայց եթե հղին հյուծվում է, ապա ցանկալի է հիվանդանոց դիմիև լինի բժիշկների հսկողության տակ:

 

Հայարփի

Հարց: Բարև Ձեզ:  Վերջին անգամ դաշտան ունեցել եմ 2012թ. դեկտեմբերի 18-ին, հիմա 17 շաբաթական հղի եմ, այսինքն` հղիացել եմ 2013թ- ի հունվար-փետրվար ամիսներին: Հնարավո՞ր է հղիանալ առանց դաշտան ունենալու:  Ինչպե՞ս: Շնորհակալություն:

Պատասխան: Հնարավոր է, բժշկության մեջ ամեն ինչ հնարավոր է:

 

Լիանա

Հարց: Ինձ մոտ դաշտանն ուշացել է 8 օր, այն պետք է լիներ ապրիլի 14-ին, թեստերը 7 անգամ ցույց են տվել հղիության առկայություն, սակայն ուլտրաձայնային հետազուտության ժամանակ ասացին որ պտուղ չի երևում, ո՞րն է պատճառը:

Պատասխան: Կարող է լինել արտաարգանդային հղիություն: Անպայման պետք է հանձնել Բետտա-HCG երկու օր տարբերությամբ և համեմատել արդյուքները: Պետք է շտապել, որպեսզի հանկարծ չկորցնեք արգանդափողը:

 

Հասմիկ

Հարց: Հարգելի՛ բժիշկ,  կարելի՞ է իմանալ՝ հեշտոցի բորբոքումը վտանգավո՞ր է: Ու ճի՞շտ է արդյոք, որ դրա պատճառով չեն հղիանում: Կանխավ շնորհակալություն։  

Պատասխան: Միայն հեշտոցում բորբոքման առկայությունը չի կարող դառնալ անպտղության պատճառ: