«Ինչի՞ց է առաջանում գիշերամիզությունը դպրոցական երեխայի մոտ»․ ընթերցողների հարցերին պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Մարգարյանը։

Անուն՝ Էլլա

Հարց՝  Բարև Ձեզ։ Ի՞նչ պատճառներով կարող է երեխայի մոտ գիշերամիզություն առաջանալ:  11 տարեկան աղջիկ է, ում մոտ նոր է ի հայտ եկել տվյալ երևույթը։ Մեկ ամսվա ընթացքում արդեն 4-5 անգամ թրջել է տակը: Կա՞ արդյոք բուժում: Կանխավ շնորհակալություն։

Պատասխան՝ Անհրաժեշտ է, որ աղջիկը զննվի մանկական գինեկոլոգի և նեֆրոլոգի կողմից, կարող են լինել մի շարք բորբոքային խնդիրներ: Այս դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ: 

 

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, երեխաս 8 ամսական է, ձեռքերը և ոտքերը կծկում ու ջղաձգում է: Ինչի՞ հետ է կապված:

Պատասխան՝ Ցանկալի է, որ երեխային տանեք մանկաբույժի ու նյարդաբանի մոտ: Ութ ամսականը համընկնում է ատամների ծկթման շրջանի հետ: Լավ կլինի նաև, որ ստուգեք կալցիումի և վիտամին D-ի քանակներն արյան շիճուկում: 

 

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս հինգ ամսական է, ես նրան լողացնում եմ վաննայի մեջ ամրացրած ցանցի վրա՝ պառկած դիրքով։ Ուշադիր եմ լողացնում, բայց իմ մեջ վախ կա։ Երբ ջուր եմ լցնում նրա վրա, ոտքերով հարվածում է, ձեռքերով քաշքշում ջրով լի բաժակը։ Վախենում եմ, որ ջուրը կհայտնվի նրա բերանում։ Խնդրում եմ նշել՝ ի՞նչ կլինի, եթե ջուրը լցվի երեխայի բերանը։ Կհազա, և ջուրը դու՞րս կգա, թե՞ դա վտանգավոր է։ Ինչպիսի՞ օգնություն կարելի է ցույց տալ, եթե հանկարծ բաժակի ջուրը լցվի երեխայի բերանը և գնա շնչափող։

Պատասխան՝ Լողացնելիս պետք է լինել շատ ուշադիր, որպեսզի նման դեպք տեղի չունենա: Եթե ջուրն այնուամենայնիվ լցվի բերանի խոռոչը, փոքրիկը հազի միջոցով դուրս կբերի այն: Երեխաների մոտ այդ ռեֆլեքսը լավ է զարգացած: Բայց եթե նկատում եք նկարագրված երևույթն ու կապտում է քիթ-շրթունքային հատվածը, անհրաժեշտ է անմիջապես շուռ տալ բալիկին մեջքից փորիկի վրա, որպեսզի անցած ջուրը դուրս գա: Եվ, իհարկե, անհրաժեշտության դեպքում դիմում եք մանկաբույժի: 

 

Անուն՝ Լաուրա

Հարց՝ Երեխաս երեք ամսական է, ունի բնածին ծուռթաթություն։ Վիրահատվել է և կրում է օրթեզներ։ Այժմ կանչել են, որպեսզի մանկական պատվաստում իրականացնեն։ Կցանկանայի իմանալ՝ կարելի՞ է արդյոք տանել պատվաստման։ Կանխավ շնորհակալ եմ։

Պատասխան՝  Օրթեզները հակացուցում չեն հանդիսանում պատվաստման համար: Սպասեք մի քիչ, թող օրգանիզմը վերականգնվի, ապա տարեք պատվաստման: 

 

Անուն՝ Աշխեն

Հարց՝ Բարև Ձեզ։ Ի՞նչ է պլագիոցեֆալիան։ Ի՞նչ վտանգ է ներկայացնում երեխայի առողջությանն ու զարգացմանը։ Հնարավո՞ր է, որ վեց ամսականից հետո ավելի խորանա։ Կանխավ շնորհակալություն։

Պատասխան՝ Պլագիոցեֆալիան (տափակ գլխի համախտանիշ) գանգի ոսկրերի ախտահարումն է, որի հետևանքով գլխի հետին հատվածը տափակած տեսք է ունենում: Գանգը կազմված է մի քանի ոսկրային թիթեղիկներից, որոնք ծնվելուց հետո միաձուլված չեն, միաձուլումը կատարվում է աստիճանաբար, երեխայի աճին զուգահեռ: Սկզբնական ամիսների ընթացքում գանգի ոսկրերը բավականին փափուկ են, հեշտությամբ են ձևափոխվում: Պլագիոցեֆալիայի պատճառներից մեկը ծոծրակի վրա գործադրվող ճնշումն է, ինչի պատճառով ունենում ենք գանգի ձևի փոփոխություն: Ավելի հաճախ պլագիոցեֆալիան հանդիպում է խոշոր քաշ ունեցող նորածինների, բազմապտուղ հղիությունից, վակուում օժանդակությամբ ծնված փոքրիկների մոտ: Թեթև ձևերը բուժում, որպես այդպիսին, չեն պահանջում, բայց կան միջոցներ, որոնք նպաստում են գլխի ձևի ինքնուրույն շտկմանը: Ցանկալի է՝ արթուն ժամանակ երեխան փորիկի վրա ժամանակ անցկացնի: Որպես բուժական մեթոդ՝ օգտագործում են ֆիզիոթերապիան: