«Ինչու՞ է երկու ամսական երեխան քնից վեր թռչում»․ պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Մարգարյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Բարև Ձեզ։ Երեխաս 2 ամսական է, հաճախակի կծկվում կամ ձգվում է: Ասացին, որ փորիկի ցավից է, տարբեր դեղեր տվեցի (էսպումիզան, բոբոտիկ, դյուֆալակ), սակայն որևէ փոփոխություն չկար: Վերջերս էլ սկսել էր դեղերը հետ տալ։ Ասեմ նաև, որ աղիները գործել են թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, բայց կծկվելն ու ձգվելը դեռ չեն անցել: Ինչո՞վ կարող են պայմանավորվել դրանք։ Կանխավ շնորհակալություն:

Պատասխան՝ Երկու ամսականում ոտքերի հաճախակի կծկումները և ձգումները կարող են կապված լինել կոլիկաների հետ: Տվյալ տարիքի երեխաների մոտ մարսողական ֆերմենտները լավ չեն արտադրվում, այդ իսկ պատճառով մարսողական համակարգը դժվարանում է իրականացնել իր ֆունկցիան, ճեղքել կաթի միջի ածխաջուրը: Առանձնահատուկ բուժում չի պահանջվում, պետք է լինեք միայն համբերատար: Պրակտիկան ցույց է տալիս, որ որոշ բալիկների դեպքում այդ դեղերն առանձնապես արդյունավետ չեն, ամեն ինչ անհատական է: Եթե Ձեր բալիկի մոտ որևէ փոփոխություն չեք նկատում, պետք չէ տալ: Կարող եք ուղղակի մերսում կատարել որովայնի հատվածում:

 

Անուն՝ Անուշ

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, քովիդով վարակվելն ի՞նչ հետևանքներ կարող է թողնել 4,5 ամսական երեխայի վրա։ Ապաքինվելուց որքա՞ն ժամանակ անց նա կարող է ստանալ հերթական պատվաստումը։

Պատասխան՝  Այդ տարիքային խմբում քովիդի հետևանքների հետ կապված  լայնածավալ հետազոտություններ դեռևս չեն արվել:  Ինչպես ցանկացած հիվանդությունից, այնպես էլ քովիդից հետո ցանկալի է սպասել որոշ ժամանակ՝ մոտավորապես մեկ ամսվա կտրվածքով, որպեսզի օրգանիզմն ամբողջովին ապաքինվի ու հետո ստանալ հերթական պատվաստումը: 

 

Անուն՝ Արմինե

Հարց՝ Բարև Ձեզ։ Ինչու՞ է 2 ամսական երեխան քնից վեր թռչում, և ի՞նչ անեմ, որպեսզի նրա քունը չխանգարվի։

Պատասխան՝ Երկու ամսականում փոքրիկը կարող է վեր թռչել վիտամին D-ի պակասի հետևանքով: Սակայն դա կարող է լինել նաև ֆիզիոլագիական երևույթ: 

 

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ: Տղաս ծնվել է 2850 գ քաշով, դուրս գրելու պահին քաշը եղել է 2740 գ, հասակը՝ 49 սմ: Չափազանց ակտիվ երեխա է, մինչև 8 ամսականն ունեցել է մշտական փսխումներ: Ներկա պահին անհանգստություն ունեմ փոքրիկիս աճի հետ կապված: Խնդրում եմ կարդալ ներկայացրածս տվյալները և ասել՝ նորմայի մե՞ջ են երեխայիս քաշն ու հասակը: Նախապես շնորհակալ եմ:

1 ամսական - 3740 գ, 52 սմ

2 ամսական -  4380 գ,  57 սմ

3 ամսական - 5200 գ, 60․5 սմ

4 ամսական - 5750 գ,  63 սմ

5 ամսական - 6200 գ,  66 սմ

6 ամսական -  6500 գ,  66.5 սմ

7 ամսական - 6630 գ, 67 սմ

8 ամսական - 7230 գ, 68.5 սմ

9 ամսական - 7340 գ, 69.5 սմ

10 ամսական - 7600 գ, 72 սմ

11 ամսական - 8000 գ, 72.5 սմ

Պատասխան՝ Ծնվելուց հետո առաջին տասնօրյակում երեխան կարող է կորցնել քաշի 10 տոկոսն, ինչը համարվում է նորմալ: Ձեր նշածներից կառանձնացնեմ 11 ամսականը: Այդ տարիքի համար ութ կիլոգրամը մի փոքր ցածր ցուցանիշ է: Շտկե՛ք բալիկի սննդակարգը՝ խորհրդակցելով Ձեր մանկաբույժի հետ:

 

 

 

Անուն՝ Դիանա

Հարց՝ Ի՞նչ անել, եթե փոքրիկի լեզվի վրա մնացել է կաթի մնացորդ: Ինչպե՞ս այն մաքրել:

Պատասխան՝ Ոչինչ անել պետք չէ: Պարզապես հարկավոր է հետևել հիգիենայի տարրական կանոններին: