«Եթե սեռական հարաբերությունը տեղի է ունեցել առանց ներհրման, հնարավո՞ր է հղիություն»․ պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

«Աստղիկ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Մկրդումյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։ 

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Բարև Ձեզ: 24 տարեկան եմ, մինչ այս սեռական հարաբերություն չէի ունեցել, անգամ ձեռնաշարժությամբ չէի զբաղվել։ Վերջերս ընկերոջս հետ ունեցա «հարաբերություն»՝ առանց ներհրման։ Դաշտանս ուշացել է մոտ 5 օր։ Հնարավո՞ր է՝ դաշտանի ուշացումը կապված լինի այն բանի հետ, որ սկսել եմ օրգազմ ապրել։

Պատասխան՝ Դաշտանի ուշացման պատճառ կարող են հանդիսանալ հղիությունը, սթրեսը, ֆիզիկական ակտիվությունը, որոշ դեղեր ընդունելը, քաշի տատանումները, հորմոնալ խանգարումները։  

 

Անուն՝ Լիա

Հարց՝  Հարգելի՛ բժիշկ, վերջին դաշտանից տասն օր հետո ունեցել եմ սեռական հարաբերություն: Սերմնահեղուկից մի փոքր մաս մնացել էր ամոթաշրթերիս հատվածում, հավանաբար խորը չի գնացել: Իսկույն մաքրել եմ թաց անձեռոցիկով: Հնարավո՞ր է` հղիանամ:

Պատասխան՝ Այո՛, հղիության հավանականություն կա։ 

 

Անուն՝ Ամելի

Հարց՝ Արել եմ հղիության թեստ, որի երկրորդ գիծը շատ թույլ էր երևում: Մտածում էի՝ հղի եմ, դաշտանս ուշացել էր մոտ 5 օր: Այսօր նկատեցի արյունային արտադրություն։ Արդյո՞ք դա վիժում է, թե՞ ուղղակի դաշտան։ Կանխավ շնորհակալություն:

Պատասխան՝ Առաջին հերթին անհրաժեշտ է հանձնել արյան անալիզ, հասկանալ՝ կա՞ հղիություն, թե՞ ոչ:  

 

Անուն՝ Վարդուհի

Հարց՝ Բարև Ձեզ: Մեկ ամսական հղի եմ: Ցանկանում եմ իմանալ՝ արյան անալիզի միջոցով կարո՞ղ եմ երեխայիս սեռն իմանալ, որքա՞ն արժե անալիզը, և որտե՞ղ կարող եմ կատարել այն:

Պատասխան՝ Այդ ժամկետներում արյան անալիզի միջոցով երեխայի սեռն իմանալ չեք կարող։  

 

Անուն՝ Լյուդմիլա

Հարց՝ Ի՞նչ խորհուրդ կտաք օգտագործել՝ չհղիանալու համար:

Պատասխան՝ Անցանկալի հղիությունից խուսափելու տարբեր մեթոդներ կան, օրինակ՝ ներարգանդային պարույր, հորմոնալ դեղեր, մեխանիկական պատնեշներ և այլն:  

 

Անուն՝ Մարիամ

Հարց՝ Բարև Ձեզ։ Նորմա՞լ է, որ կրծքով կերակրման ժամանակ կրծքի չափերը տարբեր լինեն։ Մեկը շատ մեծ է, մյուսը՝ փոքր:

Պատասխան՝ Այո՛, դա նորմալ է։ 

  

Անուն՝ Լուսինե

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ունեմ 2 տղա, այժմ ցանկանում եմ ունենալ աղջիկ։ Կա՞ այնպիսի միջոց, որի օգնությամբ կարող եմ հստակ պլանավորել փոքրիկի սեռը։

Պատասխան՝ Ո՛չ, բնական եղանակով հնարավոր չէ պլանավորել փոքրիկի սեռը։   

 

Անուն՝ Ռուզաննա

Հարց՝ Բարև Ձեզ։ Մի քանի օր է՝ հաճախ եմ պետքարան գնում, սակայն ոչինչ չկա կամ շատ քիչ։ Միզելու ավարտին ցավ էի զգում, բայց դա անցել է։ Հեշտոցում էլ զգում եմ քոր, որը մի քանի րոպե է տևում ու անցնում։ Օրվա մեջ կարող է 1-2 անգամ լինել: Ինձ մոտ ցիստի՞տ է։  Նշեմ՝ մրսածություն ունեցել եմ։

Պատասխան՝ Ձեր նշածները ցիստիտի նշաններ են, այնպես որ շատ հնարավոր է՝ ցիստիտ է։ 

 

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Մեկ ամիս առաջ կեսարյան հատմամբ ունեցել եմ փոքրիկիս։ Ասացին, որ 2 տարի հետո կարող եմ պլանավորել երկրորդ հղիությունս։ Կխնդրեմ ասել՝ ի՞նչ միջոցներ ձեռնարկել չհղիանալու համար։ Կրծքով կերակրում եմ երեխային։ Եթե կա հակաբեղմնավորիչ հաբ, որ թույլատրվում է օգտագործել, կասե՞ք։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Ծննդաբերությունից երկու ամիս անց կարելի է ներարգանդային պարույր տեղադրել։