«Աստղիկ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ, էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Աննա Տողրամաջյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։
Անուն՝ Վարդուհի
Հարց՝ Բարև Ձեզ։ Մոտ երկու տարի առաջ տեղադրել եմ ՆԱՊ, մարտ ամսին ստացել եմ բուժում հեշտոցի բորբոքման համար, ունեմ փոքր չափսի էրոզիա։ Հիմա սեռական հարաբերության ժամանակ ունենում եմ ցավ և արտադրություն։ Ինչի՞ հետևանք է հարաբերության ընթացքում և հարաբերությունից հետո առաջացող ցավը։
Պատասխան՝ Նախ՝ էրոզիա ախտորոշում գոյություն չունի։ Կարող են լինել ցերվիցիտ, էկտրոպիոն, դիսպլազիա և այլն։ Եթե առկա է արտադրություն, անհրաժեշտ է հանձնել պապ քսուք, որպեսզի հասկանանք՝ բորբոքում, բջջաբանական փոփոխություններ կա՞ն, կատարել միզասեռական քսուքի հետազոտություն, ֆեմոֆլոր։ Հաջորդիվ հնարավոր է ստանալ գրագետ բուժում։ Անհրաժեշտություն դեպքում պետք է բուժում ստանա նաև սեռական զուգընկերը։ Կան դեպքեր, երբ հարկ է լինում ՆԱՊ-ը հեռացնել, հետո միայն բուժել։ Սա անհատական է, որոշում է բժիշկը՝ կախված իրավիճակից։
Անուն՝ Մարիամ
Հարց՝ Բեղնավորումից քանի՞ օր հետո ուլտրաձայնային հետազոտությունը ցույց կտա հղիության առկայությունը։
Պատասխան՝ Ընդհանրապես, կարևոր է՝ երբ է տեղի ունեցել օվուլյացիան։ Ճիշտ է սոնոգրաֆիան կատարել դաշտանի ուշացումից մեկ շաբաթ անց։
Անուն՝ Նարինե
Հարց՝ Բարև Ձեզ։ Կխնդրեմ ասել՝ օվուլյացիայով սեռի որոշումը ճշգրի՞տ է։
Պատասխան՝ Բազմիցս նշվել է, որ պտղի սեռը որոշում են բեղմնավորման պահին։ Օվուլյացիոն եղանակը քիչ թե շատ բժշկական հիմնավորում ունեցող մեթոդ է։ X քրոմոսոմ պարունակող սպերմատոզոիդները պասիվ են ու երկարակյաց, իսկ Y քրոմոսոմ կրողները՝ արական սեռ պայմանավորողները, ավելի ակտիվ ու կարճակյաց։ Եթե հարաբերությունը լինի հենց օվուլյացիայի օրը, արական սեռի երեխայով հղիանալու հավանականություն կա։ Բայց հստակ ասել՝ ճշգրիտ է օվուլյացիայով սեռի որոշումը, միանշանակ չենք կարող։
Անուն՝ Վանուհի
Հարց՝ Բարև Ձեզ, դաշտանի առաջին օրը հնարավո՞ր է հղիանալ։
Պատասխան՝ Հավանականությունը փոքր է, բայց կա։ Առանձնանում են կանայք, որոնք հղիանում են հենց դաշտանի օրերին։
Անուն՝ Արմինե
Հարց՝ Բարև ձեզ, 4 տարվա երկար սպասումից հետո հղիություն է գրանցվել, բայց դաշտանիս ուշացման սկզբնական օրերից գրիպ է սկսվել։ Դա կարո՞ղ է անդրադառնալ պտղի վրա։ Ինչի՞ մասին կարող են հուշել մեջքի և որովայնի թույլ ու աննշան, բայց գրեթե մշտական բնույթ կրող ցավերը։
Պատասխան՝ Ցանկացած դեպքում վիրուսային ծագման գրիպը կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, սակայն վատ տրամադրվել պետք չէ։ Մշտական ցավերը կարող են լինել ինչպես հղիության առաջին նախանշաններ, այնպես էլ արգանդի բարձր տոնուսի հետևանք։ Հարկավոր է դիմել բժշկի, ստանալ հղիությունը պահպանող թերապիաներ, հարկ եղած դեպքում՝ պրոգեստերոն կամ մագնեզիումի պրեպարատներ։
Անուն՝ Ելենա
Հարց՝ Բարև Ձեզ, կարելի՞ է արդյոք հղիության ժամանակ կրծքով կերակրել։
Պատասխան՝ Այդ ընթացքում կրծքով կերակրումը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։ Հիմնականում փոքրիկներն ինքնուրույն են հրաժարվում կրծքի կաթից, քանի որ հորմոնալ փոփոխությունների արդյունքում դիտվում է կաթնարտադրության որակի ու քանակի փոփոխություն, ինչը «զայրացնում» է նրանց։