«Ամուսինս ինքնաբավարարմամբ է զբաղվում, արդյո՞ք նորմալ է»․ պատասխանում է սեքսապաթոլոգը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Անուն` Քրիստինա

Հարց` Բարև Ձեզ: Երեխաս դեռ 3 տարեկան էր, երբ նկատեցի՝ ինչ-որ պահերի ամբողջ մարմնով և ոտքերով ձգվում է, ինչից հետո արագանում է շնչառությունը, քրտնում ու հոգնում է, ապա ննջում։ Երկար հետևելուց հետո հասկացա՝ նա սեռական ցանկություն է զգում ու հանգստացնում իրեն այդ ձևով։  Աշխատում էի շեղել նրա ուշադրությունն այդ պահերին։ Բայց հիմա նա 7 տարեկան է, և կրկին նկատում եմ՝ քնելուց առաջ  նույնը կրկնում է։ Պարզապես ցնցված եմ, շատ անհանգիստ։ Խնդրում եմ օգնել ինձ։ Ի՞նչ պետք է անել։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Մանկական տարիքում երեխայի մոտ առաջանում են որոշակի հետաքրքրություններ սեռական օրգանների նկատմամբ։ Նա փորձում է ճանաչել իր կառուցվածքային առանձնահատկությունները։ Երբեմն ավելորդ սևեռում է տեղի ունենում, ու երեխան հաճախ է ձեռքային ստիմուլյացիա իրականացնում սեռական օրգանների շրջանում (նաև դիտվում են այլ տեսակի գրգռման էպիզոդներ), ինչը սեքսոլոգիայում բնորոշվում է որպես վաղ մինչպուբերտատային պսևդոմաստուրբացիա: Ծնողներին խորհուրդ է տրվում շեղել երեխայի ուշադրությունը, ծանրաբեռնել մեկ այլ ակտիվությամբ (սպորտ, խաղեր): Սակայն երբեմն առաջանում է սեքսոլոգիական խորհրդատվության և որոշ հետազոտությունների իրականացման անհրաժեշտություն։ 

 

Անուն՝ Հասմիկ

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, երկու ամիս առաջ ախտորոշվեց ազոոսպերմիա (ոչ օբստրուկտիվ)։ Առաջ ամուսնուս սերմնահեղուկը այլ էր՝ խիտ և սպիտակավուն, իսկ հիմա ջրիկ և անգույն։ Հնարավո՞ր է՝ հիվանդությունը լինի ձեռքբերովի, արդյո՞ք օրերից մի օր կկարգավորվի։

Պատասխան՝ Ազոոսպերմիան կամ սերմնաբջիջների բացակայությունը սերմնահեղուկում բավականին դժվար բուժելի խնդիր է: Նախ՝ հարկավոր է պարզել բոլոր հնարավոր պատճառները և իրականացնել բուժում: Երբեմն բուժումն ունենում է ցածր արդյունավետություն, սակայն բուժման արդյունքում հնարավոր է լինում վերականգնել սպերմատոգեն ֆունկցիան: 

 

Անուն՝ Քնարիկ

Հարց՝ Ամուսինս 29 տարեկան է, հարաբերությունների ժամանակ անցնում է գրգռվածությունը շատ արագ։ Ցանկացած աղմուկ կամ ձայն միանգամից շեղում է նրան։ Նկատել եմ, որ ինքնաբավարարմամբ է զբաղվում։ Արդյո՞ք դա նորմալ է, և ի՞նչ անել։ Նշեմ, որ հարաբերությունների ընթացքում հիմնականում չեզոք է լինում, մտածում է՝ եթե հանգիստ սպասի, կհասնի գրգռվածության։

Պատասխան՝ Ձեր ամուսնու մոտ հավանաբար առկա է սեքսուալ խանգարման պաթոռեֆլեկտոր ձևը: Էրեկցիայի խանգարումն այդ պարագայում կրում է ֆունկցիոնալ բնույթ և արդյունավետ բուժվում է սեքսոլոգիական պրակտիկայում: Կարծում եմ, որ հենց այդ պատճառով է նա դիմում մաստուրբացիայի՝ վստահ չլինելով իր սեքսուալ ֆունկցիայի լիարժեքությանը: 

 

Անուն՝  Շուշաննա

Հարց՝ Բարև Ձեզ: Ինչպիսի՞ն պետք է լինի սեռական կյանքը հղիության ընթացքում, արդյո՞ք թույլատրվում է սեռական հարաբերություն ունենալ այդ ընթացքում: Եթե այո, ապա ի՞նչ հաճախականությամբ։ Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան՝ Հղիության ընթացքում սեռական կյանքի սեքսոլոգիական սահմանափակումներ չկան: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հղիության ընթացքի հետ կապված հակացուցումներ են առաջանում մանկաբարձա-գինեկոլոգիական տեսանկյունից: 

 

Անուն՝ Սյուզաննա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ծլիկային ինքնաբավարարումից րոպեներ հետո ունեցել եմ արյունահոսություն, թեև դաշտանիս ժամանակն էր: Մտավախություն ունեմ, որ կորցրել եմ կուսությունս: Հնարավո՞ր է:

Պատասխան՝  Գործնականորեն հնարավոր չէ, սակայն հստակ հասկանալու համար պետք է անցնեք բժշկական զննում: