Հարցերին պատասխանում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Մարգարյանը։
Անուն՝ Նարինե
Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս 3 ամսական է, ունի ուժեղ սրտթափոց։ Սոնոգրաֆիա անելուց հետո պարզվեց, որ լյարդն ու փայծաղը մեծացած են։ Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք վտանգավոր է, հնարավո՞ր է բուժել, ի՞նչ բարդություններ կարող են առաջ գալ։
Պատասխան՝ Լյարդի և փայծաղի մեծացումը կարող է կապ չունենալ փսխման հետ, այլ լինել տարիքային առանձնահատկություն կամ աննշան։ Ցանկալի է դիմել մանկաբույժի՝ հասկանալու փսխման հիմնական պատճառը։
Անուն՝ Անահիտ
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, երեխայիս երեկ են դուրս գրել հիվանդանոցից, բայց այսօր անալիզը կրկնեցինք և ROE-ի պատասխանը 50 եկավ։ Բժշկուհին ասել է, որ ընթացքում կիջնի, ու պետք է կրկնենք անալիզը 10 օր անց։ Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք վտանգավոր չէ անալիզի նման պատասխանը։ Նշեմ, որ երեխան իրեն լավ է զգում, աշխույժ է և չի ջերմում։
Պատասխան՝ Միայն ROE-ի՝ էրիթրոցիտների նստեցման արագության թվով դժվար է ստույգ գնահատել երեխայի վիճակը։ Սակայն եթե դուք նշում եք, որ բալիկը կլինիկորեն չունի որևիցե գանգատ, ապա ուղղակի անհրաժեշտ է սպասել մի քանի օր և կրկնել արյան ընդհանուր քննությունը։
Անուն՝ Մարիամ
Հարց՝ Բարև Ձեզ, տղաս 1 տարեկան 8 ամսական է։ Թուղթ է ուտում, անգամ խոնավ անձեռոցիկ։ Հնարավո՞ր է, որ վիտամինի պակաս ունի։ Ի՞նչ անեմ։
Պատասխան՝ Տվյալ տարիքում անսովոր իրեր ուտելը կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Պատճառներից մեկը երկաթի պակասորդային սակավարյունությունն է։ Այս դեպքում ունենում ենք համի և հոտի զգացողության փոփոխություններ, և երեխաների համար հաճելի է դառնում ուտել զանազան իրեր, որոնց թվում կարող են լինել թուղթը, կավիճը, հողը։ Հաջորդ պատճառը երեխայի հետաքրքրասիրությունն է։ Նկարագրված վիճակը կարող է հանդիպել նաև ատամների ծկլթման շրջանում, երբ փոքրիկներն ունենում են լնդերի քոր և կարողանում են բավարարել քորի զգացողությունը՝ պինդ իրերը բերանը դնելով։
Անուն՝ Լիլիթ
Հարց՝ Բարև Ձեզ, բալիկս 5 ամսական է, ոտքերը չի ձգում։ Հրում կա, բայց թույլ։ Արժե՞ անհանգստանալ։
Պատասխան՝ Հինգ ամսականում բալիկները պետք է ինքնուրույն ձգեն ոտքերը, հրեն, փորձեն ձեռքերով բռնել տարբեր առարկաներն ու խաղալիքները, մեջքի վրա պառկած դիրքում փորձեն գլորվել փորիկի վրա։ Բայց եթե հինգ ամսականում ձեր բալիկը դեռ չի կատարում այս ամենը, անհանգստանալու կարիք չկա։ Պարզապես պետք է մի քիչ օգնեք նրան և լինեք համբերատար։
Անուն՝ Կարինե
Հարց՝ Ի՞նչ հիվանդություն է միկրոցեֆալիան և ինչպիսի՞ ընթացք է ունենում։ Արդյո՞ք այդ դեպքում վտանգ չի սպառնում կյանքին։
Պատասխան՝ Միկրոցեֆալիայի պարագայում դիտվում են գանգի և գլխուղեղի փոքր չափսեր, մտավոր թերզարգացում։ Առաջացման հիմնական պատճառներն են ներարգանդային ինֆեկցիաները, գենետիկ որոշակի խանգարումները։ Նրա դեպքում իրականացվում է սիպմտոմատիկ բուժում։
Անուն՝ Նարե
Հարց՝ Բալիկս ունի առատ քրտնարտադրություն, տալիս եմ վիտամին D, բայց այդքան էլ չի օգնում։ Խնդրում եմ ասել՝ ինչի՞ց կարող է լինել, և ի՞նչ խորհուրդ կտաք օգտագործել:
Պատասխան՝ Միշտ չէ, որ քրտնարտադրության պատճառը վիտամին D-ի պակասն է։ Ընդհանրապես, մինչև երկու տարեկանը երեխաներին վիտամին D-ն նշանակվում է 500 միավոր օրական չափաքանակով, որն իրենից ներկայացնում է մեկ կաթիլ։ Եթե կլինիկորեն և լաբորատոր տվյալներով ունենք վիտամին D -ի պակաս, արդեն մանկաբույժի հսկողությամբ տրվող քանակն ավելացվում է։
Անուն՝ Մարինա
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, տղաս 2 տարեկան է։ Երբ լաց է լինում, շնչահեղձ է լինում, ուշ է ձայն հանում։ Ի՞նչ խորհուրդ կտաք, արդյո՞ք դա տարիքի հետ կանցնի։
Պատասխան՝ Լավ կլինի՝ երեխային տանեք մանկաբույժի և նյարդաբանի մոտ, որպեսզի պարզեք շնչահեղձ լինելու բուն պատճառը։