«Կարո՞ղ է հղիություն գրանցվել այն դեպքում, երբ կուսաթաղանթը չի պատռվել». պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։

Անուն՝ Նազելի

Հարց՝  Հարգելի՛ բժիշկ, դաշտանս սկսվել է փետրվարի 5-ին, իսկ փետրվարի 11-12-ին եղել է չպաշտպանված հարաբերություն: Որքա՞ն է հղիանալու հավանականությունը: Ասեմ, որ երկու ամիս առաջ ունեցել եմ հղիության ընդհատում վակումային տարբերակով:

Պատասխան՝ Եթե Ձեզ մոտ տեղի է ունենում ձվազատում և հղիությանը խանգարող խնդիրներ չկան, ապա հավանականություն կա։

 

 

Անուն՝ Անի

Հարց՝  Բարև Ձեզ: Կարո՞ղ է հղիություն գրանցվել այն դեպքում, երբ կուսաթաղանթը չի պատռվել: 5 օր է անցել դաշտանի օրվանից:

Պատասխան՝ Եթե սերմնահեղուկը հայտնվում է հեշտոցում, ապա հղիությունը հնարավոր է: Դա կարող է լինել նաև ամբողջական կուսաթաղանթի դեպքում։

  

Անուն՝ Աննա

Հարց՝  Հղիության 20-րդ շաբաթն է, և նկատում են պղտոր պտղաջրեր: Որքանո՞վ է դա վտանգավոր և ինչպե՞ս կարելի է բուժել:

Պատասխան՝ Սովորաբար պտղաջրերի որակի ու քանակի փոփոխությունները հուշում են հնարավոր ախտաբանական պրոցեսների մասին։ Դրանք հայտնաբերելու համար պետք է լինի և՛ ՈւՁՀ-ի, և՛ կլինիկոլաբորատոր հետազոտությունների դինամիկ հսկողություն։

 

 

Անուն՝ Մերի

Հարց՝  Բարև Ձեզ: Ո՞ր ժամերին է հարկավոր ընդունել «օմեգա 3»-ը:

 Պատասխան՝ «Օմեգա 3»-ի ընդունման համար ժամի ընտրությունն այդքան էլ էական չէ, սակայն այն պետք է ընդունել ուտելուց 30 րոպե անց դրա լավ յուրացման համար։ Կարելի է նաև սնունդն ընդունելիս:

 

 

Անուն՝  Անի

Հարց՝  Առաջին հղիությանս ընթացքում վիժում է եղել: Դրանից հետո արհեստականորեն խթանել են ցավերի առաջացմանն և ինքնուրույն երեխային ունեցել եմ, ապա արգանդը վակումով մաքրել են: Խնդրում եմ ասել` կրկին հղիանալը հնարավո՞ր է: Պարզապես շատ եմ լսել, որ վիժումից հետո հղիանալու հավանականությունը նվազում է: Մեկ ուրիշ հարց ևս. հնարավո՞ր է հղիանալ, եթե ձվարանի վրա առկա է կիստա:

Պատասխան՝ Սկզբում հարկավոր է պարզել նախորդ հղիության ընդհատման պատճառը և վերացնել: Այդպիսով կփոքրանա կրկնվելու հավանականությունը։ Իսկ կիստայի դեպքում մեծ նշանակություն ունի դրա տեսակը։