Ներկայացնում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Անուն՝ Ռուզաննա
Հարց՝ Բարև Ձեզ: Հնարավո՞ր է՝ դեմքի վրա կորեակների առաջացումը կապ ունենա ԿԿ-ի հետ: Եթե այո, ապա ի՞նչ անել: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան՝ ԿԿ-ի հետ կապված հորմոնալ փոփոխությունը կարող է անդրադառնալ մաշկի վրա, բայց ստույգ իմանալու համար պետք է դիմել մաշկաբանի։
Անուն՝ Անահիտ
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ունենք մեկ երեխա: Փորձում ենք երկրորդն ունենալ, սակայն չի ստացվում: Խնդիրն ամուսնուս մոտ է: Ի՞նչ կարող ենք անել:
Պատասխան՝ Արական անպտղության դեպքում անհրաժեշտ է հստակ ինֆորմացիա սերմի որակի մասին: Դրանից ելնելով` իրականացվում է բուժում կամ խորհուրդ է տրվում դիմել արտամարմնային բեղմնավորման զանազան տարբերակների։
Անուն՝ Արմինե
Հարց՝ Բարև Ձեզ: Կարո՞ղ է դաշտանի ժամանակ մղվող արտադրությունը լինել արնաջրի տեսքով: Եթե ոչ, ապա ինչի՞ մասին կարող է հուշել այս երևույթը: Պե՞տք է անհանգստանալ, թե՞ ոչ: Նշեմ, որ փետրվարի 12-ին ինձ մոտ սկսվել է դաշտան, իսկ հաջորդն արդեն եղել է մարտի 12-ին: Նախապես շնորհակալություն։
Պատասխան՝ Եթե նկատի ունեք արյան առատ հոսքը, ապա հնարավոր է։ Կարող է պայմանավորված լինել մի շարք այլ գործոններով, ինչը պարզելու համար պետք է հետազոտվել։
Անուն՝ Մերի
Հարց՝ Բարև Ձեզ: Ուզում էի իմանալ` արդյո՞ք ճշգրիտ է երեխայի սեռը կանխորոշելու օրացույցները:
Պատասխան՝ Դրանք ստույգ չեն: Սեռի նախնական պլանավորման համար միակ 100% ճշտություն ապահովող մեթոդն արտամարմնային բեղմնավորումն է:
Անուն՝ Լուսինե
Հարց՝ Ինչպե՞ս կարող եմ իմանալ ձվազատման օրը: Վերջին դաշտանը եղել է փետրվարի 24-ին: Սովորաբար սկսվում է ամեն ամսվա 24-ին և տևում 5 օր: Այս անգամ տևել է 3 օր: Օգնեք հասկանալ:
Պատասխան՝ Ձվազատման ստույգ օրն իմանալու լավագույն մեթոդը ֆոլիկուլոմետրիան է։