«Կա՞ որևէ տարբերակ, որը կօգնի փոքրիկին հեշտ քնեցնել». «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն` Նինա

Հարց՝ Բարև Ձեզ: Հարգելի՛ բժիշկ, փոքրիկս 1 տարեկան է  և արդեն 10 օր է՝ ինքնուրույն քայլում է: Տոտիկները լայն է գցում, իսկ քայլվածքի մեջ նկատվում է կլորություն: Մանկաբույժն ասել է, որ երեխային երկու ամիս վիտամին D տամ օրական 4 կաթիլ չափաբաժնով և կուղղվի: Արդյո՞ք բարդություններ չեն առաջանա:

Պատասխան՝ Ոտքերի կորությունը կարող է հանդիսանալ վիտամին D-ի պակասի նշան, բայց եթե խնդիրը ծուռթաթության մեջ է, ապա Ձեզ օգտակար կլինի մանկական օրթոպեդը։ 

 

Անուն` Էմմա

Հարց՝ Բարև Ձեզ: Կասե՞ք, թե ինչով է պետք լողացնել նորածին երեխային:

Պատասխան՝ Նորածնին լողացնելիս օգտագործեք մանկական օճառ կամ գել։ 

 

Անուն` Անուշ

Հարց՝ Երեխաս 11 ամսական է, ծնված օրվանից ոչ մի գիշեր նորմալ չի քնել ու անընդհատ ուզում է խաղալ: Ներկա պահին ատամներ հանելու փուլում է և կրկին չի քնում։ Խնդրում եմ ասել որևէ տարբերակ, որը կօգնի փոքրիկին քնեցնել։ Կարո՞ղ եմ ինչ-որ հանգստացնող հեղուկներ տալ նրան, թե՞ դրանք որևէ կերպ չեն ազդի քնի վրա։ Նշեմ, որ կերակրում եմ միայն կրծքով:

Պատասխան՝ 11 ամսական երեխային պետք է նաև հավելյալ սնունդ տալ։ Ինչ կապված է քնի հետ, ապա աշխատեք երեխային հոգնեցնել խաղերով և զբոսանքով։ Եթե նա բավականաչափ էներգիա ծախսի, ապա քնելու պահանջ կունենա։ 

 

Անուն` Ռոզա

Հարց՝  Պատրաստվում եմ մայրանալ երրորդ անգամ, սակայն երկու երեխաներիս էլ արհեստական տարբերակով եմ կերակրել պտուկ չունենալու պատճառով: Ի՞նչ կարող եմ փորձել նման իրավիճակում:

Պատասխան՝ Եթե խոսքը պտուկի ներքաշվածության մասին է, ապա այն դատավճիռ չէ։ Դեղատներում առկա են տարբեր չափերի և ձևերի կրկնապտուկներ։ Փորձեք մի քանիսը և կգտնեք հարմար տարբերակ։ Բացի այդ, օրվա ընթացքում հաճախակի աշխատեք վակուումով և դուրս կբերեք պտուկը։ 

 

Անուն` Հասմիկ

Հարց՝  Բարև Ձեզ: Երեխաս 4 ամսական է,  առկա են գրիպի նշաններ, քիթը թաց է: Ի՞նչ խորհուրդ կտաք անել, որպեսզի առկա իրավիճակը չբարդանա:

Պատասխան՝ Գրիպը ինֆեկցիոն հիվանդություն է, որը բացի քթահոսությունից ունի բազմաթիվ այլ նշաններ։ Իսկ միայն քթահոսությունը կարելի է վերացնել քթի սանացիայով, դրա համար նախատեսված միջոցներով։