Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Անուն` Մանե
Հարց՝ Բարև Ձեզ, հնարավո՞ր է կուսությունից զրկվել հագուստի վրայից հպումների արդյունքում, գիտեմ, որ քիչ է հավանական, բայց արյուն նկատվեց։
Պատասխան՝ Արտաքին հպումից քիչ հավանական է կուսաթաղանթի վնասում, բայց, միևնույն է, կա նման վտանգ։ Սովորաբար կուսաթաղանթի լիարժեքության խախտման համար անհրաժեշտ է ներհրում։ Ամեն դեպքում անցեք գինեկոլոգիական զննում։
Անուն` Անուշ
Հարց՝ Բարև Ձեզ, ես ամեն ամսվա 24-ին դաշտան եմ ունենում, խնդրում եմ՝ ասեք օվուլացիայի օրերը: Եվս մեկ հարց. ամամուսնացել եմ սեպտեմբերի 21-ին, դաշտանս կանոնավոր է՝ ամեն ամսվա 24-ին, սակայն ամսի 8-ին շագանակագույն և բաց վարդագույն արտադրություն ունեցա, հետո դա տևեց մոտավոր 15-ից 20 կամ 25 րոպե, ապա ավարտվեց և ամսի 24-ին նորից դաշտան տեսա: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ խնդիր է:
Պատասխան՝ Ամեն ամսվա 24-ին դաշտան տեսնելու դեպքում այս ինտերվալը համարվում է 30 օրանի։ Այս պարագայում եթե նորմալ օվուլյացիա է տեղի ունենամ, այն կլինի մոտավորապես 14-րդ օրը։ Սակայն դա ստույգ տվյալ չէ, քանի որ խիստ անհատական բնույթ է կրում։ Կարող է լինել 11-16-րդ օրերին, կարող է առհասարակ չլինել։ Ստույգ իմանալու համար պետք է անցնել ֆոլիկուլոմետրիա։ Իսկ ինչ վերաբերում է 15-20 րոպե տևած արյունային արտադրությանը, ապա անհրաժեշտ է փոքր կոնքի սոնոգրաֆիա անել:
Անուն` Լուսիկ
Հարց՝ Երեխայի սեռի հաշվարկ հնարավո՞ր է անել։ Դուք նման հաշվարկ անու՞մ եք:
Պատասխան՝ Սեռի հաշվարկ անձամբ ես չեմ անում։ Սեռի հաշվարկ իրականացնելն ամեն դեպքում ստույգ տվյալ չէ։ Միակ ստույգ տարբերակը, որով կարելի է որոշել սեռը, արտամարմնային բեղմնավորման սելեկտիվ տարբերակն է։
Անուն` Արմինե
Հարց՝ Բարև Ձեզ, ամուսնացած եմ, բայց չկա հղիություն, ունեմ անկանոն դաշտան, մոտ 6 ամիս առաջ անցել եմ ֆոլիկուլոմետրիա, ձվազատումը նորմալ է եղել, ու այդ ամիսների ընթացքում ցիկլը կարգավորվել է: Հիմա կրկին անկանոն է, անցնում եմ ֆոլիկուլոմետրիա, բայց նկատվում է պոլիկիստոզ ու համեմատաբար փոքր ձվաբջիջ: Արդեն 10-րդ օրն է, բայց ֆոլիկուլը 9 մմ է: Այս խնդիրները կխանգարե՞ն հղիանալուն, և ի՞նչ բուժում կառաջարկեք:
Պատասխան՝ Պոլիկիստոզ նկատվել չի կարող։ Այն կամ կա, կամ չկա։ Այսինքն՝ մի ամսվա ընթացքում չի կարող լինել պոլիկիստոզ և չլինել։ Ձեզ նախ պետք է հստակ ախտորոշում։ Դրա համար պետք է լիարժեք հետազոտություն։ Եթե չկա ձվազատում, բնականաբար նաև չի կարող լինել հղիություն։ Բացի ձվազատման խնդրից, պետք է բացառել մյուս բոլոր հնարավոր խնդիրները, արական գործոնը՝ սերմի վիճակ և անպայաման նաև ստուգել փողերի անցանելիությունը։
Անուն` Անուշ
Հարց՝ Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, 6 ամիս է՝ ամուսնացած եմ, 2-րդ ամսում հղիացա, սակայն դրան զուգահեռ ինձ մոտ առաջ եկավ սուր ալերգիա: Ըստ բժշկի՝ այն առաջացել էր հենց հղիությունից: 5 շաբաթականում վիժում ունեցա։ Դաշտանս նորմալ է, բայց չեմ հղիանում, հետազոտվել եմ մեկ անգամ, խնդիր չի եղել, ի՞նչ անեմ:
Պատասխան՝ Եթե անցել եք գինեկոլոգիական լիարժեք հետազոտություն, ապա դիմեք նաև ալերգոլոգի։ Անցեք տվյալ հետազոտությունները նույնպես, պարզեք՝ ինչից ունեք ալերգիա, ինչպես կարելի է այն կանխարգելել, եթե այն սեզոնային բնույթ է կրում կամ կոնկրետ որևէ նյութի նկատմամբ է, որպեսզի հաջորդ հղիության ընթացքում վիճակը չկրկնվի։