Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Անուն՝ Թամարա
Հարց՝ Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, ամուսնացած չեմ։ Մարտ ամսից սկսած՝ դաշտանի օրերը խախտվել են։ Եղել է ապրիլի 18-ին, մարտին չի եղել, եղել է մայիսի 6-ին: Ու մեկ օր առաջ արնագույն, շագանակագույն լերդացած արտադրություն տեսա։ Ի՞նչն է պատճառը։
Պատասխան՝ Խնդիրը կարող է պայմանավորված լինել հորմոնալ դիսբալանսով․ դիմե՛ք մասնագետի։
Անուն՝ Աննա
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, արդեն 5-րդ ամիս է՝ դաշտանս ուշանում է․ ամուսնացած եմ և միշտ ունեցել եմ դաշտանային խանգարում, վերջին անգամ 1 տարի առաջ էր, և նորից այդպիսի իրավիճակ եղավ։ Բուժում եմ ստացել, ընդունել եմ դեղեր, որոշ ժամանակ կարգավորվեց ցիկլը, իսկ հիմա, թեպետ 7-օր ընդունել եմ դյուֆաստոն, միևնույն է, դաշտան չեմ տեսնում։ Հնարավո՞ր է՝ դա լինի սթրեսի հետևանք։ Եթե այո, ապա ի՞նչ անել։
Պատասխան՝ Դաշտանի կարգավորման համար, նախ, պետք է պարզել Ձեր օրգանիզմի հորմոնալ վիճակը։ Պետք է խթանել դաշտանը, դրա 2-5-րդ օրերին հանձնել համապատասխան հորմոնների անալիզներ։ Կախված արդյունքներից` պետք է ստանալ համապատասխան բուժում։
Անուն՝ Աննա
Հարց՝ Հնարավո՞ր է՝ ծխախոտն ազդի դաշտանի վրա։
Պատասխան՝ Նիկոտինի չարաշահումը կարող է բերել նյութափոխանակության խախտման, որն էլ իր հերթին կարող է անդրադառնալ դաշտանի վրա։
Անուն՝ Մարիամ
Հարց՝ Բարև Ձեզ, իմ ուժերով ծննդաբերել եմ, ունեմ ներսի և դրսի կարեր, կարերի մոտ սպիտակ բշտիկներ են առաջացել, ի՞նչ անեմ:
Պատասխան՝ Դիմեք ծննդալուծող բժշկին։
Անուն՝ Աննա
Հարց՝ Բարև Ձեզ: Երկու ամիս է՝ ամուսնացած եմ, հղի չեմ: Իմ մենստրուալ ցիկլի տևողությունը շատ տարբեր է` 22-ից մինչև 30 օր: Ինչպե՞ս կարող եմ որոշել օվուլյացիայի օրը:
Պատասխան՝ Անցեք ֆոլլիկուլոմետրիա։
Անուն՝ Մարիամ
Հարց՝ Ի՞նչ անել հետծննդյան կարերի բորբոքման դեպքում, ծննդաբերել եմ իմ ուժերով: Նախապես շնորհակալություն:
Պատասխան՝ Հետծննդաբերական կարերի դեպքում ավելի զգույշ եւ ուշադիր է պետք լինել։ Կատարել լվացումներ միզարձակման կամ կղման պրոցեսից հետո, առհասարակ օրական նվազագույնը 2 անգամ լվացվել է պետք։ Աշխատեք օգտագործել մանկական օճառ կամ հատուկ ինտիմ հիգիենայի համար նախատեսված նյութեր։ Կարերի հատվածները չտրորել, լվացվելուց հետո զգուշությամբ չորացնել մաքուր, այդ զոնայի համար առանձնացրած սրբիչով։ Բժշկի նշանակմամբ կարող եք նաեւ օգտագործել հատուկ քսուքներ։