Հարցերին պատասխանել են «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետները:
Անուն՝ Անժելա
Հարց՝ Բարև Ձեզ, տղաս 2 տարեկան 5 ամսական է, գիշերները բացարձակ չի քնում: Երբ արթնանում է, շատ հաճախ հյութ կամ թեյ է պահանջում: Փորձել եմ չտալ, բայց բղավել է: Նշեմ, որ երեխաս տակդիր է հագնում, եղել է դեպք նաև, որ արթնացել է ճիչով:
Պատասխան՝ Բարև Ձեզ, պետք է երեխայի առօրյան, հատկապես երեկոյան ժամերն ավելի խաղաղ կազմակերպել: Փորձեք երեխայի հետ զբոսնել կամ հանգիստ խաղեր խաղալ, որպեսզի նա ավելի խաղաղ և հանգիստ վիճակում պառկի քնելու։
Ամենայն հավանականությամբ, երբ երեխան արթնացել է, որոշ ժամանակ Դուք նրան թեյ կամ հյութ եք առաջարկել, և հիմա երեխայի մոտ գիշերն արթնանալն ու հյութ կամ թեյ պահանջելը դարձել է սովորություն: Կարող եք փորձել ջուր առաջարկել, իսկ հրաժարվելու դեպքում ասել, որ հիմա, օրինակ, շատ մութ է, չեք կարող պատրաստել թեյ: Եթե դարձյալ կամակորություն անի, մի՛ նահանջեք ու պահանջած թեյը կամ հյութը մի՛ տվեք: Որոշ ժամանակ ջուր առաջարկելուց հետո երեխան կարթնանա միայն ծարավ զգալու դեպքում: Ամեն դեպքում գիշերը կոմպոտ տալը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ նաև բժշկական տեսանկյունից, կարելի է մեկ անգամ դիմել մանկաբույժի և խորհրդակցել:
Անուն՝ Լիանա
Հարց՝ Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ինձ օգնեք: Տղաս 4 տարեկան է, սկսել է անընդհատ թքել մարդկանց վրա: Ի՞նչ անել:
Պատասխան՝ Բարև Ձեզ, թքելը կամ վարքային նմանօրինակ դրսևորումներն ագրեսիվության դրսևորումներ են: Պետք է հասկանալ՝ ո՞րն է պատճառը՝ ընդօրինակու՞մ է, թե՞ այդպես արտահայտում է իր բարկությունը, թե՞, առհասարակ, պատճառն այլ է: Նման իրավիճակներում պետք է հնարավորինս զուսպ արձագանքել և հնարավորության դեպքում կանխել դա: Դրանից հետո պետք է երեխային հստակ բացատրել և ցույց տալ, որ այդ վարքը վիրավորական է, ցանկալի չէ, արգելված է: Եթե երեխան դա անում է հասկանալով և շարունակում է բացատրություններից հետո էլ անել, ապա պետք է որևէ կերպ զսպել երեխային, որոշ սանկցիաներ կիրառել, օրինակ՝ զրկել որևէ սիրելի զբաղմունքից, մուլտֆիլմից, խաղալիքից:
Անուն՝ Անուշկա
Հարց՝ Հարգելի՛ հոգեբան, խնդրում եմ՝ ասեք՝ ինչպե՞ս վարվեմ: Տղաս 2 տարեկան է, արդեն պարզ խոսում է, դարձել է շատ քմահաճ, քնելուց, ուտելուց լաց է լինում: Նշեմ, որ երբ տանը մենակ ենք լինում, նման վարքագիծ չի դրսևորում, բայց այլ երեխաների հետ միշտ վիճում է խաղալիքի համար, ով ինչ վերցնում է, ուզում է ձեռքից վերցնել։ Եթե չեն տալիս, լացում է: Ի՞նչ անեմ, որ չլացի այդքան:
Պատասխան՝ Բարև Ձեզ, լացով կամակորությամբ, նվնվոցով երեխան որեէ բան չպետք է ստանա, հակառակ դեպքում նման վարքն ուղղակի ամրապնդվում է: Երբեք ու ոչ մի արգելք մի՛ հանեք լացելու պատճառով: Եղե՛ք հաստատակամ: Պետք չէ խրախուսել նման վարքը կամ անել ամեն բան, միայն թե չլացի։ Ուղղակի բացատրեք, որ իր խաղալիքներով կարող է խաղալ ինչքան որ կցանկանա, բայց ուրիշինը վերցնել, պահել չի կարելի: Մի՛ ստիպեք նաև կիսվել իր խաղալիքներով, եթե նա չի ցանկանում: Ընտանիքի մյուս անդամներին էլ բացատրեք Ձեր տեսակետը և հորդորեք չարձագանքել երեխայի նման վարքին: Սա նաև տարիքային բնույթ է կրում: Զինվե՛ք համբերությամբ։
Անուն՝ Հասմիկ
Հարց՝ Նորմա՞լ է, որ 4 տարեկան աղջիկս ամեն գիշեր ձեռքս բռնած է քնում: Եթե ոչ ձեռքս, ապա գոնե հագուստս է բռնում: Ինչպե՞ս վարվեմ: Թույլ տա՞մ, թե՞ արգելեմ:
Պատասխան՝ Կարծում եմ՝ հստակ պատասխանելու համար պետք է նախ հասկանալ՝ ինչու է ուզում բռնել ձեռքը, նոր քնել, վախենու՞մ է, թե՞ պարզապես Ձեր ներկայությունն իրեն հաճելի է: Եթե քնելուց առաջ մի քանի րոպե Ձեր ձեռքը բռնում է, ապա հանգիստ քնում, անհանգստանլու կարիք չկա: Դա նորմալ է այնքան ժամանակ, քանի դեռ Ձեզ տհաճ չէ, Դուք չեք նեղվում դրանից: Հակառակ դեպքում՝ ուղղակի պետք է թույլ չտաք դա անել, որպեսզի Ձեր և Ձեր երեխայի քունը լինի հարմարավետ, հաճելի երկուսիդ համար և լարվածություն առաջացնող որևէ պատճառ չլինի:
Անուն՝ Հրանուշ
Հարց՝ Բարև Ձեզ, իմ բալիկը 1 տարեկան է, դեռ բառեր չի ասում, միայն ասում է՝ մամա, պապա, տատա: Ես ամբողջ օրը ասում եմ տարբեր բառեր, բայց իմ բալիկը չի կրկնում, ինչի՞ց կարող է լինել:
Պատասխան՝ 1 տարեկանը դեռ վաղ է անհանգտանալու համար, որ երեխան բառերը չի կրկնում: Այդ տարիքում առավել կարևոր է երեխայի խոսքային ընկալումը: Երեխան պետք է հասկանա իրեն ուղղված խոսքը, արձագանքի անվանը, հասկանա առօրյայում հաճախ հանդիպող առարկաների անվանումները, հաղորդակցվի մեծերի հետ՝ ժեստերի, միմիկայի, ձայնարձակումների միջոցով:
Անուն՝ Քրիստինե
Հարց՝ Բարև Ձեզ, բժշկուհի ջան, տղաս 1 տարեկան 4 ամսական է, սկսել է հարձակվել ու կծել, եթե դա անել չի ստացվում, ձեռքերով հարվածում է որևէ իրի: Նշեմ, որ շատ մուլտեր է նայում: Հնարավոր է՝ դրա հետ կապված լինի այդ պահվածքը:
Պատասխան՝ Կծելը ագրեսիվության դրսևորում է: Պետք է հասկանալ՝ որն է նման վարքի պատճառը: Հնարավորինս փորձեք անտեսել այդ վարքը, բուռն արձագանքներ չտալ և արագ շեղել: Շատ հաճախ նման վարքին շատ բուռն արձագանք են տալիս ծնողները՝ ծիծաղում են բարկանում: Եվ երեխաները արագ կենտրոնանում են այդ արձագանքի վրա: Պետք է հնարավորության դեպքում կանխել դա կամ արագ շեղել։ Եթե երեխան դա անում է հասկանալով, ապա պետք է որևէ կերպ նրան ցույց տալ, որ ինքը վատ բան է անում, օրինակ, զրկել որևէ սիրելի զբաղմունքից, մուլտֆիլմից, խաղալիքից։ Բացատրել, որ էդպես ցավեցնում է այլ բալիկի, վնասում է նրան և որ դա արգելված է:
Այդ տարիքում մուլտեր նայելու կարիք չկա, քանի որ երեխայի բնականոն զարգացման համար նրան պետք է բնական շփում, խոսք և հաղորդակցում:
Անուն՝ Ամալյա
Հարց՝ Բարև Ձեզ, Երեխաս 4 տարեկան է, չի կարողանում սովորել գույները: Թե՛ մանկապարտեզում, թե՛ տանը շատ աշխատում ենք բոլորս, որ սովորեցնենք: Նաև նշեմ, որ փորձել եմ գույները սովորեցնել շատ վաղ հասակից, բայց ապարդյուն, ոչինչ չի ստացվում: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ, ու՞մ դիմեմ, ինչպե՞ս այս հարցը լուծեմ: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան՝ Բարև Ձեզ, ընդհանրապես կարիք չկա երեխային ստիպողաբար ինչ-որ բաներ սովորեցնելու։ Այստեղ պետք է հասկանալ՝ դժվարությունը միայն գույներ սովորելու մե՞ջ է, թե՞ երեխան այլ ոլորտներում ևս դժվարություններ ունի։ Օրինակ՝ այլ բաներ յուրացնելու, շփման, խոսքի խնդիրներ։ Միայն այս ամենը ուսումնասիրելուց հետո կարելի է հասկանալ խնդիրը և համապատասխան լուծում գտնել։
Անուն՝ Արտաշ
Հարց՝ Բարև Ձեզ։ Որդիս 3 տարեկան է։ Արդեն մեկ ամիս է՝ հաճախում է մանկապարտեզ։ Ինչ սկսել է հաճախել պարտեզ, վարքում նբացասական փոփոխություններ են առաջացել։ Տուն գալու պահից գրեթե մինչև քնելը լաց է լինում, չի ցանկանում, որ մութը ընկնի, ամեն անգամ նաև քնի մեջ կրկնում է, որ իրեն հանենք մանկապարտեզից։ Ու այդ հուզական վիճակից շատ է նիհարել։ Չի կարողանում կտրվել մայրիկից։ Անընդհատ ասում է՝ գրկեք ինձ։ Մանկապարտեզում նույնպես կրկնում է, որ հանեն իրեն մանկապարտեզից, կանչեն մայրիկին։ Համաձայն է գնալ միայն, երբ մայրիկը կմնա իր հետ։ Մի խոսքով՝ շատ վատ հետևանք է թողել իր մոտ մանկապարտեզ հաճախելը, ի՞նչ խորհուրդ կտաք։
Պատասխան՝ Ընդհանրապես վարքի մեջ երկարատև բացասական փոփոխությունները նորմալ չեն: Դրանք վկայում են, որ երեխային անհանգստություն պատճառող հարցեր կան: Փորձեք խոսել հասկանալ՝ ինչն է իրեն անհանգստացնում, տխրեցնում: Ամենայն հավանականությամբ երեխան պատրատ չի եղել մայրիկից բաժանվելուն և պարտեզ գնալուն: Մի՛ շտապեք ադապտացիայի հարցում, սկզբում՝ մենակ թողեք կարճ ժամանակով, այնուհետև պարտեզում երեխայի գտնվելու ժամանակը աստիճանաբար ավելացրեք:
Պարզեք՝ ինչպես են երեխային վերաբերվում պարտեզում և համոզվեք, որ ամեն ինչ կարգին է: Սակայն երեխայի քաշի տատանումը, հուզական վիճակը, քնի խանգարումը վկայում են բավական լուրջ սթրեսային վիճակի մասին, որին պետք է ուշադրություն դարձնել: Գուցե ճիշտ է դադարեցնել պարտեզ հաճախելն ու վերականգնել երեխայի առողջությունն ու հոգեկան ներդաշնակությունը, ապա նորից փորձել, որոշ ժամանակ անց: