«3 ամսական հղի եմ, սակայն դաշտան է սկսվել. ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ,

Հղիության պլանավորման փուլում եմ, հանձնել եմ անալիզներ, որոնք դրական արդյունք են ցույց տվել։  ՈւՁՀ հետազոտւթան ժամանակ բժիշկն ասաց, որ ձվաբջջի չպայթելու հետևանքով առաջացել է կիստա։ Այնուհետև թեսթը ցույց տվեց, որ հղիություն կա, բայց դաշտան սկսվեց, ու բժիշկն ասաց, որ վիժում է եղել։ Ինչի՞ հետևանքով չի զարգացել հղությունս։ Դյուֆաստոն և Ջես պլյուս է նշանակել բժիշկը: Որքանո՞վ են այդ հաբերը անվտանգ։

Պատասխան՝ Ձեր նշած տվյալներն իրարամերժ են։ Խնդրում եմ հստակեցնել՝ եղե՞լ է, արդյոք, օվուլյացիա, և որ փուլում  եք ստացել Ջեսս պլյուսը։



Անուն՝ Լիլիթ Սարգսյան

Հարց՝ Դեկտեմբերի 28-ին ունեցել եմ դաշտան, տևել է 4 օր։ Հունվարին դաշտան չի եղել։ Արդեն փետրվարն է, ու դարձյալ դաշտան չկա։ Ի՞նչ անել։ 21 տարեկան եմ, ամուսնացած չեմ։

Պատասխան՝ Եթե սեռական կյանքով չեք ապրում, ապա հղիության փաստը բացառում ենք։ Հնարավոր է՝ հորմոնալ խանգարումը հանգեցնի այդ վիճակին։ Պարզելու համար դիմեք մասնագետի։

 

Անուն՝ Ռուզ

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, որովայնի ներքևի մասում հաճախ ծակծկոցներ եմ ունենում։ Ինչի՞ց կարող է լինել։

Պատասխան՝ Միայն տվյալ գանգատի հիման վրա հստակ ասել խնդրի պատճառը հնարավոր չէ, սակայն խորհուրդ կտամ սկսել փոքր կոնքի սոնոգրաֆիկ հետազոտությունից։

 

Անուն՝ Սուսաննա

Բարև Ձեզ, դաշտանս սկսվել է հունվարի 16-ին և ավարտվել 19-ին: Ինձ թվում է՝ հղի եմ, սակայն թեսթը կարող եմ օգտագործել, երբ դաշտանս ուշանա, իսկ ինձ պետք է շուտ իմանալ։ Սոնոգրաֆիան ե՞րբ կարող է ցույց տալ՝ հղիություն կա՞, թե՞ ոչ։

Պատասխան՝ Սոնոգրաֆիան հղիությունը հայտնաբերում է միջինում 4 շաբաթականից սկսած, սակայն մինչև դաշտանը, մոտ մեկ շաբաթ առաջ կարող եք ստուգել բարձր զգայունության թեստի միջոցով։

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ: Արդեն 3 ամիս է՝ ամուսնացած եմ: Այս ամիս 4 օր դաշտանի ուշացում ունեմ, հղիության թեստ փորձեցի, արդյունքը բացասական եղավ: Որքանո՞վ է հավանական, որ թեստը սխալ արդյունք ցույց տա, և ի՞նչ խորհուրդ կտաք, արժե՞ մեկ շաբաթ հետո նորից փորձել։

Պատասխան՝ Դաշտանի ուշացումը դեռ հղիության հավաստի նշան չէ, սակայն թեստի սխալ լինելու հավանականություն միշտ էլ կա։ Ավելի ստույգ պարզելու համար հանձնեք խորիոնալ գոնադոտրոպինի անալիզ կամ կարող եք ավելի ուշ նորից կրկնել թեստը։

 

Անուն՝ Սաբրինա

Հարց՝ Բարև Ձեզ, ես 3 շաբաթական հղի եմ, բայց ամսի 29-ին դաշտան սկսվեց։ Կասե՞ք՝ ինչն է պատճառը։

Պատասխան՝ Եթե տվյալ արյունային արտադրությունից հետո Դուք հետազոտվել եք՞, և հաստատվել է, որ հղիություն չկա, ապա դա կարող ենք դաշտան համարել, սակայն լինում են դեպքեր, երբ  առատ արյան պատճառ է լինում, օրինակ, հեմատոման։ Ամեն դեպքում 2 պարագայում էլ անհրաժեշտ է հետազոտվել։ Հղիության ինքնուրույն ընդհատման պատճառները բազմազան են՝ սկսած ֆիզիկական գերծանրաբեռնումից մինչև հորմոնալ և արյունաբանական խնդիրներ։

 

Անուն՝  Լիլիթ

Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, ես 22 շաբաթական հղի եմ, 2018-ի հունիսին կտրվածքով վիրահատություն եմ տարել. աջ ձվարանում կիստա եմ ունեցել։ Ամեն ինչ նորմալ է, պարզապես ուզում էի իմանալ՝ ես իմ ուժերով կարո՞ղ եմ ծննդաբերել, թե՞ ոչ։ Եթե այլ խնդիրներ չլինեն, արդյո՞ք այդ կտրվածքը կարող է խանգարել բնական ճանապարհով ծննդաբերությանը։

Պատասխան՝ Եթե ձվարանի կիստան վերացվել է լապարասկոպիկ մեթոդով,ապա հետագա ծննդաբերության ընթացքը չպետք է խնդիրներ առաջացնի։