Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:
Անուն: Անի
Հարց։ Բարև Ձեզ, հնարավո՞ր է, որ մեկ ամիս դադարից հետո սեռական հարաբերության ժամանակ օրգազմից հետո հեշտոցում թույլ արյուն նկատվի։ Կանխավ շնորհակալ եմ։
Պատասխան։ Իհարկե, ոչ, նույնիսկ տևական սեռական դադարը թե' կնոջ, թե' տղամարդու օրգանիզմում չեն կարող առաջացնել լորձաթաղանթների կամ սեռական օրգանների այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են սեռական հարաբերության ժամանակ առաջացնել արյունային արտադրություն, ուստի այս պարագայում խորհուրդ է տրվում անցնել համապատասխան հետազոտություններ՝ պարզելու խնդրի պատճառները:
Անուն: Աննա
Հարց։ Բարև Ձեզ: Վեց տարի է՝ ամուսնացած եմ և ունեմ բալիկ: Ամուսնության առաջին օրվանից մինչև օրս սեռական հարաբերությունների ժամանակ ունեմ անտանելի ցավեր: Փորձել եմ օգտագործել խոնավացնող քսուքներ, սակայն ոչ մի փոփոխություն չի եղել: Անցել եմ գինեկոլոգիական հետազոտություններ, չկան ֆիզիոլոգիական կամ այլ խնդիրներ: Միայն նկատվում է սեռական ուղիների պատերի բարակացում: Ի՞նչ կարող եմ անել՝ ցավերից ազատվելու և նորմալ սեռական կյանքով ապրելու համար:
Պատասխան։ Կնոջ մոտ սեռական հարաբերության ժամանակ նկատվող ցավերը կարող են ունենալ մի քանի պատճառ։ Նախ՝ եթե առկա է լուբրիկացիայի անբավարարություն, ապա պետք է համապատասխան հետազոտություններով պարզել դրա պատճաները և իրականացնել բուժում, հնարավոր է՝ ցավային համախտանիշը պայմանավորված լինի ոչ օրգանական գործոններով /դիսպարեունիա/, որը, ըստ էության, սեքսոլոգիական բազմապատճառանի խնդիր է և բարձր արդյունավետությամբ բուժվում է սեքսոլոգիական կլինիկայում: Իհարկե, անհրաժեշտ են նաև հորմոնալ հետազոտություններ, ներհեշտոցային մուտքով սոնոգրաֆիա:
Անուն: Սոնա
Հարց։ Բարև Ձեզ: Ես 20 տարեկան եմ: Մոտ ապագայում պատրաստվում եմ ամուսնանալ: Խնդրում եմ՝ ինձ ասեք՝ ի՞նչ անեմ, որ առաջին սեռական հարաբերությունից չվախենամ, շա՞տ ցավոտ է։
Պատասխան։ Ամենևին չկա որևէ հիմք՝ առաջին սեռական հարաբերությունից վախենալու համար, դա սխալ պատկերացում է և, ցավոք սրտի, լայն տարածում ունի։ Այս կարգի ապատեղեկատվությունը երբեմն իսկապես դառնում է սեքսոլագիական որոշ խնդիրների առաջացման պատճառ և հանգեցնում է տարաբնույթ ամուսնական, սեքսուալ աններդաշնակությունների: Իրարկե, կարևորում եմ նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը, ինչը մեծապես կանխում է հավանական սեքսոլոգիական խնդիրների առաջացումը և նպաստում սեքսոլոգիական տեսանկյունից առավել ներդաշնակ հարաբերությունների հաստատմանը:
Անուն: Մանե
Հարց։ Բարև Ձեզ, հնարավոր է առնանդամի հպումից, եթե խոր ներհրում և սերմնաժայթքում չի եղել, հղիություն լինի։
Պատասխան։ Տեսականորեն հնարավոր է, գործնականում՝ քիչ հավանական: Պետք է ասել, որ նույնիսկ սեռական գրգռման ժամանակ տղամարդու մոտ հնարավոր սերմնաբջիջների պասիվ արտահոսք, ինչը կարող է հղիության պատճառ հանդիսանալ:
Անուն: Ռոբերտ
Հարց։ Բարև Ձեզ, մեկ ամիս առաջ սերմնաբջիջի անալիզ եմ հանձնել, որի արդյունքում պարզ է դարձել, որ առկա է լեյկոցիտների մեծ քանակ, էպիթելերը 18-19 են եղել, շարժը՝ թույլ: Դեղերից հետո լեյկոցիտները դարձել են 7-8, էպիթելերը՝ 5-6, շարժը՝ նորմալ։ Հիմա կինս կարո՞ղ է հղիանալ։
Պատասխան։ Սերմնահեղուկի ֆերտիլության, որակական և քանակական հատկությունները բնութագրող մոտ 30 ցուցանիշ կա, ուստի հնարավոր չէ Ձեր նշած պարամետրերով եզրակացություն քնել: Ամեն դեպքում կարևոր է բժշկի գնահատումը:
Անուն: Անանուն
Հարց։ Հարգելի՛ բժիշկ, ես 17 տարեկան եմ, փոքր հասակից զբաղվում եմ ձեռնաշարժությամբ։ Իմ տարեկից ընկերներից ոմանք արդեն իսկ սեռական կյանքով են ապրում, մնացածն էլ իրենց ընկերների հետ պետինգով են զբաղվում, բայց ես չեմ ցանկանում հիմա սեռական կյանք ունենալ։ Ընկերուհիներս ավելի խորքային ձեռնաշարժություն են անում, անգամ հեշտոցային օրգազմ են ապրում, իսկ ես միշտ ծլիկային օրգազմ եմ ապրել, հեշտոցային անգամ չեմ փորձել։ Արդյո՞ք սա նորմալ է։ Հետագայում խնդիրներ չե՞մ ունենա։ Վախենում եմ՝ հետագայում օրգազմ չունենամ։ Շնորհակալություն։
Պատասխան։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մաստուրբացիոն պրակտիկան կյանքի ընթացքում դիտվում է տղամարդկանց 90, իսկ կանանց 65 տոկոսի մոտ։ Սեքսոլոգիական տեսանկյունից սխալ է համեմատել մաստուրբացիայի ժամանակ տարբեր մարդկանց կիրառած մեթոդները: Ըստ էության, մաստուրբացիաները կտրուկ պակասում են կամ դուրս մղվում, երբ անհատը սկսում է ունենալ կանոնավոր սեռական կյանք: Մաստուրբացիան հետագայում որևէ բացասական հետևանք չի ունենում կնոջ օրգաստիկ ֆունկցիայի վրա:
Անուն: Մարիամ
Հարց։ Հարգելի՛ բժիշկ, խնդրում եմ՝ օգնեք։ Ես 22 տարեկան եմ, ամուսնացած եմ արդեն մեկ ու կես տարի, սակայն հարաբերության ժամանակ համարյա երբեք օրգազմ չեմ ապրում (օրգազմ ունենում եմ միայն ձեռնաշարժությամբ)։ 5 ամիս առաջ հղիացա, սակայն կորցրի բալիկիս 6 շաբաթականում, այժմ դարձյալ հղի եմ և մտավախություն ունեմ, որ նույնը կկրկնվի։ Խնդրում եմ՝ ասեք՝ հնարավո՞ր է՝ դա պատճառ լինի երկրորդ անգամ երեխայիս կորցնելու համար։
Պատասխան։ Իհարկե, ոչ, հեշտոցային օրգազմի բացակայությունը կամ օրգազմի ծլիկային տիպը որևէ առումով կապ չունի հղիության ընթացքի հետ: Պարզապես ամբողջ հղիության ընթացքում պետք է գտնվել մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ, իսկ ծննդաբերությունից հետո արդեն կարող եք այցելել բժշկի՝ կարգավորելու օրգազմի հետ կապված խնդիրները: