Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:
Անուն: Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 3.5 տարեկան է: Ցերեկային ժամերին ինքնուրույն օգտվում է զուգարանից, սակայն գիշերը տակն է միզում: Մենք վաղուց ենք հրաժարվել տակդիրից: Այս վիճակը մոտ 3 ամիս է: Փորձում եմ ուշ ժամերին հնարավորինս քիչ հեղուկ տալ երեխային, բայց՝ ապարդյուն: Կարծում եմ՝ սա նորմալ չէ այդ տարիքի երեխայի համար:
Պատասխան: Բարև Ձեզ։ Կառաջարկեմ գիշերը մեկ անգամ երեխային արթնացնել, որպեսզի նա հոգա իր կարիքները։ Խնդրով ավելի լուրջ զբաղվելու համար խորհուրդ կտամ դիմել մանկական նեֆրոլոգի։
Անուն: Սոֆյա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, երեխաս 3,5 ամսական է: Մեկ ամիս առաջ վիրահատվել է պիլոռոստենոզով, արդեն մեկ շաբաթ կլինի՝ գազիկներ ունի, որի համար տալիս եմ բոբոտիկ, բայց գազիկների պատճառով պամպերսի մեջ շատ թույլ և շատ չնչին քանակությամբ կղանքի հետք է երևում, հետանցքի շուրջ կարմրել է: Ես մտածում եմ՝ կաթնախառնուրդից ալերգիա կլինի:
Պատասխան: Բարև Ձեզ։ Ձեր նշած խնդիրը կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Հետույքի խնամքի համար կարող էք օգտագործել տակդիրի տակ քսելու համար հատկացված հատուկ քսուքներ, լվանալ միայն հոսող ջրով։ Գազիկների համար փորձեք մեկ այլ դեղորայք։ Իսկ ինչ վերաբերում է դիսբակտերիոզին, ապա պրոբիոտիկների ավելացումը կաթնախառնուրդին սխալ չի լինի:
Անուն: Նարինե
Հարց: Բարև Ձեզ, երեխաս 5 ամսական է, մրսել, հիվանդացել էր: Այդ պատճառով էլ բորբոքվել էին միզուղիները: Բժիշկը նշանակեց հակաբորբոքային, որի օգնությամբ այլևս չի ջերմում: Երեխաս բուժումից առաջ նորմալ սնվում էր, բուժումից հետո 3 օր է՝ հրաժարվում է կաթից: Ուտում է «Նուտրիլակ 1»: Կասեք՝ ինչու՞ չի ուտում ու ի՞նչ անեմ:
Պատասխան: Բարև Ձեզ։ Նման դեպքերում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ շփման այս ֆորմատով հնարավոր չէ երեխայի վիճակը ադեկվատ գնահատել և օգնել նրան:
Անուն: Լիանա
Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս 2 ամսական է, փորիկը ցավում է: Ի՞նչ կարելի է անել:
Պատասխան: Բարև Ձեզ։ Եթե երեխայի կեղտը դեղին է և փափուկ, ապա կարող է կոլիկաների պատճառ լինել։ Սա սովորաբար թեթևանում է 3-4 ամսականից հետո։ Վիճակը թեթևացնելու համար գազեր առաջացնող ուտելիքների քանակը քչացրեք Ձեր ռացիոնից։ Սուր շրջանում տաք վաննան, փորիկի մերսումը ժամսլաքի ուղղությամբ բավականին թեթևացնում են վիճակը։ Փորիկի վրա դիրքը նույնպես կարող է օգնել նրան գազերը հեշտ դուրս բերելու հարցում։ Իսկ կեղտի որակական կայուն փոփոխությունը խոսում է մարսողական խնդիրների մասին, որոնք հարկավոր է բուժել։
Անուն: Նինա
Հարց: Բարև Ձեզ, 35 օրական բալիկիս փորիկի և մեջքի վրա բշտիկներ են առաջացել: Դիմել ենք տեղամասային բժշկին, ով էլ նշանակումներ է արել՝ ազիլակ սուսպենդիա, «Նարինե», էոզին, պոլեժեն: Դեղատանը ասացին, որ վերջինս շատ լավ է փոքրիկի համար: Կցանկանայի Ձեր խորհուրդը իմանալ:
Պատասխան: Բարև Ձեզ։ Նման իրավիճակում հարկավոր է տեսնել երեխային, այլապես օգնել չեմ կարող:
Անուն: Սոֆյա
Հարց: Բարև Ձեզ, երեխաս 4,5 ամսական է, գիշերները սկսել է չքնել: Եթե առաջ երկու անգամ էր արթնանում, հիմա կես ժամը մեկ արթնանում է և մենակ կաթ ուտելուց հետո է հանգստանում և քնում, ընդ որում՝ արհեստական կաթ: Ի՞նչ անեմ, որ ավելի շատ քնի:
Պատասխան: Բարև Ձեզ։ Քանի որ ուտելու պահանջից բացի այլ բան չնշեցիք, կարող եմ ենթադրել, որ երեխան ուզում է ուտել ավելի շատ, քան Դուք նրան առաջարկում եք: