«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Աննա
Հարց: Տղաս 3.6 տարեկան է, շատ խելացի է, հանգիստ ժամանակ մեծի նման է իրեն պահում, խաղացնում է 2,3 տարեկան քրոջը, անընդհատ ինձ գրկում է, պաչիկ անում, բայց հենց սկսում է ագրեսիվ դառնալ, վատ բառեր է ասում, խփում է ինչով պատահի: Չգիտեմ՝ ինչ անել:
Պատասխան: 3,6 տարեկան երեխան ինքնաբուխ և իմպուլսիվ վարք ունի: Երեխան այս տարիքում շատ հուզական և զգայուն է: Հնարավոր է` ինչ-որ պահի, երբ իրեն ինչ-որ բան հուզում է, նա չկարողանա կառավարել իր վարքն ու զգացմունքները: Անկախ ամենից՝ երեխան իր վատ վարքի համար հետո իրեն մեղավոր է զգում: Ավելի խելամիտ կլինի, որ ծնողները փորձեն օգնել երեխային հնարավորինս խուսափել իրավիճակներից, որոնցում երեխան նման վարք է դրսևորում: Հնարավորինս պետք է սահմանափակել նրա համար զգայուն և սթրեսային իավիճակներում հայտնվելու հնարավորությունը:
Ավելի հեշտ է կանխարգելել, քան հաղթահարել արդեն ի հայտ եկած խնդիրը: Բայց որոշ դեպքերում նման վարքը կարելի է նաև համարել բնական և նորմալ՝ այն դեպքերում, երբ երեխան իրեն է պաշտպանում, երբ երեխային ինչ-որ բան են ստիպում, երբ վախեցնում են, երբ բարկանում են նրա վրա, երբ նեղացնում են և այլն:
Անուն: Մերի
Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ՝ օգնեք ինձ հասկանալ իմ վիճակը: Իմ ներսում տագնապի նման մի բան կա, ամուսնանալուց հետո ես շատ եմ փոխվել ու շատ ուշ եմ համակերպվել իմ կարգավիճակի հետ: Սկզբում շատ էի նեղվում, հուզվում, հետո, երբ հազիվ սկսել էի հարմարվել կարգավիճակիս, մեկ այլ խնդրի բախվեցի: Ամուսնուս մայրը այնպիսի բաներ է անում, որ նյարդայնանում եմ, բայց լռում եմ, որովհետև գիտեմ՝ ցանկացած իրավիճակում սխալ եմ լինելու: Ամեն ինչ իմ մեջ եմ պահում: Ոչ ոք չկա, որ պատմեմ, հանդարտվի ներսս, շատ անգամ չեմ դիմանում ու հուզվում եմ: Նախկինում ամուսնուս շատ բաներ պատմում էի, հիմա ինքն էլ չի հասկանում ինձ: Իրեն ոչինչ չեմ ասում, որ չվիճենք: Չգիտեմ՝ ինչ անեմ: Մեկ-մեկ մտածում եմ՝ ես եմ բարդացնում ամեն ինչ: Օգնեք ինձ: Գուցե իրոք ես եմ սխալ:
Պատասխան: Մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչպիսի օգնություն եք ակնկալում նամակագրության միջոցով, որովհետև հարցը շատ կնճռոտ է և բազմաշերտ: Առաջին հերթին խնդիրն այն է, որ մենք ցանկացած մեծ փոփոխություն մեր կյանքում շատ դժվար ենք ընդունում, և դա նկատվում է մեր տրամադրության և արձագանքների մեջ: Հաջորդն արդեն այն փոխհարաբերություններն են, որոնք ստեղծվել են Ձեր նոր ընտանիքում: Դրանք, ըստ երևույթին, հարթ չեն, և Դուք լուռ կոնֆլիկտային իրավիճակում եք ապրում, ինչը չի կարող չանդրադառնալ Ձեր հոգեվիճակի վրա: Հաջորդ խնդիրն արդեն ամուսնու հետ հարաբերություններն են, որոնք ինչ-որ իմաստով չեն արդարացրել Ձեր սպասելիքները, մյուս իմաստով էլ բավարարող չեն, որովհետև բավարար աջակցություն և հասկացվածություն չեք ստանում դրանցում: Մի խոսքով՝ բավական շատ են բացասական գործոնները, և տագնապը, որը զգում եք, լրիվ բնական է:
Չի կարող քննարկվել այն հարցը՝ Դուք եք ճիշտ, թե մեկ ուրիշը: Այստեղ ճիշտ ու սխալ լինել չի կարող: Դուք կարիք ունեք հոգեբանական աջակցության, քանի որ առաջին հերթին Դուք եք ապրում այլ մարդկանց ընտանիքում և ստիպված եք հարմարվել նոր պայմաններին ու նոր միջավայրին:
Անհրաժեշտ է մասնագետի հետ առերես աշխատել, դա այս իրավիճակում շատ արդյունավետ և գրագետ կլինի:
Անուն: Սաթինե
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 8,5 ամսական է: Ինքնուրույն չի նստում, չի սողում, ծափ-ծափիկ չի անում, բառեր չի ասում, կրկնօրինակում է միայն հայրիկի որոշակի շարժումներն ու միմիկաները, շատ նյարդային է: Խնդրում եմ՝ ասեք՝ անհանգստանալու կարիք կա՞: Նշեմ, որ շատ է սիրում քայլել (թևատակերից բռնած): Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Դուք ճիշտ եք՝ եթե երեխան 8-9 ամսականում ինքնուրույն չի նստում, ապա պետք է անհանգստանալ: Բայց բառեր ասելու համար դեռ շուտ է, անհանգստանալու կարիք չկա: Կարծում եմ՝ կարող եք զարգացման մանկաբույժին այցելել:
Անուն: Մարինե
Պատասխան: Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ինձ օգնեք, քանի որ այս լուրջ խնդրի պատճառով ընտանիքս փլուզման եզրին է:
Արդեն 4 ամիս է՝ ամուսնացած ենք ու դեռ սեռական հարաբերություն չենք ունեցել: Մինչև ամուսնությունը ինձ մոտ սեռական հարաբերության հանդեպ վախ չի եղել, հիմա ես ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթահարել վախս: Ես չունեմ ցանկություն, դա ինձ համար տանջալի մի բան է թվում: Ես ամուսնուս սիրում եմ, բայց երբ նա մոտենում է, փորձում մի փոքր ներհրել, ես միանգամից հրում եմ նրան, թույլ չեմ տալիս, քանի որ վախենում եմ: Դիմել եմ գինեկոլոգի, ով ասաց, որ ինձ մոտ ոչ մի խնդիր չկա, հիմա խնդրում եմ՝ ասեք՝ գուցե ինչ-որ քսուքներ կամ դեղահաբեր կան, որոնք կարող են մեղմացնել ցավը, որպեսզի վերջապես մենք ապրենք նորմալ սեռական կյանքով և լիարժեք զույգ դառնանք: Կանխավ շնորհակալ եմ: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին:
Պատասխան: Չեմ կարծում, որ այս հարցը նամակագրությամբ լուծելի հարց է: Կարիք կա հանդիպելու և՛ հոգեբանի, և՛ սեքսոպաթոլոգի հետ: Բայց եթե նման հնարավորություն չունեք, ապա ամեն դեպքում օգտագործեք խոնավացնող քսուքներ, որոնք ամեն դեպքում կհեշտացնեն ներհրումներն ու կմեղմացնեն ցանկացած անհարմարություն կամ ցավ: Առհասարակ, բնական սեռական հարաբերության դեպքում որևէ տեսակի ցավ չպիտի լինի: Այդ վախը հիմնվում է տարբեր առասպելական և սխալ պատկերացումների վրա: Ինչպես նաև վախը կարող է պայմանավորված լինել մի շարք հոգեբանական բարդույթներով և խնդիրներով: Դրանց բացահայտման և ավելի գրագետ խորհդատվություն ստանալու համար ճիշտ է դիմել հոգեբանի: