«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Մարիամ
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 2 տարեկան է: Ես և նա շատ կապված էինք իրար հետ, միշտ միասին էինք. եթե մի րոպե չտեսներ ինձ, սկսում էր փնտրել: Բայց հիմա երբեմն կանչում եմ, և նա չի գալիս: Ես չեմ կարողանում նրա հետ երկար զբաղվել, քանի որ ծնվել է երկրորդ բալիկս: Խնդրում եմ, օգնեք վերադարձնել աղջկաս սերը:
Պատասխան
Երկրորդ բալիկի ծնունդն ազդում է առաջնեկի ու մոր կապի վրա: Երեխան մի պահ կորցնում է վստահությունը մոր հանդեպ, նրան թվում է՝ արդեն իրեն փոխարինող կա, և մայրն իր կարիքը չունի այնքան, որքան նախկինում:
Իհարկե, բալիկը սխալվում է, բայց դա այդ պահի իր մանկական ընկալումն է: Երբեմն առաջնեկները վիրավորվում են ծնողներից՝ երկրորդ բալիկի նկատմամբ ավելի ուշադիր լինելու, նրան շատ ժամանակ տրամադրելու համար, և կարծես իրենց վատ վարքով սկսում են վրեժ լուծել:
Որոշ դեպքերում մեծերն առաջնեկին պատժում են փոքրիկին վատ վերաբերվելու համար և այլն: Այդ բոլորը բացասաբար են ազդում առաջնեկ- ծնող հարաբերությունների, ինչպես նաև երեխայի հոգեվիճակի վրա:
Իրավիճակը շտկելու համար պետք է հաշվի առնել առաջնեկի համար առաջացած դժվարությունները, օգնել նրան հաղթահարել այս շրջանը: Եթե նրան առաջվա պես շատ ժամանակ հատկացնել չի լինում, ապա քիչ ժամանակ անցկացրեք, բայց որակով: Ամենալավ տարբերակը շաբաթական մեկ օր առանձնացնելն ու առաջնեկին նվիրելն է: Այդ օրը նորածնին մի քանի ժամով կխնամեն տատիկն ու պապիկը:
Փորձեք վերականգնել նախկին կապն ու հարաբերությունները: Ինչպես նաև, տրամադրեք երեխային այն ժամանակն ու ուշադրությունը, որի կարիքը նա ունի: Եթե հնարավոր չի երկուսով, ապա ծնողներից մեկը պետք է ժամանակ հատկացնի երեխային՝ շաբաթական մեկ օր հետաքրքիր զբաղմունք ստեղծելով: Չմոռանաք գլխավոր կանոնը. առաջնեկը պետք է լինի մենակ ձեզ հետ, առանց փոքրիկի:
Նառա
Հարց: Հարգելի՛ հոգեբան, ես 25 տարեկան եմ, ունեմ երկու բալիկ: Խնդիրը հետևյալն է. ես ֆոբիա ունեմ տանը մենակ մնալուց: Ինձ թվում է, թե պատուհանից նայում են: Չգիտեմ՝ ինչ անեմ, խնդրում եմ, օգնեք:
Պատասխան
Հարգելի՛ Նարինե, ֆոբիաները հոգեբանական աշխատանքի միջոցով հաղթահարվող ամենահեշտ խնդիրներն են: Ավելի ճիշտ կլինի, որ դիմեք մասնագետի և մի քանի սեանս անցնեք: Հավատացեք, դրա համար շատ ժամանակ և ֆինանս չի պահանջվի: Բայց արդյունքում Ձեր կյանքի որակը կտրուկ կփոխվի:
Լուսինե
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս շուտով 5 տարեկան կլինի: Մոտ 1 տարի է՝ նկատում եմ, որ սեռական օրգանն անընդհատ կպցնում է գետնին, այսինքն՝ պառկում է գետնին և հպվում հատակին։ Ես փորձում եմ զրուցել նրա հետ, հարցեր եմ տալիս, չեմ բարկանում վրան, այլ ցանկանում եմ շեղել: Բայց շատ եմ անհանգստանում, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անեմ, կամ ո՞ւմ դիմեմ: Օգնեք գտնել ճիշտ ուղին:
Պատասխան
Հնարավոր է, որ նրա մոտ մանկական օնանիզմ է դրսևորվում: Այն կարող է առաջ գալ տագնապայնության, երկար ժամանակ առանց հետաքրքրության և զբաղմունքի մնալու հետևանքով:
Տագնապայնությունը բարձրանում է ծնողների խստապահանջության, հակասական պահանջների, ավելորդ ուշադրության, անհարկի մեղադրանքների և երբեմն նաև երեխայի վրա չափազանց կենտրոնացած լինելու հետևանքով: Եթե նշածս գործոններից որևէ մեկը կգտնեք ձեր մեջ և կկարողանաք ինչ- որ բան փոխել, ապա երևույթը կդադարի , իսկ եթե ոչ՝ դիմեք մանկական հոգեբանի և լուծեք խնդիրը:
Անի
Հարց: Բարև Ձեզ: Հարգելի՛ մասնագետ, ես միայնակ մայր եմ, տղաս դեռ 3 ամսական է: Հարցս հետևյալն է ` ինչպե՞ս ճիշտ բացատրեմ տղայիս հոր բացակայության պատճառը: Նշեմ, որ բաԺանվելուց հետո հայրը երեխային չի այցելում:
Պատասխան
Շատ ճիշտ կլինի գոնե մեկ անգամ այցելել մասնագետի, որովհետև այս իրավիճակը բազմաթիվ հարցեր ու ներքին մտավախություններ է առաջացնում, որոնք բնական են: Բոլոր մտավախությունները խաղաղեցնելն ու պարզեցնելը պարզապես կթեթևացնի ձեր կյանքը:
Իսկ երեխային որևէ բան պատմելիս պետք է ասել ճիշտը, առանց ավելորդ տրագիկ երանգավորումների: Ընտանիքները տարբեր են լինում՝ մեկում մայր ու որդի են, մյուսում տատիկ ու թոռնիկ, երրորդում էլ մայր, հայր և 3 երեխա. դուք պիտի երեխային ցույց տաք, որ դրանք բոլորն ընտանիքի տեսակներ են, և ձեր ընտանիքն էլ այդպիսին է: Հոր մասին ճշմարտությունն է պետք ասել՝ հնարավորինս դրական դիրքորոշումներ տալով երեխային:
Լանա
Հարց: Երկվորյակներս 3,1 տարեկան են: Արդեն 4 ամիս է, ինչ գնում են մանկապարտեզ, բայց մեր ամեն օրն սկսվում է մի նոր կապրիզով: Մանկապարտեզում շատ պասիվ են (գիտեն բոլոր բանաստեղծությունները, բայց երբեք չեն ասում այնտեղ), իսկ տանը՝ շատ ակտիվ: Երկուսով հաճույքով խաղում են, շատ կապված են ինձ ու տատիկին : Ես ուզում էի, որ նրանք շփվեն իրենց հասակակիցների հետ, բացվեն (Նշեմ , որ ես աշխատում եմ, և հիմնականում տատիկն է նրանց մանկապարտեզ տանում-բերում): Ճի՞շտ է արդյոք ամեն անգամ նրանց համոզելով մանկապարտեզ տանելը ( նրանց վերաբերմունքը դեպի դաստիարակ, դայակ դրական է): Չգիտեմ՝ ինչպես վարվեմ:
Պատասխան
Ինձ համար մի քիչ պարզ չէր՝ պասիվություն ասելով դուք ինչ նկատի ունեիք: Բացի այդ, կուզեի իմանալ երեխաների զարգացման մասին որոշ մանրամասներ: Եթե երեխաները պարտեզում չեն շփվում, իսկ տանը ակտիվ են, ապա դրա համար պատճառ պիտի լինի: Այս դեպքում որն է պատճառը՝ դժվար է ասել: Եթե երեխաների վարքը, հուզական դրսևորումները, շփումը, ախորժակը, քունը չեն փոխվում դեպի վատը, եթե երեխաներն այնտեղ իրենց վատ չեն զգում, այսինքն՝ գնալուց հետո կարճ ժամանակում հանգստանում են, ապա կարելի է փորձել շարունակել: Բայց եթե նշածս բացասական փոփոխությունները կան, կամ երեխաները սաստիկ լաց են լինում ամբողջ օրվա ընթացքում և չեն մոռանում պարտեզի մասին, խնդրում են չտանել, այդ դեպքում պետք է մի քիչ լուրջ մտածել և մանկական հոգեբանի դիմել՝ իրավիճակն ավելի պարզ հասկանալու համար:
Նարինե
Հարց: Բարև Ձեզ: Ես 38 տարեկան եմ, ունեմ մեկ տղա, որը մեկ ամսից կդառնա չորս տարեկան: Մենք հիմա ապրում ենք մայրիկիս տանը, տղայիս հորից հեռու, բայց նրանք ամեն օր հեռախոսով շփվում են: Բալիկս չի լսել խոսակցություններ, որտեղ ես և հայրը վիճելի թեմաների ենք քննարկում: Նա գիտի, որ իր մայրն ու հայրն իրար սիրում են: Մեր տանը տղայիս շատ ենք ասում փաղաքշական բառեր ( գանձս, սիրտս, հոգիս, երջանկությունս և այլն) և նույն բառերով ինքն է մեզ դիմում ( ինձ և մայրիկիս): Երեկ հաց ուտելիս հյութը թափվեց երեխայի շորի վրա, ասացի գնա, դարակիցդ ուրիշ շոր բեր: Երբ անդրավարտիքը հանեց, հիշեց, որ իրենց խմբի Հենրիկի պուպուլն էր տեսել, ես հարցրի՝ ինչի էր բացել, ասաց, որ շլորակները ուտեի (էդպես շատ հաճախ մայրս է իրեն ասում), ես ինձ կորցրի ու խփեցի: Հետո նորից հարցրի` որտեղ էիք , ասաց զուգարանում չիշիկ էր անում: Ու երևի ինձնից վախենալով՝ ասաց, որ չի ասել էդպիսի բան:
Հարգելի՛ հոգեբան, գիտեմ, որ ծեծելը չի խրախուսվում, ինքն էլ էությամբ շատ հանգիստ է, խեղճ, չգիտեմ՝ ինչպե՞ս դուրս գամ այս իրավիճակից: Արդյո՞ք պետք է հորն այս մասին ասել, եթե այո՝ պե՞տք է, որ նա երեխայի հետ խոսի այդ մասին:
Պատասխան
Սա այն դեպքն է, երբ ես համոզվում եմ, որ մեծերը չպետք է երեխաների սեռական օրգանների հետ կապված նման բաներ ասեն: Այսինքն՝ Ձեր մայրը երեխային ասում է այնպիսի բառեր, որոնք երեխայի համար դառնում են սովորական, և նա նորմալ է համարում, որ մեկ այլ մարդ կարող է իրեն նման բան ասել ու անգամ կարելի է այդ ասածն անել: Հիմա ավելի լավ է բարկանաք մեծահասկաների վրա, ովքեր նման բաներ են խոսում ու ասում, քան երեխայի, ով չի հասկանում, թե դա ինչ է նշանակում: Նախադպրոցական տարիքում նորմալ է, որ երեխաներն իրար ուսումնասիրեն: Բայց այս դեպքում ավելի լավ է, որ դաստիարակին խնդրեք՝ երեխաներին միասին զուգարան չթողնեն և հետևեն: Ձեր բալիկին վախեցնող բաներ մի՛ ասեք ու մի՛ արեք: Զսպեք և փորձեք տիրապետել Ձեզ. նման վարքով կարող եք երեխային լրջորեն վնասել: Երեխային պետք է բացատրել, որ որևէ մեկի սեռական օրգաններին ձեռք տալ, դրանց հետ շփվել չի կարելի, և ուրիշը ևս չի կարող դիպչել իր սեռական օրգաններին ու նման բաներ ասել: Եթե նման բան լինի, ինքը պիտի անպայման Ձեզ կամ որևէ մեծահասակի ասի: Նաև դուք պիտի ձեր բալիկին համոզեք, որ ինքը ոչ մի վատ բան չի արել և վախենալու պատճառ չունի: Խորհուրդ եմ տալիս նաև մեկ անգամ խորհրդակցել մանկական հոգեբանի հետ, քանի որ դուք ինքներդ հիմա գտնվում եք վախեցած և մոլորված վիճակում:
Հայրիկին ասել, երեխային պատժել, բարկանալ, վախեցնել և նման բաներ անել չի կարելի: Դուք դրանով երեխային պարզապես կենտրոնացնում եք այդ գործողությունների վրա: